Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խնդիրը սկսելը չէ, խնդիրն ավարտելն է

Խնդիրը սկսելը չէ, խնդիրն ավարտելն է
26.09.2015 | 17:22

Հայաստանը տարատեսակ սադրիչ քայլերով, մասնավորապես զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարման մեծացումով նպատակ ունի վնասել բանակցային գործընթացին՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Նյու Յորքում՝ հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և փոխանցում է Day.Az-ը:
«Հայաստանի իրական նպատակը ագրեսիայի և օկուպացիայի շարունակումն է: Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներին, որը կարող էր նպաստել իսկական վստահության հաստատմանը»՝ ասել է Էլմար Մամեդյարովը: Նա միայն «մոռացել է» ասել, որ Լեռնային Ղարաբաղում, որը վաղուց արդեն Ադրբեջանի շրջան չէ, ադրբեջանական համայնք չկա և շփումները չեղած համայնքի հետ հայկական կողմը պարզապես խոչընդոտել չի կարող: Մամեդյարովը պնդել է, որ Ադրբեջանի դիրքորշումը քննարկման ենթակա չէ՝ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայով՝ ստատուս քվոն անընդունելի է» և չի կարող երկար շարունակվել: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ»՝ ընդգծել է Էլմար Մամեդյարովը: Նա կարծում է, որ կոնֆլիկտի կարգավորման համար Հայաստանը պետք է վերջ տա ագրեսիային և իր զինված ուժերը դուրս բերի օկուպացված տարածքներից: «Ադրբեջանը բանակցային գործընթացին մասնակցում է կոնֆլիկտի լուծման համար: Բայց եթե Հայաստանը չազատի օկուպացված տարածքները, Ադրբեջանը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը, ինքնինշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը վերականգնելու համար: Որևէ քայլի ամբողջ պատասխանատվությունը, որը կձեռնարկի օկուպանտ և ագրեսոր պետությունը, ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա», հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Ի՞նչ է ասել Էդուարդ Նալբանդյանը:
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նա, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասել է. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»։ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են առաջարկությունը, որին բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։ «Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում»,- ընդգծել է Նալբանդյանը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ համանախագահնե՞րը: Խոր մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, նրանք շեշտել են, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է, և քննարկել են եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։ Իսկ ի՞նչ կարող են նրանք անել իրենց մանդատի շրջանակներում: Ակնհայտ է, որ Բաքուն փոխել է բանակցային լեզուն և ունի հովանավոր, որը նրան ասել է՝ գնա առաջ, հետոն հետո կերևա: Ի՞նչ կանի Իլհամ Ալիևը: «Պատերազմները սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են՝ երբ կարողանում են»` ասել է Նիկոլո Մաքիավելին: Իլհամ Ալիևը կարող էր Մաքիավելի չկարդալ, բայց սեփական երկրի պատմությունը պարտավոր է իմանալ՝ խնդիրը հիմա պատերազմը սկսելը չէ, խնդիրը ավարտելն է:

Դիտվել է՝ 643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ