Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղական նշանակության սենսացիաներ

Տեղական նշանակության սենսացիաներ
03.09.2015 | 10:30

Սեպտեմբերի մեկին Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենը ինքն իրեն տեղակալ էր նշանակել, սեպտեմբերի երկուսին փոխտնօրենին աշխատանքից ազատեց ՀՀ կրթության և գիտության նախարարը: Տարօրինակ տեղեկատվություն է, չէ՞: Ի՞նչ գործ ունի նախարարը մարզի դպրոցի փոխտնօրենի նշանակման ու ազատման հետ: Բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ փաստին հավելում ենք անունները: Ասենք՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի իմացությամբ, փոխտնօրեն է նշանակել նրա օգնական, քրեական գործերում հաճախակի հիշատակվող Զարզանդ Նիկողոսյանին, իսկ կրթության և գիտության նախարարը դպրոցը զերծ է պահել «զարզանդացումից»: Մարինե Դավթյանը «Ազատությանը» հայտնել էր, թե Նիկողոսյանին ինքն է նշանակել՝ «ելնելով դպրոցի աշակերտների, կոլեկտիվի ու ծնողների շահերից»: «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»,- ասել էր նա՝ հավատացնելով, որ Սյունիքի մարզպետը տեղյակ էլ չի եղել։ Բնական է, որ Մարինե Դավթյանը հայտնվել է երկու քարի արանքում՝ նա ոչ կարող էր մերժել մարզպետին, ոչ հրապարակավ ընդունել նրա հրամանի կատարումը:
Իսկ Զարզանդ Նիկողոսյանի ինչի՞ն էր պետք դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, արդեն չի՞ բավարարում մարզպետի «մարդու» կարգավիճակը: Աշխատավա՞րձն էր բարձրանում, թե՞ գործունեության դաշտը: Բայց ստացվեց իսկապես անակնկալ: Փաստացի՝ Սյունիքի մարզպետն այլևս ինքն իր մարզում նույնիսկ դպրոցի փոխտնօրեն չի կարողանում նշանակել: Սա իսկապես նորություն է: Տհաճ նորություն Սուրիկ Խաչատրյանի համար:
Նախապես տեղյակ էր, թե տեղյակ չէր կրթության և գիտության նախարարը նշանակման մասին, նա բեկանել է դպրոցի տնօրենի որոշումը: «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը: Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- գրել է Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում: Բարձրացած աղմուկից հետո սա նաև դեմքը փրկելու որոշում է, որ, իհարկե, չի նվազեցնում որոշման կարևորությունն ու նշանակությունը:
Իսկ ի՞նչ է անելու հիմա դպրոցի տնօրենը՝ զրկվելով երկու կարմիր դիպլոմ ունեցող ու աշակերտների սերն ու համակրանքը վայելող փոխտնօրենից: Կշարունակի՞ պաշտոնավարել տեղական նշանակության մեծ սկանդալի ակամա հեղինակ դարձած Մարինե Դավթյանը: Սա երկրորդ հարցն է, որի լուծումը նույնպես կարող է Արմեն Աշոտյանը տալ, թեպետ նախարարի օրակարգում հազիվ թե Սյունիքի դպրոցների տնօրենների նշանակման-ազատման հարցը դրվի: Համենայն դեպս՝ ի՞նչ չես անի սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում, երբ պետք է, օդ ու ջրի պես պետք է վերականգնել հավատն ու վստահությունը իշխանության նկատմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Արմեն Աշոտյանը լիներ ՀՀ վարչապետ, քրեական քրոնիկոնի հերթական դրվագում հայտնվելուց հետո աշխատանքից կազատե՞ր Սյունիքի մարզպետին՝ նախապես հարցը նախագահականում քննարկելուց հետո:

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ