Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երգը ստեղծվում է այն ժամանակ, երբ բանաստեղծությունն իր ձևի մեջ կատարյալ է»

«Երգը ստեղծվում է այն ժամանակ, երբ բանաստեղծությունն իր ձևի մեջ կատարյալ է»
11.12.2015 | 11:56

«Հինգ համերգային նախագիծ-2015» համերգաշարը նվիրված է երաժիշտ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ բեմական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակներին: Եզրափակիչ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Կհնչեն երգիչ-երգահանի տարբեր տարիների և տարբեր ժանրերով գրած ստեղծագործությունները: Վահան Արծրունու բնորոշմամբ` ներկայացվող համերգացանկն ընդգրկում է կամերայինից մինչև սիմֆո-ռոք ժանրերը: Նախատեսվում են նաև բեմական պրեմիերաներ:


-Ձեր ո՞ր երգը, ստեղծագործությունն է առավել մեծ տարածում գտել երաժշտասերների շրջանում:
-Ինձ թվում է` բոլորը: Համերգային կատարումների ժամանակ արձագանքն անմիջական է, և բոլոր երգերն էլ նույն կերպ են ընդունվում:
-Ինքներդ ո՞ր գործերը կառանձնացնեիք:
-Ես ընդհանրապես չեմ առանձնացնում, չեմ դասակարգում, տիրույթների չեմ բաժանում` ո՞րն է լավ, ո՞րը վատ: Բոլորն էլ հավասար են ինձ համար` և՛ գործիքային ստեղծագործությունները, և՛ երգերը, և՛ ժանրերը: Ասես իմ հարազատ երեխաները լինեն: Կարծում եմ` ոչ մի արվեստագետ չի առանձնացնում իր գործերը:
-Ե՞րբ է երկար ապրում երգը:
-Վերջին երգը գրել եմ 1996-ին, դրանից հետո զբաղվել եմ երաժշտական այլ ձևաչափերով: Կան երգեր, որ ստեղծվել են 1983-ին ու մինչ օրս կան իմ երգացանկում: Երգն ապրում է այնքան ժամանակ, ինչքան ներկայացնում ես այն հանրությանը:
-«Կոմիտաս. տասը հայտնություններ» երգաշարի մասին ի՞նչ կասեք:
-Ինձ համար հայտնություն էին Կոմիտասի բանաստեղծությունները, ու քանի որ տասը բանաստեղծության հիման վրա են գրվել երգերը, ես այդպես էլ անվանեցի: Շատ օրգանական էր, երկար չեմ որոնել անվանումը: Առաջին երգը գրել եմ 1983-ին, ամբողջ երգացանկն ավարտել ու ի մի եմ բերել 2010-ին:
-Կարելի՞ է ասել, որ երգը երկրորդ կյանք է տալիս բանաստեղծությանը: Եթե, իհարկե, հաջողված է:
-Շատ կարևոր է բանաստեղծական ռիթմի մեջ մեղեդային տարրի առկայությունը: Որովհետև կան հրաշալի բանաստեղծություններ, որ երբեք երգ չեն դառնում: Ինքս հիմնականում երգեր եմ գրել Կոմիտասի և Ռազմիկ Դավոյանի գործերի հիման վրա: Իմ խոսքերով 5-6 երգ ունեմ: Դրանք բանաստեղծություններ չեն, այլ երգի համար գրված տեքստեր: Իսկապես կա տարբերություն: Բանաստեղծի հոգեկերտվածքն այլ է: Իսկ առհասարակ, կարծում եմ, երգը ստեղծվում է այն ժամանակ, երբ բանաստեղծությունն իր ձևի մեջ կատարյալ է: Բնականաբար, կարևորում եմ նաև բովանդակային հարթությունը, որովհետև առանց բովանդակության արվեստ չի լինում:
-Այսինքն, բանաստեղծության մեջ երաժշտությո՞ւն կա:
-Այո, պետք է պարզապես զգալ, որսալ և հնչեցնել:
-Ովքե՞ր են «Հինգ համերգային նախագիծ-2015» համերգաշարի գործընկերներն ու աջակիցները:
-Իմ գործընկերները նախ և առաջ փայլուն երաժիշտներ են: Համերգային ծրագրերին մասնակցում են մեներգիչներ, «Արծրունի» ռոք խումբը, «Շողակաթ» մանկական երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն: Հինգ համերգային ծրագրերը սկզբունքորեն տարբեր են և՛ ժանրով, և՛ երգացանկով, ոչ մի երգ չի կրկնվում համերգից համերգ: Պատկերացրեք` ստեղծագործական և մարդկային ինչ ռեսուրս է պահանջվում` ի մի բերելու և մեկ համերգային տարածքում ամբողջացնելու համար այդ ամենը: Կազմակերպչական առումով, իհարկե, նման մասշտաբի նախագիծ հնարավոր չէր կյանքի կոչել, եթե չլիներ բարձր հովանավորությունը, ինչի համար, առիթը բաց չթողնելով, երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
-Կարծես նոր էջ է բացվում Ձեզ համար հոբելյանական համերգաշարի ամփոփումից հետո:
-Ճիշտ եք նկատել: Ինքս ինձ համար այդ համերգաշարը բնորոշեցի որպես կարմիր գիծ: Ես ամբողջացնում եմ արվեստի մեջ իմ երեսուն տարվա անցած ճանապարհը և կարծում եմ, նոր ոլորտներ պիտի բացահայտեմ ինքս ինձ համար: Ասեմ, որ եկող տարվա սկզբին հրատարակելու եմ դաշնամուրային ստեղծագործություններիս սկավառակը: Այս ընթացքում աշխատում եմ երկու անիմացիոն ֆիլմերի ձայնուղիների (սաունդթրեքի) վրա` հայկական և ռուսական: Առաջիկայում համերգային լուրջ նախագիծ է սպասվում, որի ընթացքում ամբողջացնելու եմ մաշտոցյան շարականների իմ մշակումները և «Կոմիտաս. տասը հայտնությունները»` Կոմիտասի բանաստեղծություններն իմ մեկնությամբ:


Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ