Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը
09.10.2015 | 01:32

Նույնիսկ հետաքրքիրն այն չէ, որ խոսեց: Հետաքրքիր էլ չէ` ինչ ասաց: Եթե ավելի անկեղծ ու ազնիվ` դա Քոչարյանի կարապի երգն էր: Վատ կատարմամբ: Մեկ «բայց»-ով: Եթե մինչև 2017-ը տեղի չունենա արտքաղաքական ֆորս մաժոր:
Արտքաղաքական «սողանցքը» միակ «սանիտարական միջացքն» է, որով կարող է անցնել Ռոբերտ Քոչարյանը:
Ընդ որում` մեկ հարցով հարցազրույցը ոչ միայն «կարապի» մասին էր, այլև նրա հավատո հանգանակը: Այն առումով, որ էականը ոչ թե իր, այլ դրան հետևած իր մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ասքաբանությունն էր առ այն, որ Քոչարյանն այս Սահմանադրությամբ էլ կարող է 2017-ին, կուսակցական ցուցակի գլուխն անցած, «մտնել սովնարկոմ»` պառլամենտ:
Նախ, պարոն Սողոմոնյան, իմաստնությունն ասում է` եթե մի բան երկու անգամ կրկնվել է, էլի կկրկնվի: Եվ հետո` թող անցնի, ու չուզողը մենք լինենք: Սակայն ո՞ր ուժի առաջին, երկրորդ, երրորդ «դեմքում»։ Նկատո՞ւմ եք` «Ժառանգությունում» հինգ պատգամավոր կա. «մեկը` «բոևիկ» է, մյուսը` «հիբրիդ», երրորդի «բերանումն էլ ըսկի շունչ չկա»: Պակաս էկզոտիկ չէ ՀԱԿ-ը, որը, ի դեպ, ղեկավարում էր հայաստանյան ամենաինտելեկտուալ քաղաքական գործիչներից մեկը` ՀՀ հիմնադիր նախագահը: Այնպես որ, պարոն Քոչարյանի մեկուճար հարցով հարցազրույցի երկրորդումը` Ձեր ասելիքով, ինքներդ էլ նկատեցիք, չթողեց այն էֆեկտը, որ անհրաժեշտ էր, կամ որին սպասում էիք:
Կցանկանա՞ք` մեկնեմ պատճառների պատճառը, քանզի իմաստնությունը ¥ոչ սողոմոնյան¤ արձանագրում է` գտիր պատճառը և ոչ հետևանքը:
Մի անհանգստացեք, այլոց նման չի մատնանշվելու «շեֆի»` Հայաստանի տասը տարվա քաղաքացիություն չունենալը, սակայն նախագահ դառնալը, չեն մատնանշվելու «Առագաստում» «քաշքշված», այնտեղ մնացած ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանը, հոկտեմբերի 27-ը, 2003-ի նախագահական ընտրություններին հաջորդած կամ չհաջորդած վստահության հանրաքվեն, Սահմանադրության բազմակի խախտումները ձեր «ազգընտիր», մեր` «վոյինի» կողմից, մանավանդ 2005-ին սահմանադրական փոփոխություններին բաց քվեարկելը և քվեաթերթիկը, «սաղիս ինադու», ի ցույց հայոց աշխարհին հեռուստախցիկներին ցուցանելը: Եվ վերջապես` մարտի 1-ը:
Ոչ, չենք մատնանշելու, որպես արատավոր համակարգի ցուցիչներ:
Արձանագրման ենք ենթարկելու մեկ պարզ ցուցիչ` երկու բաղադրիչով: Բանն այն է, պարոն Սողոմոնյան, որ ժամանակին Քոչարյանի սուրը աջ-ձախ կտրում էր, որովհետև Ղարաբաղից մեզ` նախ վարչապետ, ապա «նախագա» «հյուր» եկած պարոն Քոչարյանն իր կողքին` քաղաքական, միջազգային, տարածաշրջանային համահայաստանյան, նաև ղարաբաղյան խաղերի համար ուներ այնպիսի «պերսոն», ինչպիսին հաշվարկի մեջ անգերազանց շախմատիստ, «գորշ կարդինալ» Սերժ Սարգսյանն էր: Ընդ որում, եթե այսօր էլ, երիտթոշակառուի մունդիրի մեջ մեկընդմիշտ և հարմարավետ տեղավորվող Քոչարյանի կողքին լինեին նույն «պերսոնը» և ոչ անհասկանալի լիքը խաժամուժ, եթե Քոչարյանը կարողանար ոչ թե ԲՀԿ-ով և նրա ղեկավարով խաղի մեջ մտնել, եթե Քոչարյանը «ստավկան» դներ ոչ թե Օսկանյանի վրա, որը, ճիշտ է, իր համաշխարհային կապերը, նրանց ֆինանսական լծակները դնում է այս ողջ խաղի մեջ, այլ «պերսոնների» վրա փորձեր կառուցել իր ապագա մարտը, ապա հաստատապես այսպես չէր լինի:
Չէ, չենք ասում, թե իր ժամանակին հաշվել իմացող «գորշ կարդինալը» հատկապես շեղել է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս ունենա հենց այսպիսի ապագա, այլ ասում ենք, պարոն Սողոմոնյան, Դուք Ձեր սողոմոնյան իմաստնությունը ժամանակին պետք է օգտագործեիք` «շեֆին» խորհուրդ տալով խաղալ բացառապես շախմատիստի, հաշվել իմացող Սերժ Սարգսյանի հետ: Հարցնում եք` ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով` Քոչարյանի էներգիայի «մատրիցան» Սերժ Սարգսյանի ենթագիտակցական «չակրաներում» է թաքնված…
Հիշո՞ւմ եք «Սամսոն և Դալիլան». մազերը խուզեցին, Սամսոնը չկար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ