Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապատեղեկատվությունն էլ տեղեկատվություն է

Ապատեղեկատվությունն էլ տեղեկատվություն է
10.10.2015 | 15:43

Բազմակողմ երթևեկության ճանապա՞րհ


Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատում էր Եվրամիությանը և բարձրաձայն մտածում էր Ռուսաստանի ու Չինաստանի ստեղծած «Շանհայյան հնգյակին» անդամակցելու մասին: Նախագահի հակառակորդները զգուշանում էին, որ դա կարող է արմատապես փոխել Թուրքիայի քաղաքականությունը: «Սակայն Սիրիայի ճգնաժամի և Ռուսաստանի ռազմական ներխուժման պատճառով Թուրքիան նորից որոնում է Արևմուտքին մերձենալու ճանապարհներ, ծայրահեղ դեպքում, մարտավարական նկատառումներով»,- գրում է Թոմաս Զայբերտը Tagesspiegel-ում: Անկարան «ուրախանում է իր գործընկերների համերաշխության ցուցադրումից, հատկապես, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է զորքերի մի մասը Թուրքիա նետել»: Արձագանքելով Սիրիայի օդային հարվածներին՝ Անկարան համարյա ամեն օր «աղաչում է ՆԱՏՕ-ին աջակցել»: Իբր թե Ռուսաստանը խախտել է ոչ միայն թուրքական, այլև ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ ինչպես հայտարարեց Էրդողանը: «Ամենայն հավանականությամբ՝ Էրդողանը իրեն խաբված է զգում», -կարծում է Զայբերտը: Դեռ բոլորովին վերջերս, իր խոսքերով, ինքը մանրամասն խոսել է Պուտինի հետ: Բայց հետո սկսվեցին ռուսական օդուժի հարվածները Սիրիայում, իսկ Պուտինի ռազմաօդային ուժերը մի քանի անգամ խախտեցին Թուրքիայի օդային տարածքը: Եվ բացահայտ զայրացած Էրդողանը հայտարարեց, որ ներկա պահին չի պատրաստվում Մոսկվայի հետ երկխոսության. «Ստեղծված վիճակում ես զանգահարելու իմաստ չեմ տեսնում»: Պատճառը հետևյալն է. «Կրեմլի կառավարիչները, Սիրիա ներխուժելով, ջնջեցին միանգամից մի քանի թուրքական ծրագրեր սիրիական քաղաքացիական պատերազմի»:
«Հիմա, շնորհիվ ռուս զինվորականների օգնության, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ում պաշտոնանկությանը մի քանի տարի ձգտում է Էրդողանը, կարող է երկար ժամանակ մնալ իշխանության ղեկին: Միաժամանակ ռուսական ներխուժումը ծայրահեղ քիչ հավանական դարձրեց թուրքական ևս մի նախաձեռնություն՝ անթռիչք գոտու ստեղծումը»: Թուրքիան ռուսական բնական գազի մատակարարումից կախում ունի, Թուրքիայի նախագահը այդ հարցում չի տեսնում «միակողմանի երթևեկությամբ ճանապարհ»: «Ռուսաստանը ևս պետք է այդ մասին մտածի»՝ հայտարարեց Էրդողանը, հավելելով, որ Թուրքիան կարող է գտնել իր և ուրիշների համար գազի այլ մատակարարներ: Թուրքիայի նախագահը կասկածի տակ առավ ռուսական ընկերությունների մասնակցությունը բազմամիլիարդ ատոմակայանի շինարարությանը: «Ստացվում է, որ Կրեմլի աստղը Անկարայում մարում է, իսկ Եվրոպական միությունը նորից հայտնվում է տրենդում»,- կարծում է Զայբերտը:

Պուտինյան պատերազմը


«Պետությանը ենթակա ռուսական ԶԼՄ-ներում Պուտինը իրեն ներկայացնում է գործողության մարդ, որ ի ցույց է դրել ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների անվճռականությունը: Դա շնորհավորելու առիթ չէ: Նախագահը օգտվում է ճկունությունից, որ հասանելի է իր գործողությունների համար ժողովրդավարական ընդդիմությանը հաշվետու չեղող և ժողովրդի դժգոհության հետ գործ չունեցող ղեկավարին: Ավտոկրատները կարող են կամայականորեն արագացնել և թեժացնել մարտական գործողությունները: Թե որքան լավ ռազմական ղեկավար է նա, հնարավոր է դատել միայն մտադրություններով, արդյունավետությամբ և արդյունքներով: Բոլոր երեք չափորոշիչներով էլ Կրեմլի ղեկավարը դատապարտված է ավելի շատ պարտվել, քան հաղթել: Անխուսափելիորեն նա առանց այդ էլ սարսափելի պատերազմը առավել ավելի վատն է դարձնում»,- գրում է The Times-ը: Հեղինակների կարծիքով՝ սիրիական բանակը կարող է միայն պաշտպանել Ասադի խոր թիկունքին մերձ դիրքերը, այդ պատճառով՝ ռուսական ծրագրերը չափազանց կախված են լիբանանյան «Հըզբոլլահից», շիական զինյալներից և Իրանի բանակից:
«Այդ բարդագույն ալյանսը կկործանի Պուտինին: Պարսից ծոցի այն կողմից քարոզիչները սուննիներին կոչ են անում ոչ միայն սրբազան պատերազմ՝ ջիհադ վարել, այլև զենքը ռուսների դեմ ուղղել: Ռուս զինվորներին գերեվարելու համար պարգևներ են սահմանվել: Հյուսիսային Կովկասը, որ բնավ էլ չեն պաշտպանի ռուսական հրթիռների հարվածները, հավանաբար, կդառնա ռազմադաշտ Պուտինի համար: Պատերազմի պատճառով ռուսների ոգևորությունը կնվազի, հենց զոհված զինվորներին ուղարկեն իրենց հարազատներին»,- գրում է թերթը և եզրափակում. «Հիմա, ինչպես և ՈՒկրիանայում, Պուտինը գերագնահատում է իր ուժերը»:


Հ.Գ.
Սեպտեմբերի 30-ից Սիրրայում ու Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը բնորոշվում է ոչ միայն ռազմական գործողությունների նոր փուլով, այլև՝ տեղեկատվական պատերազմով: Պատահական չէ, որ CNN-ը հաղորդեց, որ ռուսական հրթիռներից չորսն ընկել են Իրանի տարածքում՝ Սիրիա չհասնելով, իսկ հետո Իրանն ու Ռուսաստանը հերքեցին և հնարավոր չէ պարզել՝ բոլո՞ր հրթիռներն էին տեղ հասել, թե՞ մի քանիսը ճանապարհին շեղվել էին կուրսից: Տեղեկատվական պատերազմում ևս կողմերը միմյանց չեն խնայում ու ապատեղեկատվությունը նույնքան սուր զենք է, որքան տեղեկատվությունը: Այնուհանդերձ, ցանկացած ապատեղեկատվության մեջ էլ կան տեղեկատվական բեկորներ՝ պարզապես հրամցվում են մաս-մաս, տարբեր նպատակներով ու անհրաժեշտ պահին: Իրոք, Ռուսաստանը կարող է խրվել սուննի-շիական բախումներում, բայց ռուսական հրամանատարությունը առավել քան տեղեկացված է շիա-սուննիների պատերազմներից և կգործի ըստ այդմ, իսկ որքանո՞վ հաջողության կհասնեն «Հըզբոլլահն» ու իրանական զինուժը, մի՞թե պատասխանատուն Կրեմլն է: Եվ վերջապես՝ ո՞վ է ասել, որ Սիրիայում ռազմական միջամտության միակ նպատակը պատերազմն ավարտելն է: Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, որ սիրիական պատերազմը մշտապես ծառայեցրել է արտաքին ու ներքին քաղաքականության մեջ իր հարցերը լուծելուն՝ հմուտ խաղարկելով ռազմական հարցերը ու փախստականների մեծ ներհոսքը իր տարածքներ, քրդական հարցը և ռուսների ու եվրոպացիների առաջ դնելով իր հիմնականում չափազանցված պահանջները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ