Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բախվող ու համադրվող քաղաքակրթությունների միջև

Բախվող ու համադրվող քաղաքակրթությունների միջև
17.01.2016 | 12:12

Նավթի հատակը


Թուրքերենում կա արտահայտություն՝ մարդու հատակը, որ դրական իմաստ ունի ու նշում է մարդկային անհատականության խորքայնությունը: Ինչպե՞ս արտահայտությունը հասկանալ մյուս դեպքերում՝ դրակա՞ն, թե՞ բացասական, վիճելի հարց է: Բայց անվիճելի է՝ նավթը հատակում է, գներն ամենացածրն են:
Մեկ բարել Brent-ի, որ աշխարհում ամենատարածված հում նավթատեսակն է, գները սկսել էին իջնել 2014-ից, մի տարում՝ 38 %, 2015-ին գնանկումը շարունակվեց, չի նվազում և 2016-ի սկզբին: Նավթի գինն ընկնում է, որովհետև ՕՊԵԿ-ի երկրները հրաժարվում են նավթարդյունահանումը կրճատել, դոլարի կուրսն աճում է, չափազանց դանդաղ է Ասիայի ու Եվրոպայի տնտեսական աճը, ԱՄՆ-ում չեղարկվել է նավթի արտահանման 40-ամյա արգելքը: Հում նավթի գնանկումը համաշխարհային շուկաներում անհանգստության առիթ է (նախ և առաջ՝ Չինաստանում): Տարեսկզբին նավթի գինը 3 %-ից ավելի իջավ, հետո հասավ բարելի դիմաց 30 դոլարի: Այդպես նավթի գինը նորացրեց իր նվազագույն սահմանը 12 տարում: 18 ամսում Brent-ի հում նավթը (2014-ին մեկ բարելի գինը 115 դոլար էր) կորցրեց գնի 72 %-ը: 12 ամսում կորուստը 32 % էր, իսկ 2016-ին՝ արդեն 14 %: Սև ոսկին գնի այս մակարդակում սկսեցին համեմատել այլ ապրանքների հետ: Խոսքը փոխարինման մասին չէ, բայց մեր երկրում մեկ լիտր նավթը մեկ լիտր ջրից ավելի էժան է: Մեկ լիտր նավթի միջին գինը 0,56 լիրա է, ջրինը՝ 0,65 լիրա: 2015-ի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի երկրները օդային գործողություններ սկսեցին Եմենում, որ սպառնում էին Մերձավոր Արևելքից հում նավթի տեղափոխման անվտանգությանը, որի պատճառով մայիսին մեկ բարել Brent-ի գինը հասավ 67,77 դոլարի, բայց արագ անվտանգության համար տագնապին փոխարինեց հավելյալ առաջարկի և ցածր պահանջարկի անհանգստությունը, որ դարձավ գնանկման սկիզբ: Կանխատեսումներ կան, որ Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումն ու աշխարհի երկրորդ տնտեսություն նավթի արտահանման ծավալների կրճատումը ավելի կարագացնի գնանկումը: Այդ դինամիկայի մեջ ոչ պակաս կարևոր դեր խաղաց ՕՊԵԿ-ի երկրների որոշումը՝ չնվազեցնել արդյունահանումը, չնայած պահանջարկի նվազմանը: Ավելին՝ անցած 18 ամիսներին նրանք շարունակել են արդյունահանումը նույնիսկ բարձրացնելով քվոտաները: Անկասկած, նավթի գնի անկումը ամենից ուժեղ ազդում է Ռուսաստանի վրա, որ իր ամբողջ տնտեսությունը կառուցել է բնական գազի արտահանման վրա, որի գինը կախված է նավթի գնից: Սև ոսկու գնանկումը լուրջ պրոբլեմներ է ստեղծում ռուսական տնտեսության համար, որը ստիպում է մտածել, թե ինչ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանը Մերձավոր Արևելքում՝ խանգարելու նավթի արդյունահանումը: Կարճ ժամանակում նավթի գնանկման կարևորագույն գործոններից մեկն էլ ԱՄՆ-ի՝ նավթի մեծաքանակ գնորդից խոշոր արտադրող դառնալն է: Այդ իրավիճակից դժգոհ՝ Սաուդյան Արաբիան մշտապես գցում է գինը և վճռականորեն ձգտում է վնասել ամերիկյան արտադրողներին: Ի՞նչ կլինի հետո հայտնի չէ, հավանաբար՝ իրավիճակը կզարգանա նույն ուղղությամբ, ես համոզված եմ, որ նավթի հատակը դեռ նոր խորքեր կնվաճի: Իսկ մեզ մնում է վայելել այդ իրավիճակը:
Հական ՉԻՆԱՐ, DUNYA, Թուրքիա


Սաուդյան Արաբիայի դոլարային ողջամտությունը


Նախընտրելի են դժվար որոշումները հիմա, քան՝ վստահության ճգնաժամն ապագայում:
Նավթի գնանկումը, աննորմալ դրամավարկային քաղաքականությունը աշխարհում, անկայունությունը Մերձավոր Արևելքում ամբողջ աշխարհում կառավարություններին ստիպում են ընդունել տնտեսական դժվար որոշումներ: Շնորհակալություն Էր Ռիադին, որ չի հրաժարվում իր խելամիտ, բայց անհարմար որոշումից և շարունակում է պահպանել սաուդյան տարադրամի ու դոլարի հանգույցը: Այս տարածաշրջանին բացահայտորեն առավել մեծ անկայություն պետք չէ: Թագավորության Կենտրոնական բանկը այս շաբաթ հաստատեց, որ մտադիր է շարունակել արդեն երեք տասնամյակ պահպանվող ռիալի հարաբերակցությունը դոլարին նույն մակարդակի վրա՝ 3,75: Մինչդեռ ներդրողները ենթադրում են, որ Էր Ռիադը հարկադրված է լինելու հրաժարվել դոլարային այդ կայունությունից՝ բյուջեի դեֆիցիտի պատճառով, որ հասել է ՀՆԱ-ի 15 %-ին: Անցած տարի ծախսերն աճել են՝ չնայած նավթի գնի 50- տոկոսանոց անկմանը, իսկ նավթը Սաուդյան Արաբիայի եկամտի գլխավոր աղբյուրն է: Այլ երկրներում նման անհամաչափությունը վաղ թե ուշ քակել է դոլարային հանգույցը: Նավթի գնին այդ կապվածության պատճառով արժեզրկվեց ռուսական ռուբլին, երբ Մոսկվան 2014-ին փորձեց սահուն անցնել տարադրամի լողացող կուրսի: Առայժմ Էր Ռիադը կարողանում է իր դոլարային պահուստներով պաշտպանվել, նոյեմբերին դեռ ուներ 636 միլիարդ դոլար: Անցած տարվա համեմատ պահուստը կրճատվել է 100 միլիարդով: Առավել կարևոր են կառավարության բյուջետային բարեփոխումները՝ պահպանելու համար ֆինանսական կայունությունը, չնայած նավթի գնանկմանը: 2016-ի բյուջետային ծախսերը 14 % կրճատվել են 2015-ի համեմատ: Ծախսերը կրճատելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը կարող է հանգստացնել ներդրողներին, որ զգուշանում են՝ բյուջետային քաոսի հետևանքը կարող է դառնալ դևալվացիան:
Դա դժվար քաղաքական որոշումներ կպահանջի՝ վառելիքային սուբսիդիաների կտրուկ կրճատում, ինֆրակառույցային նախագծերի դադարեցում: Սակայն, կարծես, Էր Ռիադը համարում է, որ նման բարենորոգումների ցավոտ հետևանքները ավելի հեշտ է տանել, քան տնտեսական ու քաղաքական անկայունությունը՝ արտահանման գնաճի ու ներդրողների վստահությունը կորցնելու պատճառով: Համաշխարհային պատմությունը հաստատում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության ճիշտ ընտրությունը: Մեր օրերում փոխանակման կուրսերի կայունության գաղափարը շատ շրջանակներ չեն ընդունում և այդ համապատկերում հաճելի է տեսնել կառավարություն, որ չի տրվում մրցակցային դևալվացիայի գայթակղությանը և նախընտրում է տարադրամային կայունության և ներքին բարեփոխումների ճանապարհը:
The Wall Street Journal, ԱՄՆ


Հ.Գ. Նավթի հատա՞կը, թե՞ նավթի գնանկման պատճառով ֆինանսական հատակում հայտնված պետությունները, ո՞րն է օրվա գլխավոր թեման: Ո՞ր պետությունն ինչպես է փորձում դուրս գալ փակուղուց: Ի վերջո, Մերձավոր Արևելքի ամբողջ ճգնաժամը նավթահորերի ու նավթի վաճառքի ճանապարհի վերահսկման պատմություն չէ՞, երբ պատերազմում են հանուն ժողովրդավարության կամ ընդդեմ ահաբեկչության: ՈՒ վրայից էլ հավելում են շիա-սուննի հակամարտության սոուսը, որ ճաշատեսակը «ուտվի»: Էներգակիրները և քաղաքականությունը կամ էներգակիրների թելադրած քաղաքականությունը՝ սա է 21-րդ դարի իրականությունը, ինչպես նախորդինը, իսկ ինչի՞ համար էին պատերազմում միջնադարում՝ նոր տարածքների, ծովային ճանապարհների, համեմունքների, աղի, ցորենի, արծաթի, ոսկու, ստրուկների՝ ավելի վաղ: Եթե մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է ընդհանրապես, ի՞նչ գին ունի խաղաղությունը: Չգիտեմ: Համենայն դեպս՝ նաև հավելեմ. ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը առաջիկայում պետական այցեր կկատարի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Իրան: Միջին Արևելքի այդ երեք երկրները կարևոր գործընկերներ են Չինաստանի համար՝ համագործակցում և ակտիվորեն աջակցում են 21-րդ դարի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և ծովային Մետաքսի ճանապարհի ձևավորման չինական նախաձեռնությանը: Սի Ձինպինի այցերը նոր ազդակ պետք է հաղորդեն երկկողմ տրանսպորտային-հաղորդակցային փոխկապակցվածությանը և նոր ուղղություն ցույց տան երկկողմ գործնական համագործակցությանը: Չինաստանն անփոփոխ աջակցում է Միջին Արևելքի խաղաղության գործընթացին, հանդես է գաիս հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության, բարդ հարցերը խաղաղ միջոցներով լուծելու օգտին, այդ թվում՝ քաղաքական խորհրդակցությունների և իրավահավասար երկխոսության: Չինաստանն աջակցում է Միջին Արևելքի երկրների ուժերի միավորմանն ընդդեմ ահաբեկչության: Չինաստանը նպատակաուղղված է արաբական երկրների հետ համագործակցությանը էներգակիրների, ինֆրակառույցների շինարարության, առևտրի պայմանների և ներդումների հեշտացման, նոր էներգառեսուրսների ոլորտներում: ՉԺՀ կառավարության հունվարի 13-ին հրապարակված փաստաթուղթը՝ արաբական երկրների նկատմամբ Չինաստանի քաղքականության մասին իբրև այդ թեմայով առաջին փաստաթուղթ՝ իրենից ներկայացնում է Չինաստանի և արաբական երկրների փոխշահավետ համագործակցության վիթխարի ծրագիր: Ակնկալվում է, որ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի այցերի ընթացքում կիրագործվի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրումը Միջին Արևելքի երկրների զարգացման ռազմավարությունների հետ՝ փոխանցում է «Ժենմին ժիբաոն»: Սա էլ ձեզ պատերազմի միջով խաղաղության հաստատման ծրագիրը՝ հանուն էներգակիրների և հարակից ինֆրակառույցների ստեղծման: Չինաստանը պարզապես քաղաքակրթությունների բախումից նախընտրում է քաղաքակրթությունների համադրումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ