Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞ր երկրում է գտնվում Սարսանգը

Ո՞ր երկրում է գտնվում Սարսանգը
02.10.2015 | 16:47

Խոսքը Սարսանգի ջրամբարի մասին է: Վաղուց ու միշտ գտնվել է Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բայց երեկ Ստրասբուրգում երկար բանավիճելուց հետո այդպես էլ եզրակացության չեկան, թե Սարսանգ ինչպես պետք է գնալ: Պատճառը մեկն է՝ աշխարհագրական Սարսանգը խնդիր չէ, բայց քաղաքականը անլուծելի խնդիր է: Ադրբեջանը ԵԽԽՎ-ում խնդիր էր բարձրացրել, որ հայկական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին՝ կտրելով Սարսանգի ջուրը, մինչդեռ երկու տարի առաջ Ստեփանակերտն ինքն էր առաջարկել ջրամաբարի համատեղ օգտագործում: ԵԽԽՎ-ում որոշվել էր զեկույց նախապատրաստել՝ հարցը պարզելու համար: Զեկուցող էր նշանակվել

Միլիցա Մարկովիչը: Տիկին Մարկովիչը, սակայն, դեպքի վայր գնալու և տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար դիմում է Հայաստանին, որքան էլ ԱԺ-ից նրան տեղեկացնում են, որ Սարսանգը այստեղ չէ, Ստեփանակերտին պետք է դիմել, նա Սարսանգի ճանապարհը որոնում է Երևանում: Միանգամայն պարզ պատճառով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված պետություն չէ: Սա նախապատմությունն է: Երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, որ Հայաստանը խոչընդոտում է ԵԽԽՎ զեկուցողների աշխատանքին, ուրեմն պետք է պատժվի: Բացի Միլիցա Մարկովիչը, Ռաֆայել Հուսեյնովը նշում էր նաև Ռոբերտ Ուոլտերի անունը, որ զեկույց է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ Վահան Բաբայանը հայտարարեց, որ Հուսեյնովը բացահայտ սուտ է ասում: Միլիցա Մարկովիչի զգուշացմանը, որ եթե մինչև հոկտեմբերի 31-ը չայցելի Հայաստան կամ Ղարաբաղ, զեկույց կպատրաստի առանց այցելելու, Վահան Բաբայանը արձագանքել է, որ չի կարելի ուլտիմատումների լեզվով խոսել ԵԽԽՎ-ում, այդ հարթակը չէ, ու Հայաստանն էլ թույլ չի տա իր հետ ուլտիմատումներով խոսել: Նա շեշտել է, որ առանց Սարսանգի ջրամբար այցելելու զեկույցը կլինի միակողմանի և քաղաքականացված: Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և անդամները հորդորել են Մարկովիչին պաշտոնական նամակ հղել ԼՂՀ իշխանություններին այցի վերաբերյալ, զեկուցողը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է, և ինքը նամակ չի գրի: Վահան Բաբայանն էլ հակադարձել է, որ ԵԽԽՎ-ն պետք է իմանա, որ զեկուցողը չի ցանկանում այցելել և արհեստական խոչընդոտներ է ստեղծում Սարսանգի խնդրի շուրջ՝ մարդասիրական առաքելություն ունեցող զեկույցը անհարկի վերածելով քաղաքականի:
Երեկ օրակարգային ազատ դեբատների ժամանակ էլ Ռաֆայել Հուսեյնովը փորձել է շահարկել Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի արարքը: Ի պատասխան Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ցույց է տվել օրաթերթերից մեկում տպագրված տեղեկանքը նրա հոգեկան հիվանդ լինելու մասին և ասել է, որ ադրբեջանցի պատվիրակը հղում է անում հոգեկան խնդիրներ ունեցող անձի, եզրակացությունները հասկանալի են:
Վեհաժողովում բարձրացվել է նաև սահմանային լարվածության հարցը: Իրավիճակից օգտվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց նախապատրաստող անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուոլտերը և հայտարարել է, թե սահմանային այս լարվածության պայմաններում առավել հրատապ է դառնում իր զեկույցի նախապատրաստությունը: Հայկական կողմը առարկել է, որ 24 տարի է սահմանում լարված է և ամենևին էլ Ուոլտերի անձով, այցով կամ զեկույցով չի պայմանավորված խնդրի լուծումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնու՞մ եք՝ եվրոպացիները ինչքան են հոգնել, ինչպես են ձանձրացել ադրբեջանական «մեղադրանքներից» ու հայկական հակափաստարկներից: Գործնականում ԵԽԽՎ բոլոր պատգամավորները արդեն անգիր գիտեն, թե ադրբեջանցիները ինչ են ասելու, իսկ հայերը ինչ են պատասխանելու՝ տասնհինգ տարի նույնը լսում են տարբեր կատարումներով, ու վերջը չի երևում:

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ