Հուլիսի 13-ի երկուշաբթին ծանր օր էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, այնքան ծանր, որ նա որոշեց հրավիրել կառավարության ընդլայնված նիստ, երկար ելույթ ունենալ ու սիրտը թեթևացնել: Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արևմուտքն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան Ադրբեջանը՝ Արևմուտքի: Ավելին՝ Արևմուտքի «կեղտոտ արշավն» Ադրբեջանի դեմ թափ է հավաքում հատկապես կարևոր միջազգային միջոցառումների նախաշեմին: Նրա համոզմամբ՝ Եվրոպայում գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, ցեղապաշտությունը, իսլամատյացությունը, այլատյացությունը, հակասեմականությունը, իսկ Ադրբեջանի իշխանություններին քննադատող արևմտյան քաղաքական գործիչները, կոնգրեսականները երկերեսանի են և իսլամատյաց, ովքեր իրենց կյանքը դասավորել են հայկական փողերով:
Նրան հատկապես ցավ էր պատճառել, որ Բաքվում Եվրոպական խաղեր էին, իսկ Արևմուտքը Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ էր մղում: Բոլոր ճակատներում հաղթեց Ադրբեջանը: «Որևէ արտաքին ուժ ի զորու չէ ազդել մեր կամքի վրա», - ասաց Իլհամ Ալիևը: Ինչպես ապրիլին՝ Էրդողանին, հունիսին Ալիևին հունից հանել էր Գերմանիայի Բունդեստագը: Եվրոպական խաղերի բացման օրը գերմանացի պատգամավորները իրենց կառավարությանը կոչ էին արել Ադրբեջանից պահանջել անմիջապես և առանց նախապայմանների բանտերից ազատել քաղբանտարկյալներին, համացանցի ակտիվիստների համար մամուլի ազատության երաշխիքներ տալ: «Ի՞նչ գործ ունի Բունդեստագը մեզ հետ: Ո՞ւմ տեղն են դրել իրենց, ինչ է, իրենք աշխարհի տիրակալներն են, մենք էլ պետք է ենթարկվե՞նք իրենց: Մենք ոչինչ չենք ուզում, իրենք են մեզնից ուզում՝ գազ, պայմանագրեր, նավթ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Գերմանիայից բացի բաժին էր հասել ԵԽԽՎ-ին ու բոլոր մնացածներին: Ալիևը չէր բացառել, որ Ադրբեջանը կարող է դադարեցնել անդամակցությունը ԵԽԽՎ-ին:
Մայիսին Ռիգայում Ադրբեջանը չստորագրեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը՝ փոխարենը Ֆեդերիկա Մոգերինիին փոխանցելով ԵՄ-Ադրբեջան հատուկ գործընկերության առաջարկների փաթեթ: Մի քանի ամիս առաջ Մյունխենի էներգետիկ գագաթաժողովուն ևս մի փաթեթ հանձնվեց, որով Ադրբեջանը միայնակ հանձն էր առնում ամբողջ Եվրոպան ապահովել գազով, եթե ԵՄ-ն 45 միլիարդ եվրոյի ներդրում անի:
Չէ, իհարկե, Ադրբեջանի նախագահը որքան ուզում է՝ կարող է զայրանալ ու հայտարարություններ անել արևմտյան կողմն աշխարհի, քննադատել ու հռետորական հարցեր տալ: Դա հին կովկասյան ավանդույթ է և մեզ բնավ չի վերաբերվում, այլ հարց է, թե ինչ է հետևելու Իլհամ Ալիևի հանկարծահաս եվրասկեպտիկությանը: Ինչպես ամբողջ հետխորհրդային եվրասիականացող էլիտան, Ալիևը ևս ներկա էր Ուֆայում: Միայն վիրավորա՞նքն է Եվրոպայից նրան թելադրում նման ելույթներ ունենալ, թե՞ Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանը, փոխում է արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ասիա, ավելի ճիշտ՝ Եվրասիա: Խնդիրը մարդու իրավունքների ոտնահարումն ու հակաժողովրդավարական ընթացքի քննադատությունը չէ: Ավելի որաշակի տեղաշարժ է եղել՝ Ադրբեջանի նախագահը հասկացել է, որ Արևմուտքը բնավ չի պատրաստվում իրեն հանձնել Ղարաբաղը: Հույսը նորից մնում է Ռուսաստանը: Եվ՝ ոչ միայն. կառավարության ընդլայնված նիստում նաև պարզ ասաց, որ Ադրբեջանին դեմ են իսլամին դեմ քաղաքական գործիչները: Նա փորձում է հարմար տեղավորվել իսլամական աշխարհի հովանու տակ, որ ավելի վտանգավոր է՝ Ալիևն ուզում է իսլամական ահաբեկչական խմբավորումների աջակցությունը ստանալ իբրև Արևմուտքից նույնքան ու նույնպես անիրավված երկիր, իսկ հաջորդ քայլը կարող է դառնալ ԻՊ-ի ուշադրությունը Ղարաբաղի վրա հրավիրելը:
Գուցե ա՞յդ պատճառով ՌԴ-ն վարկ տվեց Հայաստանին՝ ժամանակակից զինատեսակներ գնելու համար: Գուցե ա՞յդ պատճառով է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հիշեցրել, որ կողմերը պիտի վերահաստատեն առաջընթացի հասնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը, զերծ մնան իրավիճակը սրելուց՝ միջադեպերից խուսափելը վճռական հարց է: Իսկ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստի»-ին հարցազրույց է տվել ու ասել՝ «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ»։ Գործնականում Ուորլիքը չի ասել նոր ոչինչ, որ հայտնի չէր որևէ մեկին, Մադրիդյան սկզբունքները նաև դա են նշանակում, իսկ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ամիսը մեկ ասում է, որ բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Բայց ինչու՞ է Ուորլիքը հիմա դա ասում՝ ի՞նչ է նրա հիշեցման հիմքում: Կապ կա՞ Ալիևի Արևմուտքից հրաժարականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մոսկվայում հանդիպման ու նորից տարածաշրջան գալու հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արևմուտքի հետ ստեպ-ստեպ փոխադարձ, իսկ հիմա անփոխադարձ սիրո Ադրբեջանի դաժան կյանքը ձեռնտու չէ Հայաստանին: Արևմուտքից հեռացող Բաքուն հայացքն ուղղելու է միայն Կրեմլին ու փորձելու է Մոսկվայից ստանալ՝ ինչ մերժեցին Բրյուսելն ու Վաշինգտոնը: ԵԱՏՄ-ն Ադրբեջանին հարյուր տարի պետք չէ, ինչպես պետք չէր Հայաստանին, մենք քաղաքական հողի վրա հայտնվեցինք այդ կառույցում, նույն հողի վրա փորձեր է ուզում սկսել Բաքուն: Նա այլևս շատ փոքր հենման կետ ունի, որտեղ Ռուսաստանն է, իսկ Պուտինը սկսել է շաբաթը մեկ հեռախոսել Օբամայի հետ: Ու՝ ի՞նչ: