Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ տարբերություն «Ինտեր ՌԱՕ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» միջև

Ի՞նչ տարբերություն «Ինտեր ՌԱՕ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» միջև
18.09.2015 | 10:07

ՀՀ կառավարությունը շարունակում է անակնկալներ մատուցել հասարակությանը՝ հոդաբաշխ որևէ բացատրության փոխարեն: Երեկ կառավարության նիստում որոշում է ընդունվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժանետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մասին: Էներգետիկայի ու բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին հանձնարարվել է եռօրյա ժամկետում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը ու ներկայացնել եզրակացություն։ Հայաստանի կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը՝ հավանություն ստանալու Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար:

Երեք, արդեն՝ երկու օրից նախարարները կներկայացնեն եզրակացություն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» հենց այն ընկերությունն է, որին պետք է ՀԷՑ-ը վաճառել: Իրենց համատեղ եզրակացության մեջ ինչ էլ նախարարները գրեն, հրապարակային պատասխան պիտի տրվի առնվազն 10 հարցի:


1. Եթե դեռ չի ավարտվել ՀԷՑ-աուդիտը, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է կատարվելու վաճառքը:
2. Աուդիտի տվյալները այլևս արդիական չե՞ն, նոր սեփականատերը տեղյա՞կ է ՀԷՑ-ի ֆինանսական, ֆիզիկական, իրավական վիճակին և համաձա՞յն է այդ պայմաններով գնել:
3. Եթե «Ինտեր ՌԱՕ»-ն մտադիր էր ՀԷՑ-ը վաճառել, ինչո՞ւ չի գնում Հայաստանի կառավարությունը՝ միջազգային մրցույթ հայտարարելու և մրցույթով ՀԷՑ-ը բաց ու հրապարակային վաճառելու համար:
4. Ի՞նչ ընկերություն է «Լիորման Հոլդինգզ Լիմիթեդը», ի՞նչ պատմություն ունի, ինչո՞վ է զբաղվում, Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող էլեկտրացանցերի վաճառքը անհայտ օֆշորային ընկերությանը իրականում վաճառք է լավ հայտնի սեփականատիրո՞ջը, թե՞ հերթական արկածախնդրությունն է:
5. Էլեկտրաէներգիայի սակագինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ նոր սեփականատիրոջ պարագայում:
6. Եթե աուդիտի տվյալները այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում, դադարեցվելո՞ւ է աուդիտը, աուդիտի արդյունքներին սպասող կառավարությունը փոխհատուցելո՞ւ է էլէներգիայի բարձրացած սակագինը, թե՞ համարելու է խոստումը կատարած:
7. «Ինտեր ՌԱՕ»-ն ի՞նչ է ստանում ՀԷՑ-ի դիմաց, ի՞նչ չափանիշներով է ընտրել հենց «Լիորման Հոլդինգզ Լիմիթեդին»: Ի՞նչ կապ կա երկու ընկերությունների միջև:
8. Որքանո՞վ է արդարացված ռազմավարական նշանակության ձեռնարկության վաճառքի նման արագ գործարքը, երբ կան ընդունված ընթացակարգեր, թե՞ այս ամբողջ ընթացքում՝ սկսած սակագնի բարձրացումից կամ դրանից էլ առաջ ՀԷՑ-ը վաճառելու բանակցություններ են վարվել «Ինտեր ՌԱՕ»-ի հետ և որոնվել է փոխադարձաբար «հարմար» գնորդ:
9. Նոր սեփականատերը ի՞նչ պայմաններով է գնում ՀԷՑ-ը՝ էլէներգիայի սակագնի նոր թանկացում սպառնո՞ւմ է սպառողներին:
10. Վաճառքի պայմանագիրը նախատեսո՞ւմ է ՀԷՑ-ի կառավարմանը Հայաստանի կառավարության մասնակցությունը և ի՞նչ պայմաններով:
Հարցերը, իհարկե, շատ ավելին են, բայց այս պարագայում կարևորը կառավարության պատասխաններն են: Կառավարության, որ սիրում է հրապարակային, բաց ու թափանցիկ գործել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վստահաբար ՀՀ կառավարությունը կպատասխանի այս և ածանցյալ հարցերին, բայց շատ ինքնատիպ: Քաղաքացիական շարժումների խնդիրն է դառնում ինքնուրույն ստանալ այս հարցերի պատասխանը և պարզել՝ կառավարությունը առաջնորդվում է «Ո՜չ թալանի՞ն», թե՞ «Նոր թալան» կարգախոսով, «Լույս Հայաստանի՞ն», թե՞ «Ոտքի, Հայաստան» նպատակով: ՈՒ ընդհանրապես՝ ի՞նչ տարբերություն «Ինտեր ՌԱՕ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» միջև:

Դիտվել է՝ 1691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ