Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հրձիգը խաղի մեջ է մտնում հրշեջի դերով

Հրձիգը խաղի մեջ է մտնում հրշեջի դերով
20.09.2015 | 13:45

Արևմտյան մամուլը շարունակում է քննարկել՝ կհանդիպե՞ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում, թե՞ ոչ: «Գործակցելով հակառակորդի հետ, կարող ես նրան ցույց տալ, թե ինչու նա չպետք է կանգնի քո ճանապարհին, այլ ավելի լավ է՝ համագործակցի քեզ հետ»,-գրում է The Wall Street Journal-ում ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների խորհրդի գիտաշխատող, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Սեստանովիչը: «Միայն մեկ ռիսկ կա՝ նրանք, ովքեր չեն եղել բանակցություններում, կարող են հանդիպումը մեկնաբանել անցում «վատ տղաների» կողմը: Իմաստավորված քաղաքականության դեպքում դա կառավարվող ռիսկ է»,- համարում է Սեստանովիչը և հավելում. «Ցավոք, եթե դու գիտես՝ ինչ ես անում, հակառակորդիդ հետ խոսակցությունը քեզ շատ չի օգնի»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին նա խորհուրդ է տալիս երկու գործոններ հաշվի առնել: «Նախ՝ պատրաստվելով հանդիպման՝ Վաշինգտոնը որոշարկե՞լ է իր քաղաքականությունը: Առայժմ սիրիական ռազմավարությունը տեղապտույտի մեջ է: Օբաման Պուտինից ավելին չի ստանա, քան Քերին»: «Երկրորդ՝ այն ոլորտում, որտեղ Վաշինգտոնն իրեն շատ ավելի լավ է դրսևորել, իսկ ուկրաինական քաղաքականությունը շատ ավելի լավ է աշխատում քան սիրիականը, կարո՞ղ է ԱՄՆ-ը ստիպել Ռուսաստանին առավել ակտիվ պաշտպանվել: Եթե նախագահ Օբաման գնա Պուտինի հետ հանդիպման՝ հայտարարելով նոր, ավելի էական աջակցության մասին ՈՒկրաինային, արդյունավետ խոսակցության ավելի մեծ շանսեր կունենա»,- կարծում է Ստիվեն Սեստանովիչը:

«Հերթական անգամ նախագահ Օբաման և նրա արտաքին քաղաքական թիմը տարակուսած են՝ ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը հեղեղում Սիրիան զորքով ու զենքով»,- գրում է The Washington Post-ի մեկնաբան Չառլզ Կրաուտհամերը: Նրա կարծիքով՝ Պուտինի նպատակներն առավել քան ակնհայտ են: Նախ՝ «հաստատել Ռուսաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և գերակա արտաքին ուժ դարձնել»: Երկրորդ՝ «աջակցել Ռուսաստանի խոշորագույն և վաղեմի արաբ դաշնակցին»: «Այն ժամանակից, երբ Անվար Սադաթը 1972-ին Եգիպտոսից վտարեց ԽՍՀՄ-ին, Ասադները Սիրիայում Ռուսաստանի գլխավոր հենարանն են Մերձավոր Արևելքում»,-հիշեցնում է Կրաուտհամերը: Պուտինի սիրիական քաղաքականության խնդիրներից է նա համարում ռուսական բանակի ազդեցության գոտու ընդլայնումը, որ հիմա ռազմաբազա ունի Տարտուսում և օդակայան Լաթաքիայում, երկրից ամերիկացիներին դուրսմղումը («Պուտինի համար աշխարհաքաղաքականությունը զրոյական արդյունքով խաղ է»), նորից լեգալացնել Ռուսաստանի դիրքը «հետղրիմյան իրավիճակում»՝ անփոխարինելի դարձնելով Սիրիայում:
«Պուտինի առաջարկը ակնհայտ է՝ դադարեք մարտնչել Ասադի հետ, ընդունեք Ռուսաստանը իբրև խոշոր խաղացողի և հաշտվեք Ռուսաստանի, Իրանի ու «Հըզբոլլահի» տարածաշրջանային հեգեմոնիայի հետ» ու մենք բոլորից առաջ կանցնենք՝ գլխավորելով պայքարը «Իսլամական պետության» հետ», գրում է Կրաուտհամերը: «Բոնուս էլ կա: Պուտինի գամբիտի ամենախորամանկ մասը չբարձրաձայնվող լուծումն է փախստականների հորձանքով առաջացած եվրոպական ճգնաժամի»՝ կարծում է հեղինակը և եզրակացնում, որ ակամա հիանում ես այդ ցինիզմով՝ ի վերջո փախստականներին շարժման մեջ է դնում պատերազմը, իսկ պատերազմը շարժման մեջ են դնում Իրանն ու Ռուսաստանը: Նրանք զինամթերք, փող էին մատակարարում, իսկ հիմա զորքերն են շատացնում, որ ուժեղացնում է մարտական գործողությունները: Հրձիգը հանդես է գալիս հրշեջի դերով:
«Ինչպես քիմիական զենքի աղետալից իրավիճակում Պուտինը խաղի մեջ է մտնում ու փրկում է դրությունը: Եթե մենք ընդունենք խաղը, Պուտինը դառնում է անփոխարինելի գործընկեր: Սկզբի համար նրա հետ պետք է ռազմական ու դիվանագիտական քայլերը կոորդինացնել, մենք հենց նոր համաձայնել ենք բանակցել Սիրիայում ռուսական ուժերի մեծացման շուրջ,- գրում է Կրաուտհամերը:-ՈՒկրաինայի պատերազմով սկսված Ռուսաստանի մեկուսացումը դադարում է և Իրանի հետ Ռուսաստանը դառնում է տարածաշրջանային արբիտր»:
«Արդյունքում Պուտինի ռազմավարությունը կարող է չաշխատել, բայց խոսքը հիմա շատ լուրջ խնդրի մասին է և բոլորովին պարզ: Սպիտակ տունը կարող է վերջ տալ իր կոլեկտիվ գլուխը քորել ամեն անգամ, երբ հերթական տրանսպորտային «Ռուսլանը» տանկեր ու ծովային հետևակ է հասցնում Լաթաքիա», եզրակացնում է Չառլզ Կրաուտհամերը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտոնավարումը: ԱՄՆ-ը և Արևմուտքը պնդում են Ասադի հրաժարականը, Ռուսաստանը առաջարկում է պահել Ասադին ու նրա հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ՝ դաշնակից ունենալով Իրանին, ու ամեն անգամ կրկնում է, որ այդ հարցը Սիրիայի ժողովուրդը պետք է լուծի: Եվրոպան հեղեղած փախստականները կդառնա՞ն գործոն՝ հօգուտ Ասադի, թե՞ Արևմուտքը խաղը մինչև վերջ կտանի՝ խճճելով Ռուսաստանին հիմա էլ Սիրիայում, գուցե նաև Իրաքում, եթե «Իսլամական պետության» դեմ պայքարը իսկապես գլխավորի Մոսկվան: Խաղն իսկապես շատ պարզ է, և՝ շատ բարդ, արդյունքի տեսակետից: Որովհետև ի վերջո, «Իսլամական պետությունը»՝ «Իսլամական պետություն», խնդիրը սեփական ազդեցության ոլորտի տարածումն է Մերձավոր Արևելքում: Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը՝ փոխհարաբերությունների պարզաբանման հերթական հասցեն Սիրիան է: ՈՒկրաինայից հետո, որտեղ այդպես էլ կողմերից ոչ մեկը ոչ հաղթեց, ոչ պարտվեց, երկու կողմին էլ պետք է հաղթանակ: Կա երրորդ տարբերակն էլ՝ համագործակցել, բայց դա լինելու է զինադադար, ոչ թե խաղաղության պայմանագիր: Համենայն դեպս՝ քանի ԱՄՆ-ի նախագահն է Բարաք Օբաման, իսկ Ռուսաստանինը՝ Վլադիմիր Պուտինը, որ հույս ունի ԱՄՆ-ի հաջորդ նախագահի հետ ունենալ տրամագծորեն այլ հարաբերություններ:

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ