Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստանում խաչքարակերտման հզոր ընթացք կա»

«Հայաստանում խաչքարակերտման հզոր ընթացք կա»
08.12.2015 | 01:48

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Խաչքար» եռալեզու գիրք-ալբոմը: Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի յուրօրինակ և հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի, իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:

2010 թվականին խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում՝ «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» վերնագրով:
Համլետ Լ. Պետրոսյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ղեկավարում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը և Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը:
-Պարոն Պետրոսյան, գիրքը հրատարակվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն: Ո՞Ւմ է ուղղված այն: Ինչո՞վ է առանձնանում խաչքարերին նվիրված մյուս հրատարակություններից:
-Խաչքարը ոչ միայն մեր մշակութային ժառանգության ամենաինքնատիպ դրսևորումն է, որ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, այլև այսօր Հայաստանում խաչքարակերտման հզոր ընթացք կա, մի քանի տասնյակ վարպետներ զբաղվում են դրանով: Աշխարհի տարբեր երկրներում խաչքարեր են կանգնեցվում հայ համայնքների, նաև զանազան քաղաքային, նահանգային իշխանությունների նախաձեռնությամբ: Բայց խաչքարի ակադեմիական, բավականին ամփոփ, հստակ այս ներկայացումը, կարծես, պակասում էր:
2008-ին ես մեծածավալ գիրք եմ հրատարակել, որտեղ մանրամասն նկարագրված են խաչքարային մշակույթի բոլոր դրսևորումները: Այն ուղղված է ավելի շատ գիտական լսարանին: Գիտության և կրթության նախարարությունը հաստատել է այն որպես բուհական դասագիրք: Նոր գրքի շնորհիվ նրանք, ովքեր գիտեն ռուսերեն, անգլերեն, հնարավորություն ունեն 10-20 րոպեի ընթացքում ծանոթանալու խաչքարի պատմությանն ու նկարագրին: Ընդ որում, մենք նպատակ ունեինք թարգմանելու գիրքը նաև ֆրանսերեն և պարսկերեն, բայց հնարավոր չեղավ` զուտ ֆինանսական պատճառներով:
-Ո՞ր խաչքարերն են ներկայացված գրքի էջերում: Ընտրությունն ինչպե՞ս է կատարվել: Ամփոփ, հանրամատչելի լուսաբանումը կարո՞ղ է ամբողջացնել խաչքարային արվեստի ընդհանուր պատկերը:
-Իմ նպատակը ոչ թե առանձնացված խաչքարը ներկայացնելն է, այլ խաչքարային մշակույթը, որ հազար ու մի կապերով կապված է հայ քրիստոնեական մշակույթի այլ համալիրների և այլ դրսևորումների հետ: Ասենք, մարդիկ ասում են` խաչքարը գերեզմանաքար է, գրքում կա առանձին բաժին, որ կոչվում է «Խաչքարը և տապանաքարը»: Կան նաև «Խաչքարը և գիրքը», «Խաչքարը և տաճարը» և այլ բաժիններ: Բայց ոչ թե պարզեցված են, այլ ուղղակի պարզ են շարադրված ամենաբարդ խնդիրներն անգամ: Ես նորից շեշտում եմ, որ մեր եզակի դրսևորման մասին մենք այսօր նման շարադրանք չունենք, ու ես փորձել եմ բացը լրացնել: Ավելի քան համոզված եմ, որ ցանկացած հետաքրքրվող շատ կարճ ժամանակում կարող է հիմնարար գիտելիք ստանալ խաչքարային մշակույթի մասին: Այսօր կան մասնագետներ, որ հստակ չգիտեն` խաչքարի արևմտյա՞ն, թե՞ արևելյան երեսն է քանդակազարդ: Միանշանակ` արևմտյան, որովհետև հավատացյալն ակնկալում է խաչի երկրորդ գալուստը, որ տեղի է ունենալու արևելքից: Թվում է` պարզ ձևակերպումներ են, բայց, ցավոք, մեր գիտական գրականության մեջ այդ պարզ ձևակերպումները այսքան հստակ չեն ներկայացվել ընթերցողին:
-Ե՞րբ են երևան եկել առաջին խաչքարերը:
-Անկասկած, առաջին խաչքարերը երևան են եկել 9-րդ դարի կեսերին, երբ Բագրատունյաց թագավորությունը սկսեց հզորանալ: Խաչքարը բացօթյա կոթող է և հայ քաղաքական ինքնությունն էր ցուցանում: Արաբական տիրապետության ժամանակ հնարավոր չէր խաչի բացօթյա տեղադրումը: Այդ և այլ հարցերի պատասխանն ընթերցողը կարող է գտնել գրքում. ե՞րբ երևան եկան առաջին խաչքարերը, առաջին հորինվածքն ինչպե՞ս էր կառուցվում, ինչո՞ւ 11-րդ դարում սկսեցին բոլոր գծերն անընդհատ դառնալ, ինչպե՞ս կարելի է սահմանափակ մակերեսի վրա անվերջության գաղափարը տալ: Այսինքն, մեր խաչքարերի քանդակները որոշակի գաղափարական ծանրաբեռնվածություն են կրում, դրանք միայն գեղարվեստական տպավորություն թողնելու համար չեն, և գրքում այդ ամենը ներկայացված է:
-Այսօր ստեղծվող գործերում պահպանվո՞ւմ են խաչքարերի ստեղծման օրինաչափությունները:
-21-րդ դարի մարդը մի տեսակ ազատ է: Ժամանակակից վարպետների մոտեցումը կարելի է երեք տիպի բաժանել. կան վարպետներ, որ մեխանիկորեն կրկնում են միջնադարյան վարպետների հորինվածքները, օրինակ, վերջերս շատ տարածված է մշակութային մի ուշագրավ ֆենոմեն` Ջուղայի խաչքարերի կրկնօրինակումը: Դրանց թիվը 200-ից անցնում է: Երկրորդ տիպի վարպետները փորձում են կառուցվածքային, իմաստաբանական հիմքերը պահպանելով` սեփական տարրեր կիրառել: Կան վարպետներ, որ ազատ ստեղծագործում են՝ շատ հաճախ խաչքարը վերածելով հակախաչքարի: Միջնադարի վարպետը արարելու իր ունակությունը համարում էր վերուստ տրված շնորհք և մտածում էր ինչպես խաչքարի սրբազան գործառույթը ներկայացնել հավատացյալին: Մերօրյա վարպետը արծիվը կարող է խաչից ներքև դնել, այն դեպքում, երբ խաչքարային հորինվածքում երկնային ոլորտը անպայմանորեն խաչից վերև է:
-Խաչքարաստեղծման նոր, ոչ օրինաչափ մոտեցումներին բացասակա՞ն եք վերաբերվում։
-Բացարձակապես: Ես փորձում եմ երևույթը հասկանալ և ներկայացնել: Այս գրքի և իմ մոտեցման հիմնական խնդիրը հասկանալն է, ոչ թե գնահատելը:
-Գրքում ներկայացված են խաչքարերի լուսանկարներ: Ինչպե՞ս է կատարվել ընտրությունն այս դեպքում: Ո՞ր տարածաշրջաններն են ընդգրկում ներկայացված խաչքարերը:
-Ընդգրկում են ամբողջ պատմական Հայաստանը. խաչքարեր կան Արևմտյան Հայաստանից, Երուսաղեմից, Արցախից, Հայաստանի տարբեր տարածքներից: Խաչքարերի լուսանկարներն անմիջականորեն կապված են շարադրանքի հետ: Հիմնականում ինքս եմ լուսանկարել, և ոչ թե գեղարվեստական, այլ խաչքարի ընկալման տեսանկյունից: Ես փորձել եմ խաչքարին նայել միջնադարյան հավատացյալի տեսանկյունից:
-Ինչպե՞ս է հասնելու գրքի թարգմանված տարբերակը դրսի ընթերցողին:
-Գրքերի իրացման հետ որևէ առնչություն չունեմ, դա իրականացնում է «Զանգակ» հրատարակչությունը: «Զանգակը» գրքի միջազգային փառատոների է մասնակցում, առևտրային կապեր ունի բազմաթիվ հրատարակիչների, գրախանութների հետ: Ես, որպես գաղափարի և գրքի հեղինակ, պատրաստ եմ իմ գիտելիքով ու ներկայությամբ աջակցելու բոլոր նախաձեռնութուններին:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ