Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ֆիլմի առաջին ցուցադրումն անվճար կազմակերպվել է Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում՝ Վագըֆում»

«Ֆիլմի առաջին ցուցադրումն անվճար կազմակերպվել է Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում՝ Վագըֆում»
04.12.2015 | 02:15

«Կորուսյալ թռչուններ» («Yitik Kuslar») խաղարկային լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Նախագիծը կյանքի է կոչել «Kara Kedi Film» («Սև կատու») ընկերությունը: «Կորուսյալ թռչունները» Հոլիվուդում արժանացել է միանգամից 3 մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Արմին Թ. Վեգների մարդասիրության մրցանակ»: «Սա այն ֆիլմն էր, որ պլանավորում էր նկարահանել Թուրքիայի մշակույթի նախարարությունը, որպեսզի, չժխտելով բռնագաղթը, ժխտի 1915 թվականի բուն ցեղասպանության փաստը: Ֆիլմը ավարտել են 2015-ի հուլիսին, սակայն արդեն ապրիլից դրա հատված-գովազդը տարածել են աշխարհի 113 երկրներում, որն ուղեկցվում է տեքստային հիշեցումով՝ նվիրված է «1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցին»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

-Ըստ Ձեզ` Թուրքիան այդ դափնիները ստացե՞լ է, թե՞ գնել:
-Մի՞թե կարծում եք, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 1915 թվականի 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ կնկարահանի և հետևողական չի լինի, որ այդ ֆիլմը մրցանակ ստանա: Մրցանակները քաղաքական կոռուպցիայի դաշտում են այս պարագայում: Այսինքն, ֆիլմի բյուջեն հավանաբար դա էլ է նախատեսել:
-Ծանո՞թ եք ֆիլմին:
-Ֆիլմն ամբողջությամբ չեմ դիտել, դիտել եմ հատվածներ, քանի որ այն դեռևս լայն ցուցադրման չի ներկայացվել (այստեղ էլ թուրքական խորամանկ մոտեցում կա, ինչի մասին դեռ կասեմ), ծանոթացել եմ սցենարին: Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում բնակվող Մարիամ և Պետո անունով երկու երեխաներ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են աղավնիների հետ: Մի անգամ էլ, երբ գնում են անտառ՝ Պաչիկ անունով իրենց աղավնին թռցնելու, վերադառնում են և տեսնում, որ գյուղից բոլորը հեռացել են և իրենց մոռացել… Ֆիլմում միայն գյուղը լքելու պատկերներ են, չկան դիակներ, չկան հարձակման ու բռնության պատկերներ: Տպավորություն է ստեղծվում, որ բնակիչները մի հրամանով արագ հավաքել են իրենց ինչքն ու արագ հեռացել: Չի ասվում, թե գյուղի մնացած երեխաների հետ ինչ է կատարվում: Հետո սկսվում են երկու երեխաների արկածները, ինչն արդեն գեղարվեստական մոտեցման և տրամաբանության շրջանակներում է:
-Կինոդիտողն ի՞նչ է տեսնելու այս ֆիլմում` Թուրքիայի ժխտողականությո՞ւնը, թե՞ մեծահոգությունը` պատմական «փաստը» բարձրաձայնելու առումով:
-Այնքան վարպետությամբ է նկարահանված և նրբորեն ներկայացված թուրքական ժխտողականությունը ցեղասպանության փաստի անտեսման առումով, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշել է ֆիլմի առաջին ցուցադրությունն էլ ժխտողականության խորհրդանիշի վերածել: Նախարարությունը, որ ֆիլմի պատվիրատուն է և սեփականատերը, Թուրքիայում առաջին ցուցադրումն անվճար կազմակերպել է 2015 թվականի օգոստոսին՝ միակ հայաբնակ գյուղում՝ Վագըֆում, և հետո միայն տարածել թուրքական կինոթատրոնների ցանցում:
-Մեզ մո՞տ էլ փորձ կարվի այն ուրիշ լույսի տակ ներկայացնելու: Սա Թուրքիայի միակ և առաջին արձագանքը չէ 1915 թվականի դեպքերին:
-Թող ինձ ներեն նման կարծիքի համար, բայց հայության, հայկական կազմակերպությունների և հայ մամուլի մի հատված աննկարագրելի հրճվանք է ապրում, երբ որևէ թուրք գրող հիշատակում է հայերին կամ 1915 թվականը: Նույնը՝ արվեստի ոլորտում: Կարելի է, իհարկե, անդրադառնալ և գնահատական տալ, սակայն հրճվելու կարիք չկա: Երբ թուրքերն արվեստի լեզվով ասում են, որ 1915 թվականին հայերի աքսոր է եղել, մարդկային առումով այն ծանր է եղել հայ ժողովրդի համար, զարմանալի ոգևորություն է տիրում: Այդ մարդկանց հրավիրում են Հայաստան, նրանք շրջում են, հանդիպումներ ունենում, հեռուստաեթերից իրենց տեսակետը ներկայացնում: Այնպես որ, չեմ զարմանա, եթե մի օր այդ ֆիլմը Հայաստանում էլ մրցանակ ստանա: Այստեղ էլ է վերջերս հարգի դարձել թուրքական լիրան:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ