Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստի հաստոցը՝ մաստերկլաս ՈՒմբերտո Էկոյից

Ստի հաստոցը՝ մաստերկլաս ՈՒմբերտո Էկոյից
05.11.2015 | 09:48

Ինձ այցելել էին իսպանացի մի քանի լրագրողներ՝ զրուցելու ստի հաստոցի մասին: Նրանք կարծում էին, որ այդ բառակապակցությունը հասկանալի է, բայց չի օգտագործվում իրենց մամուլում: Երբ նրանք մի քանի օրինակներ բերեցին, ես մտածեցի, որ նրանք կամ սխալ են հասկանում, կամ՝ չափազանց ընդլայնված: Նրանք ինձ ցույց տվեցին Վարուֆակիսի գլխին լրագրողների սարքածը՝ նա էլեգանտ հագնված տիկնոջ հետ շքեղ տանը, հետո՝ բազում կերակրատեսակներով սեղանի առաջ: Նպատակն ակնհայտ էր՝ տեսեք, ինչպես է ապրում ձախերի ներկայացուցիչը: Սակայն երբ ուշադիր էիր նայում, տունը դղյակ չէր, հաշվի առնելով, որ Վարուֆակիսը պրոֆեսոր է եղել ԱՄՆ-ում ու այդ պատճառով երբեք աղքատ չի եղել, իսկ սեղանը տիպիկ հունական խոհանցի խորտիկներով էր լի՝ կանաչիներ, պանիրներ, բայց խավիար չկար, օմար չկար, շամփուրի վրա հավեր ու լորեր չկային: Խոսքը սովորական չարամիտ նենգափոխման մասին էր, իտալացիներն ուրիշ են: Իտալիայի ձախամետ մամուլը հավերժացրել էր քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամին այն պահին, երբ նա ընթրիքի ժամանակ դեպի բերանն է տանում սպագետիով մեծ պատառաքաղը, և այդ միանգամայն առօրյա ժեստը կուսակցության մեջ «թալանչիների» մասին վեճ հարուցեց: Ավելի վատ Վարուֆակիսի համար, որ փառասիրությունից բեմականացման մասնակից դարձավ, բայց դա մանր ստորություն է, ոչ սուտ:
Ստի հաստոցի մասին կարելի է խոսել այն դեպքի համար, երբ ակնարկներ հայտնվեցին կաթոլիկ թերթի տնօրենի հոմոսեքսուալ հակումների մասին: Այդ նենգափոխումը ծիծաղ կհարուցեր, եթե խոսքը Unita-ի տնօրենի մասին լիներ, բայց կրոնական միջավայրում դա հետևանքներ ունեցավ: Խոսքը ստի հաստոցի մասի՞ն է, երբ ինչ-որ մեկին մեղադրում են գործերի մեջ, որոնց հետ նա ոչ մի կապ չունի: Ես կարծում եմ՝ իտալական տեխնիկան ավելի ճկուն է՝ մեղադրել ինչ-որ մեկին 16-ամյա զարմուհու նկատմամբ բռնության մեջ, իսկ հետո իմանալ, որ ճիշտ չէ՝ օգուտը քիչ է: Բայց գրել, որ ինչ-որ մեկին կինոյում տեսել են 16-ամյա զարմուհու հետ՝ լրիվ ուրիշ է: Հատկապես՝ եթե ճիշտ է: Իհարկե, զարմուհուն կինո տանելը հանցանք չէ, բայց բուն արարքը շատ մարդկանց ուղեղներում կասկածի տեղիք կտա՝ ինչո՞ւ հենց զարմուհուն, ինչո՞ւ հենց կինո, ի՞նչ ֆիլմ են նայել, գուցե այնքան էլ պարկեշտ չէր: Դուք հիշո՞ւմ եք դատավորի պատմությունը, ում նկատել էին այգում նստարանին նստած, մի սիգարը մյուսի հետևից ծխելիս, քիչ է՝ փիրուզագույն գուլպաներով: Նա վատ ոչինչ չէր անում, բայց կարող էր անգործի տպավորություն թողնել, այդ ժամին նա պետք է գրասենյակում լիներ ու փաստաթղթերի տրցակները ուսումնասիրեր, դեռ երեխայական փիրուզագույն գուլպաներն էլ վրան, իսկ տանը գուցե նա մարիխուանա է ծխում: Ահա ստի հաստոցի իսկական տեխնիկան՝ ցույց տալ ճշմարտությանը լիովին համապատասխան պատկեր՝ սուտ ենթատեքստով, ով ուզում է հասկանալ՝ կհասկանա:
Հիմա խոսենք Ֆրանցիսկոս պապի գլխուղեղի ուռուցքի մասին: Սենսացիա կդառնա՞ր, եթե պապը հիվանդանար լյարդի քաղցկեղով, Աստված չարասցե: Վստահ եմ, որ ոչ: Որովհետև այդ լուրը համակրանքի ալիք կբարձրացներ ու պապի արտաբերած յուրաքանչյուր բառը, թեկուզ անկողնում, մեծ կշիռ կստանար ու հուզումով կընդունվեր: Գլխուղեղի ուռուցքի դեպքում ամեն ինչ փոխվում է: ՈՒղեղի ո՞ր կենտրոնն է ախտահարված: Նրա խոսքերը հետևանք չե՞ն գլխուղեղում կատարված փոփոխությունների: Կամ, ինչպես թվում է, նորությունը սուտ է ու եթե դյուրահավատ լրագրողը ճշմարտության տեղ տարածում է, շատ նման է ստի հաստոցի: Ավելի վատ՝ եթե ճիշտ է, ու եթե տարածել են, նշանակում է՝ այսօրվանից ու հետագայում, պապի արտաբերած յուրաքանչյուր խոսք հուսալի չէ: Իրոք, վարպետ քայլ է: Գուցե պետք էր իսպանացիներին ասել, որ միայն մենք՝ իտալացիներս, կարող ենք աշխատեցնել ստի իսկական հաստոցները:


ՈՒմբերտո ԷԿՈ, «L'Espresso», Իտալիա
Հ.Գ.
Յուրաքանչյուր լրագրող իրեն համարում է միայն ճշմարտության խոսափող: Համարյա՝ ինչպես քաղաքական գործիչները: Մենք ասում ենք՝ ինչ տեսել ենք, լսել ենք, կամ՝ հասկացել ենք: Բայց այնքան բազմաշերտ է մեր տեսած-լսածը փոխանցելու տեխնիկան: Սպագետիով պատառաքաղը փայլուն օրինակ է՝ ինչպես վարկաբեկել մարդուն, որ ընդամենը ուտում է: Այն էլ՝ սովորական սպագետի: Այդ նուրբ տարբերությունը լրագրողին դարձնում է քարոզիչ, երբ իր ամբողջ վերաբերմունքն է ներդնում տեսածն ու լսածը փոխանցելու գործում: ՈՒմբերտո Էկոյի մաստերկլասը փառահեղ է, բայց մեր մեջ ասած՝ մենք իտալացիներից ավելին ենք՝ թե լուն ուղտ դարձնելիս, թե ուղտն ասեղի անցքով անցկացնելիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ