Իրանում Արևելքի ու Արևմուտքի մրցակցությունը հավերժական է: Թեպետ 1979-ի իրանական հեղափոխությունից հետո իբրև իսլամական պետության արտաքին քաղաքականության հիմք Սահմանադրությունն ամրագրել է «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» սկզբունքը (այսինքն՝ հրաժարում հետևել ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի քաղաքականությանը), տարեցտարի ականատեսն ենք, որ ցանկացած պատեհ առիթով համաշխարհային երկու կենտրոններում պատմական վեճ է սկսվում Իրանի վրա գերակայության համար:
Վաղեմի ժամանակներից Արևելքի և Արևմուտքի ազդեցությունը (այն ժամանակներում՝ Ռուսական կայսրության և Մեծ Բրիտանիայի) Իրանի արտաքին քաղաքական օրակարգի առաջին հարցերից մեկն էր և մշտապես բազում խնդիրներ էր առաջացնում Իրանի կառավարիչների համար: Այդ ազդեցությանը դիմակայելու համար պետության արտաքին քաղաքական հավասարակշռությունը մշտապես փոփոխվում էր, բայց ամբողջությամբ Իրանի շահերին երբեք չէր համապատասխանում: Իսլամական հեղափոխության հաղթանակով և «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» սկզբունքի մշակմամբ երկու ուղղությունների ակտիվության ոլորտը կտրուկ կրճատվեց: Այնուամենայնիվ, արտասահմանյան պետությունների որոշ ներքին գործակալներ, որոնց առաջ ընդունված էր անվանել անգլոֆիլներ կամ ռուսաֆիլներ, հաճույքով համաձայնեցին հինը շարունակել և գործունեություն ծավալեցին երկրի ներսում: Լիովին հասկանալի է, թե արևմտյան երկրներն ինչու են ձգտում Իրանի վրա ներգործել և անհրաժեշտություն չկա նորից բացատրել: Հենց այդ պատճառով ԻԻՀ հոգևոր առաջնորդը բազմիցս զգուշացրել է Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի ազդեցության վտանգավորության մասին: Իրանցիները պետք է զգոն լինեն այդ երկրի ներգործության նկատմամբ պետական կյանքի բոլոր ոլորտներում:
Այդ ուղղությամբ ռուսները գործում են շատ ավելի քողարկված ու նույնիսկ գաղտնի: Դեռ Պյոտր Մեծի ժամանակներից Ռուսաստանի նպատակներից մեկը տաք ջրեր մուտք ունենալն էր: Մեր օրերում ռուսները, օգտագործելով տարբեր տնտեսական ու քաղաքական հնարքներ, Իրանում հասնում են ամենատարբեր նպատակների, այդ թվում՝ անվտանգությանն առնչվող: Իսլամական հեղափոխությունից հետո ռուսները, եթե գնահատենք նրանց հարաբերությունները Իրանի հետ ընդհանրապես, իրենց դրսևորել են ոչ լավագույն կողմով: Իրանցիները քանիցս ականատես են եղել, որ ռուսական կողմը գործում է հակառակ իր խոստումների: Բուշերի ատոմակայանի շինարարության նախագիծը, С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը և շատ ու շատ այլ անկատար խոստումներ ապացուցել են ռուսների անհուսալիությունը սեփական պարտավորությունները կատարելու առումով: Սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների և համաձայնագրի կնքման համապատկերում, որին բոլորը սպասում էին մի տարուց ավելի, ԶԼՄ-ները բազում հաղորդագրություններ էին ստանում Մոսկվայի ու Թեհրանի միջև իրանական նավթի սվոպային մատակարարումների մասին՝ 70 միլիարդ եվրո գումարով: Ի վերջո, պայմանագրի մասին լուրերը հաստատվեցին և ռուս-իրանական համատեղ տնտեսական խորհրդի 11-րդ նիստում երկու երկրները տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին 70 միլիարդ եվրո գումարով: Քննարկելով այդ իրադարձությունը, որոշ վերլուծաբաններ եզրակացրին, որ ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներ սահմանելուց հետո, ածխաջրածինների վիթխարի պաշարներ ունեցող պետությունները կարող են սկսել միմյանց հետ առևտրատնտեսական համագործակցություն, որը կարող է ապահովել տնտեսական զարգացում ՌԴ-ում ու ԻԻՀ-ում պարտադրված պատժամիջոցների համապատկերում: Մինչդեռ պատմական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը գերադասում է մանևրել Իրանի ու Արևմուտքի միջև՝ շահույթ ստանալով թե առաջինից, թե երկրորդից: Իհարկե, ռուսներն այդ վերաբերմունքն ունեն ոչ միայն Իրանի նկատմամբ: Ռուսաստանի նույնատիպ քաղաքականության օրինակ են Իրաքն ու Լիբիան: Օրինակ, սիրիական ճգնաժամի ընթացքում Թեհրանը մշտապես պաշտպանում էր Մոսկվայի դիրքորոշումը: Չնայած դրան, որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին մեկ սեղանի շուրջ, որ քննարկեն Սիրիայի հարցը, բայց մոռացան հրավիրել Իրանի ներկայացուցչին: Վիեննայի կոնֆերանսում Ռուսաստանը հարկ չհամարեց իր բողոքը արտահայտել այդ պատճառով: Լիովին ակնհայտ է, որ նույնիսկ անվտանգության քաղաքականության ոլորտում ռուսներին չի կարելի հուսալի գործընկեր համարել: Այս տեսակետի մեկ այլ հաստատում է Իրանին ռուսական զենիթահրանոթային համակարգերի մակատարարման պատմությունը: Ամերիկացիները քանիցս հայտարարել են, որ С-300-ների վաճառքը չի հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի հրահանգներին, մասնավորապես № 1929 բանաձևին: Այնուհանդերձ մինչև հիմա, նույնիսկ միջուկային համաձայնագրի կնքումից հետո, ռուսական կողմն այդպես էլ չի հայտարարել, որ պատրաստ է Իրանին վաճառել հրթիռային համակարգը:
Քննարկենք նավթի մատակարարման հարցը՝ սննդամթերքի հետ փոխանակումով: Հարցի քննարկման սկզբից մինչև ՌԴ-ի ու ԻԻՀ-ի միջև սվոպային մատակարարումների համաձայնագրի կնքում մի տարի է անցել: Արդեն թվում էր, որ նախագիծը Լեթայի մեջ է սուզվել, սակայն օրերս տեղեկություն տարածվեց երկկողմանի նոր համաձայնագրի կնքման մասին 40 միլիարդ դոլար գումարով: Վերջերս Իրանում էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ մեծ պատվիրակությամբ, որի կազմում էին տնտեսական շրջանակների և Ռուսաստանի նավթային սեկտորի 40 ներկայացուցիչներ՝ հանդիպելու ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Լրագրողներին նախարարը հաղորդեց, որ Մոսկվան ու Թեհրանը պատրաստ են միասին ֆինանսավորել համատեղ նախագծերը 35-40 միլիարդ դոլարով: Հոկտեմբերի 20-ին «Россия 24» հեռուստաընկերությանը Նովակն ասաց. «Իրանի պաշտոնատարների հետ բանակցություններում մենք պայմանավորվել ենք ամբողջ շարք նախագծերի վերաբերյալ»: Էներգետիկայի նախարարն ընդգծեց, որ բազմամիլիարդ նախագծերը, որ ՌԴ-ն ու ԻԻՀ-ն միասին պետք է կյանքի կոչեն, մեկ տարով չեն սահմանափակվում, կան բազմամյա նախաձեռնություններ: Կողմերը պայմանավորվել են համատեղ երկաթուղու կառուցման մասին հինգ միլիարդ դոլար գումարով: Իրանում նորացվելու են ջերմաէլեկտրակայանները վեց միլիարդ դոլարով: Բացի այդ՝ պայմանավորվածություններ կան նույն չափի գումարով մի քանի այլ նախագծերի շուրջ, որոնց պատվիրատուն ռուսական պետական «Зарубежнефть» նավթային կոնցեռնն է: Միաժամանակ իրանական կողմը ռուս գործընկերներին ներկայացրել է 21 նախագծեր՝ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման վերաբերյալ 25 միլիարդ դոլար գումարով:
Ինչ էլ եղել է, պետք է հաշվի առնել, որ նույնիսկ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո, երբ ամենատարբեր ընկերություններ սկսում են մրցակցել իրանյան շուկայում իրենց մասնաբաժնի համար, Արևելքն ու Արևմուտքը շարունակելու են այլ երկրների խնդիրները լուծել՝ նրանց ներքին գործերին խառնվելով: Նրանք թույլ չեն տա որևէ պետության կամ արտասահմանյան ընկերության Իրանի վրա սեփական ներգործությունն ունենալու պայմաններ ստեղծել:
«Tabnak», Իրան
Հ.Գ.
ՈՒշադրություն դարձրեք ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի կնքած պայմանագրերին՝ կողմերը պայմանավորվել են համատեղ երկաթուղու կառուցման մասին հինգ միլիարդ դոլար գումարով: Իրանում նորացվելու են ջերմաէլեկտրակայանները վեց միլիարդ դոլարով: Բացի այդ՝ պայմանավորվածություններ կան նույն չափի գումարով մի քանի այլ նախագծերի շուրջ, որոնց պատվիրատուն ռուսական պետական «Зарубежнефть» նավթային կոնցեռնն է: Միաժամանակ իրանական կողմը ռուս գործընկերներին ներկայացրել է 21 նախագծեր՝ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման վերաբերյալ 25 միլիարդ դոլար գումարով: ՈՒ՝ համադրեք՝ հայ-իրանական համագործակցության ոչ թե ծավալների, այլ ընդամենը մեկ երկաթուղու ու մեկ գազատարի հետ, որը այդպես էլ կյանքի չի կոչվում: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ