Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր տիկը հին գինով չի լցվի

Նոր տիկը հին գինով չի լցվի
28.07.2015 | 01:35

Պատշաճը պետք է մատուցել Սերժ Սարգսյանին` մինչ այս պահն արած խիստ ոսկերչական հաշվարկի համար.
ա) Սահմանադրական փոփոխությունների առաջին «պրակը» հրապարակվել է ամռան տապին, երբ մարդկային-հասարակական, էլ չենք ասում քաղաքական էներգետիկան գրեթե զրոյական է և որևէ կերպ չի կարող բրգանալ` հանուն որևէ գաղափարի: Էլ չենք ասում հակառակի մասին, երբ ամեն «բրգացում» ավարտվում է անհաջողությամբ՝ է՛լ ավելի զրոյանալով:
բ) Փոփոխությունների առաջին «պրակը» հրապարակվել է հասարակությանը մի լավ էներգաթափ անելուց հետո: Այո, խոսքը էլեկտրաէներգիայի սակագնի միտինգներով քաղաքական-քաղաքացիական դաշտի ներուժի «ապրոբացիայի» մասին է, ուր հաշվառվեցին բոլոր կարգի ռիսկերը, «գույքագրվեցին» հնարավոր զարգացումները, հասկանալու` սահմանադրականի առիթով աշնանն ինչեր կարող են սպասվել: Հասկանալի է, որ սեպտեմբերին տեղի կունենան բրգացումներ, կստեղծվեն ալյանսներ, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է, կակտիվանա «սուփրի վրայից» բան ուզողների պայքարը:
Ի դեպ, առաջ ընկնելով իրադարձություններից, թույլ տանք մեզ «քաղաքում չսիրվել- մարգարեանալով» ասել` անշուշտ, ալյանսներ կստեղծվեն, բրգացումներ կլինեն, փողոցներ կփակվեն, «հայդաբուդուրներ» կլինեն, սակայն հայաստանյան ներքին կյանքում ոչի՜նչ չի փոխվի, քանզի այն դրված է այնպիսի հաճախականության վրա, որ սպասել որևէ անակնկալ այդ «ալյանսումներից» անիմաստ է, եթե չասենք` անհեթեթ: Իսկ հույս դնել, թե ղարաբաղյան հարցի, արտաքին զարգացումների վրա դրանք որևէ ազդեցություն կունենան, նույնքան անհեթեթ է հենց միայն այն պատճառով, որ հաշվողը դա ևս հաստատապես հաշվարկել, նոր է փոփոխությունները գործի դրել:
Ընդ որում՝
գ) սահմանադրական բարեփոխումների քարտեզը կառուցված է այնքան գրագետ, որ դրանց դեմ բողոքի հզոր ալիքի դեպքում կմիացվի «նահանջ-հարահոս», որպես նույնական «հաղթողական»-հաշվարկ:
դ) Հաշվարկը նրբագեղ է հյուսված նաև սեփական թիմի «տարածքներում»: «Թիմը», առավել ստույգ` նրա «ագրեսիվ մարտնչող» մասը, ինչպես նաև ոչ թիմակիցները, չգիտեն` ինչ կա Սերժ Սարգսյանի «գլխում», և որ դեպքում նա ինչ կանի, ում վրա խաղի «ստավկաներ» կդնի, որ պահին «սև» խաղացողին կդարձնի «սպիտակ» և հակառակը:
Ի դեպ, հանրաքվեի շտաբի պետի ընտրությունը նույնպես շատ հետաքրքիր կարող է լինել: Հովիկ Աբրահամյանի դեպքում ուղղակիորեն «սևանում» է փոփոխությունների հետ կապված ցանկացած լավատեսություն, քանզի հայտնի է` նա ինչին դիպչում` «ի պատկեր յուրում է դարձնում»: Եվ ընդհանրապես, հայտնի է` ինչ հեղինակություն ունի նա ընդհանրապես, ընտրական գործընթացների հետ կապված` մասնավորապես: Իսկ եթե շատ անկեղծ, ապա նրա՝ շտաբի պետ դառնալու հանգամանքով ստվերվում է ողջ գործընթացը, դառնում հակասահմանադրական: Եվ հետո` տնտեսությունը հիմնարար ձևով տապալած, սեփական զավակ-«փեսաներին» տարբեր պաշտոններում «տեղավորած» անձի «հայտնությունը» նոր «ձեռնադրվելիք» սահմանադրական փոփոխությունների գլխին ուղղակի աղավաղում է ամեն բան` որևէ հուսատեղ չթողնելով ապագա տրանսֆորմացիաների, նորմալ գործընթացների, նոր Սահմանադրությամբ` խաղի նոր կանոնների ամրագրման առնչությամբ, քանզի հայտնի է` նոր տիկը հին գինով չի լցվում:
Կարծել, որ հանրաքվեի շտաբի պետ կնշանակվի կազմակերպչական աշխատանքի մաստեր-կլաս տված (Ցեղասպանության 100-րդ տարելիցի, նախագահականի գործընթացների) երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, ազդանշանելով, որ նոր էջից ու պարբերությունից է սկսվում հայոց մեջ կառավարման նոր գործընթացը, որպես տրանսֆորմացիոն սպասումների առհավատչյա… փոքր-ինչ դժվար է հավատալը, քանզի «հին տիկավորները» իշխանության հոտից ահավոր շատ են «հարբած»:
Իսկ «հարբած» մարդկանցից ամեն ինչ սպասելի է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ