Սպիտակ տան «բազում դիմումներից» հետո Բարաք Օբաման համաձայնեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սեպտեմբերի 28-ին: Դա կդառնա աշխարհի երկու ամենաազդեցիկ քաղաքական գործիչների բավականին հազվադեպ հանդիպումներից մեկը: Թեպետ Օբաման ու Պուտինը համեմատաբար հաճախ են հեռախոսում, վերջերս նրանք ոչ մի անձնական հանդիպում չեն ունեցել: Նախկինում նրանց անձնական հանդիպումները զարմանալի կարճ էին, երբեմն բավականին անհարմար:
2009. Երկժամանոց հանդիպում Մոսկվայում
2009-ին Օբաման նոր էր ընտրվել ԱՄՆ-ի նախագահ, իսկ Պուտինը, արդեն երկու անգամ նախագահ լինելուց հետո, ՌԴ վարչապետն էր: Թեպետ պաշտոնապես Պուտինն այդ ժամանակ Ռուսաստանի ամենակարևոր քաղաքական դեմքը չէր, Օբաման ծայրաստիճան կարևորում էր հենց նրան հանդիպումը: Նա գնաց Պուտինի մերձմոսկովյան նստավայրը և հանդիպումը ծրագրված ժամուկեսի փոխարեն երկու ժամ տևեց: Լուսանկարիչները հնարավորություն ստացան Պուտինի այգում թեյ խմելիս նրանց լուսանկարել: «Ես տեսա կոշտ, խելացի, խորաթափանց, շատ ոչսենտիմենտալ ու շատ պրագմատիկ մարդու,- ասաց Օբաման հանդիպումից հետո:- Այն հարցերում, որտեղ մենք տարաձայնություններ ունենք, ինչպես Վրաստանը, մոտ ժամանակներս համատեղ որոշումներ ես չեմ սպասում»:
2012. Երկժամանոց ևս մեկ հանդիպում Մեքսիկայում
Ակնհայտորեն Օբաման շատ հեշտ էր հարաբերություններ կառուցում Դմիտրի Մեդվեդևի՝ նախագահի պաշտոնում Պուտինի ժառանգորդի հետ: Մեդվեդևն ու Օբաման նույնիսկ միասին Առլինգտոնում բուրգեր էին ճաշակում: Բայց 2012-ին նորից նախագահ դարձավ Պուտինը: Իբրև նախագահներ Օբաման ու Պուտինը առաջին անգամ հանդիպեցին Մեծ քսանյակի տնտեսական սամմիթի շրջանակներում Սան Խոսե դել Կաբոյում՝ Մեքսիկայուն: Նրանք երկու ժամ բանակցում էին և խոսակցության մեկ երրորդը վերաբերում էր Սիրիայի կոնֆլիկտին, որ մեկ տարի առաջ էր սկսվել: ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյաները հանդիպումն անվանեցին արդյունավետ, սակայն շատ արագ իրավիճակը փոխվեց:
2013. Անհարմար լուսանկար, բեկանված հանդիպում և 20-30-րոպեանոց մասնավոր զրույց
2013-ին Պուտինն ու Օբաման հանդիպեցին Հյուսիսային Իռլանդիայում, մեծ ութնյակի սամմիթի շրջանակներում: Այս հանդիպման ընթացքում են արվել ամենահայտնի լուսանկարները, երբ երկու նախագահներն էլ արդեն չեն թաքցնում իրենց հիասթափությունը միմյանցից: Հիասթափությունը իսկապես կար՝ Օբաման և Մեծ ութնյակի մյուս անդամները ուզում էին, որ Բաշար Ասադը հեռանար նախագահի պաշտոնից, որպեսզի վերջ դրվի պատերազմին, սակայն Պուտինը պաշտպանեց Ասադին՝ խանգարելով ծրագիրն իրականացնել: Reuters-ը հաղորդեց, որ երկու ղեկավարների հանդիպումը «լարված էր»: Այդ հանդիպումից կարճ ժամանակ անց Օբաման բեկանեց Մոսկվայում հանդիպումը Պուտինի հետ՝ Պետերբուրգում Մեծ քսանյակի սամմիթից առաջ: Շատերը համարեցին, որ հանդիպումը չկայացավ, որովհետև Ռուսաստանը ապաստան էր տվել ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Ի վերջո, Օբաման ու Պուտինը հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում: Որոշ տեղեկություններով՝ նրանք միմյանց հետ տետ ա տետ խոսել են 20-30 րոպե, իսկ մյուսները սպասում էին նրանց զրույցի ավարտին: Խոսակցության գլխավոր թեման նորից Սիրիան էր:
2014. 15-րոպեանոց խոսակցություն Նորմանդիայում դաշնակիցների դեսանտի վայրէջքի պատվին տոնակատարության ընթացքում
Մեծ էկրանին իրենց համատեղման բավականին անհաջող տեսարանից հետո Օբաման և Պուտինը զրուցեցին միմյանց հետ Կոլվիլ սյուր Մերում Նորմանդիայում դաշնակիցների դեսանտի վայրէջքի պատվին պաշտոնական ճաշի ընթացքում: Նրանք առանձնացան և 15 րոպե խոսեցին ՈՒկրաինայի մասին:
Ադամ ԹԵՅԼՈՐ, «The Washington Post»
Հ.Գ.
Նյույորքյան հինգերորդ հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են մի քանի հարցախմբեր: Իրավիճակը Սիրիայում և Բաշար Ասադի ճակատագիրը, ռուսական նոր ռազմավարությունը Սիրիայի հարցում ու «Իսլամական պետության» դեմ պայքարում, Իրանի դերը այդ պայքարում ու աշխարհում, Իրան-Իրաք-ՌԴ հակաԻՊական դաշինքը, իրավիճակը Թուրքիայում ու քրդական հարցը, Իսրայել-Իրան հարաբերությունները՝ առաջին: Զրույցի երկրորդ կետում՝ կլինեն ՈՒկրաինան, Դոնբասը, Լուգանսկը ու Մինսկյան համաձայնագիրը, նաև՝ պատժամիջոցները, հետո՝ Եվրոպան հեղեղած միգրանտները ու ելքերը ստեղծված իրավիճակից: Եվ, իհարկե, Հարավային Կովկասը, Ղարաբաղի հարցը ու սահմանային իրավիճակը՝ վերջին զարգացումների ընդգրկումով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները չեն կարող խուսափել իրենց պարտականությունների կատարումից, որքան էլ ներհակ լինեն տեսակետների ու հեռանկարների մեջ: Կա նաև չորրորդ խումբը, բայց դա ոչ միայն չի լուսաբանվում, ինչպես քննարկված հարցերի մեծամասնությունը, այլև իբրև զրույցի կետ չի էլ նշվում: Սովորաբար այդ հարցերը ծագում են հընթացս՝ միմյանց դիրքորոշումները պարզաբանելիս, ի հետևանս փաստարկների ու հակափաստարկների: Հինգերորդ ու թերևս վերջին հանդիպման բուն բովանդակության մասին հաղորդագրության մի սպասեք, արդյունքներն ու հետևանքները ի հայտ կգան բավականին արագ՝ իբրև իրադարձություններ, որ տեղի են ունենում, և իրադարձություններ, որ այլևս տեղի չեն ունենա: Այդ թվում՝ ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ