Իրադարձությունները հանգամանքների բերումով սկսել են զարգանալ շատ արագ: Երեկվա սադրանքներից հետո՝ հակառակորդը, խախտելով հրադադարը, կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, Պառավաքար գյուղում սպանվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը, Բերդավանում երկու հոգի վիրավորվել է, շատ արագ արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: ՊՆ հայտարարությանը հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի գրառումը իր էջում և համարյա անմիջապես համանախագահները հանդիպեցին Նյու Յորք հասած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ու նրա հետ «լուրջ զրույց» ունեցան՝ «թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բռնության վերջին դեպքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերի առնչությամբ»:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանին համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու ժամանակն է:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց. «Սա դատապարտելի, անթույլատրելի և տեռորիստական արարք է, որի նպատակն է, արտգործնախարարների հանդիպումից առաջ բանակցային գործընթացը ևս մեկ անգամ տանել փակուղի։ Երկու տարբերակ կա, տարբերակ համար մեկ՝ պետք է բոլորն իմանան, որ Ադրբեջանն ունի տեռորիստական դեմք՝ խաղաղ բնակիչների վրա կրակում է, և սա չունի որևէ արդարացում, երկրորդ՝ պետք է միջազգային կառույցները հստակ գնահատական տան, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները, կարծում եմ, դեռ, ինչպես նախկինում, իրենց գործը կկատարեն»։ Նա հաստատեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին և ասաց, որ տեղեկություններ չունի Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը իրենց լուրջ մտահոգությունը հայտնեցին քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետների և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ: «Նման զենքերի կիրառումը հակամարտությունում անընդունելի լարվածություն է առաջացնում: Մենք մեր խորագին վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին հնարավոր ամենաազդեցիկ խոսքերով դիմում ենք` խուսափելու քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերից: Կողմերը Ժնևյան կոնվենցիայով պարտավորված են պաշտպանել ոչ զինծառայողների անվտանգությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ դեպքերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախօրեին: «Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, խնդրի բանակցային կարգավորման շուրջ խնդիրների վերաբերյալ: Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները: Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ ամենաբարձր մակարդակով` թուլացնելու լարվածությունը և առաջընթաց գրանցելու տևական և խաղաղ կարգավորման հարցում»,- նշվում է հայտարարության մեջ:
Փաստացի՝ ԵԱՀՄ Մինսկի խումբը նորից քայլ նահանջ կատարեց՝ ընդունելով, որ անկարող են հստակ հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, երբ ամեն կողմը մեղադրում է մյուսին, մինչդեռ ակնհայտ է, թե որտեղից է կրակը բացվում և որ կողմում են զոհերը: Նախօրեին ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակով դիմել էին Ջեյմս ՈՒոռլիքին՝ վերջապես կոնկրետություն մտցնելու իր գնահատականների մեջ և վերջ դնելու պարիտետային հայտարարություններին, բայց նրանք կոնգրեսմեն են, իսկ համանախագահը՝ դիվանագետ, և չի կարող դուրս գալ իր մանդատի շրջանակներից:
Նյու Յորքում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, արդեն դժվար է պատկերացնել, թե ի՞նչ են նրանք քննարկելու և ի՞նչ արդյունք է ունենալու նրանց հանդիպումը, եթե ընդհանրապես հանդիպեն: Բաքուն կարեցածն անում է՝ հանդիպումը բացառելու և իմաստազրկելու համար: Էլմար Մամեդյարովին մնում է մաշված խաղաքարտերը մեջտեղ բերել ու մեղադրանքներ տեղալ, որ կրակում են հայկական կողմից, բայց այդ պարագայում Բաքուն ստիպված կլինի ընդունել ԱՄՆ-ի կոնգրեսականների առաջարկը՝ շփման գծում տեսանկարահանման մասին, որպեսզի հստակ լինի՝ ով ում է կրակում: Իսկ դա Բաքվին բոլորովին պետք չէ: Իրավիճակի նոր սրացումը հենց հանդիպումն ու որևէ քննարկում կանխելու նպատակ ունի:
Համաշխարհային իրադարձությունների զարգացման համապատկերում, երբ Եվրամիությունը գերզբաղված է միգրանտներով, ԱՄՆ-ը և ՌԴ-ն՝ Սիրիայով ու քրդական հարցերով, Իլհամ Ալիևը կարող է փորձել կրկնել Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնարքը՝ Անկարան արդեն ակնարկել է, որ պատրաստ է միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին, եթե քրդական հարցում ընկալում գտնի, և հարուցել բախումներ՝ իր նպատակներին հասնելու համար: Բայց եթե Էրդողանը գնաց քաղաքացիական փոքրիկ պատերազմի, որը շատ ռիսկային է ընտրություններից առաջ, Ալիևի նման փորձը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Սահմանային բախումներից ծագած պատերազմը չի կարող նրան կայծակնային հաջողություն տալ ու նոր իրավիճակ ստեղծել՝ Ղարաբաղի հարցը իր ցանկացած սցենարով լուծելու համար, քանիցս նա համոզվել է, որ հայկական բանակը համարժեք պատասխան է տալիս ու կարող է ավելին անել: Նյարդերի խաղ է սկսել Ադրբեջանի նախագահը՝ հույս ունենալով իր սադրանքներին պատասխան կրակը ներկայացնել հայկական ագրեսիա: Բայց մինչև ե՞րբ: Նոյեմբերի մեկի խորհրդարանական ընտրություններից առաջ նրան ասելիք է պետք՝ դա հասկանալի է, բայց ինչո՞ւ է վստահ, որ հաջողության է հասնելու: Կոնգրեսականների հայտարարությունը վկայում է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հավելեք մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գնահատականները, նաև ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սկսելու կոչերը: Եվրոպական կառույցների հետ կապերը խզելու, ընտրություններին դիտորդներ չուղարկելու փաստերը ևս վկայում են, որ Ադրբեջանն ինքն իր համար նոր իրավիիճակ է փորձում ստեղծել, որից դուրս գալու ելքերը հանգում են ազգայնական տրամադրությունների լարումին ու ամբողջ աշխարհին միայնակ հաղթելու մտայնությանը: Սա վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել այնքան կարևոր նպատակակետ, որ Բաքուն գնա ինքնամեկուսացմամբ հաղթանակի հասնելու տարբերակին:
Ադրբեջանական մամուլում դեռ տեղեկություններ չկան՝ Իլհամ Ալիևը Նյու Յորք գնալո՞ւ է, թե՞ ոչ: Երկու օր առաջ նա Մոսկվա էլ չգնաց՝ մզկիթի բացմանը, որ նշան է՝ Ալիևը որոշել է դադար վերցնել: Ամբողջ հարցն այն է՝ ինչո՞վ է լցնելու դադարը՝ փորձելու է խորհրդարանական ընտրությունները ու Ղարաբաղի հարցը «համատեղ» հաղթանակո՞վ լուծել և ովքե՞ր են նրա աջակիցները Անկարայից բացի, թե՞ կգործեն արգելակները, որ պահպանում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն ու ստատուս քվոն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե սա սահմանագծին խաղաղարարներ տեղակայելու ռուսական խաղի մաս է, ակնհայտ ձախողված է: Քաղաքացիական բնակչությանը սպանելու միջոցով դժգոհություն հարուցելու ու խաղաղարարների տեղակայումը ներքին պահանջ դարձնելու փորձը չի անցնի: Համանախագահների անհամաձայնությունը եթե Ալիևին թույլ է տալիս մեծ պատերազմ չսկսել, բայց անընդհատ անպատիժ խախտել հրադադարը, իրավիճակի փոփոխության դեպքում կարող է որոշակի համաձայնության վերածվել՝ ոչ ի շահ Ալիևի: Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ներկայացնող Ֆրանսիային հավելեք Իրանը, հազիվ թե սահմանակից Թեհրանը փոխի դիրքորոշումը և համաձայնի ռուսական կամ որևէ այլ արտատարածաշրջանային զինուժի տեղակայմանը: