Ճշտեմ ի սկզբանե՝ 1392-ի: Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին: 1392-ը ընդունել էին հրավերը: Նա, իհարկե, երեք ժամ 15 րոպեում չհասցրեց բոլորի հարցերին պատասխանել: Ասաց՝ ինչ պիտի ասվեր: Սովորաբար պետության առաջին դեմքերն ասում են այն, ինչ պիտի ասեն՝ ինչ էլ հարցնեն: Պուտինը բացառություն չէ: 11-րդ անգամ նա պատասխանում է լուրջ ու անլուրջ հարցերին՝ հավասար լրջությամբ: Ինչի՞ մասին նա խոսեց երեկ: Տնտեսության, ճգնաժամի, ամեն ինչ լավ լինելու, թոշակառուների, տրանսպորտի, եկամուտների ու ներդրումների, կառավարության, որ չի փոխվելու, գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, ում հարցով նախագահի աշխատակազմն է զբաղվում, իր դուստրերի, որ բիզնես ու քաղաքականություն չեն խցկվում ու ապրում են Ռուսաստանում, սպորտի ու դոպինգի, ՖԻՖԱ-ի ու ֆուտբոլի, գյուղատնտեսության ու բերքի, տարբեր իրադարձությունների ու մարդկանց՝ ներքին կյանքում, արտաքին՝ ՈՒկրաինայի, Վրաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի: Իսկ ասուլիսը սկսեց հին անեկդոտով՝ հանդիպում են երկու ընկեր, մեկը մյուսին հարցնում է՝ գործերդ ո՞նց են, պատասխանում է շերտավոր՝ մեկ սև, մեկ սպիտակ: Հիմա՝ սևն է: Մի կես տարի հետո նորից են հանդիպում՝ հիմա ո՞նց են գործերդ՝ շերտավո՞ր, ո՞ր շերտն է: Հիմա սևն է: Սևն անցած անգամ չէ՞ր: Չէ, պարզվեց այն ժամանակ դեռ սպիտակն էր: Անեկդոտը պատմվեց ի պատասխան տնտեսական ճգնաժամի մասին հարցի: Թուրքական «Անադոլու» և «Ջիհան» գործակալությունների հարցերին ռուս-թուրքական հարաբերությունների ու Սիրիայի մասին Պուտինը բառացիորեն ասաց. «Մենք այն կարծիքին ենք, որ թուրքական իշխանությունների գործողությունները (մեր ինքնաթիռի նկատմամբ, որ խփեցին) ոչ բարեկամական, այլ թշնամական ակտ են՝ խփեցին ռազմական ինքնաթիռը, մարդիկ զոհվեցին: Եթե դա լիներ դժբախտ պատահար, ինչպես հետո լսեցինք՝ թուրքական իշխանությունները իբր չգիտեին էլ, որ ռուսական ինքնաթիռ են խփում, ի՞նչ են անում նման դեպքերում: Մարդիկ են զոհվել: Վերցնում են հեռախոսն ու զանգում-բացատրում են: Դրա փոխարեն՝ նետվում են Բրյուսել ու ճչում՝ օգնեք, մեզ նեղացնում են: Ո՞վ է նեղացնում: Մենք որևէ մեկին կպե՞լ ենք: Ոչ: Սկսեցին ՆԱՏՕ-ով պաշտպանվել: Իսկ դա ՆԱՏՕ-ին պե՞տք է, պարզվեց՝ ոչ»: Հետո նա պատմեց՝ ինչն է իրեն խոցել. պարզվեց Անթալիայում Թուրքիայի ղեկավարության հետ շատ զգայուն խոսակցություն է ունեցել ու խոստացել է աջակցել Թուրքիայի համար շատ բարդ հարցերում, որոնց բովանդակությունը մնաց անհայտ: Թուրքոմանների գոյության մասին Պուտինը չի էլ իմացել: Ինչի հասան թուրքե՞րը: Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը, ավելացրել «C-400», եթե առաջ Թուրքիան անընդհատ խախտում էր Սիրիայի օդային սահմանը, թող հիմա խախտի: Հետո հնչեցին մի քանի րոպեում համացանցում տարածված խոսքերը: «Հարցնում եք՝ երրորդ երկիր կա՞: Ձեր ակնարկը հասկանում եմ, մենք դա չգիտենք: Բայց եթե ինչ-որ մեկը թուրքական ղեկավարության մեջ որոշել է լիզել ամերիկացիների մի տեղը, չգիտեմ՝ ճի՞շտ են վարվել, թե՞ ոչ»: Միով բանիվ՝ դեպի Անկարա քայլ Պուտինը չարեց: Հետո նա խոսեց ԻՊ-ի ծագման մասին, նավթի անօրինական առևտրի, Ասադի ճակատագրի. միայն Սիրիայի ժողովուրդը պիտի որոշի՝ ով է երկիրը ղեկավարում, ռուս-ամերիկյան բանակցությունների, երբ կավարտվեն ռազմական գործողությունները Սիրիայում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ավելի հեշտ է ասել՝ ինչի մասին Պուտինը չխոսեց՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ռուսական կայսրության ձևավորման: Եթե համեմատում ենք անցյալ տարվա հարցազրույցի հետ, արևմտյան լրատվամիջոցները կամ չկային, կամ հարցեր չունեին: Իսկ Պուտինը, ինչպես միշտ, ճիշտ է ամեն ինչում և անխոցելի՝ տրամաբանության մեջ, երբեմն միայն խառնում է երկրների անունները: