Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շրջել պատմության անիվը

Շրջել պատմության անիվը
19.01.2016 | 00:41

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 16-ին Վիեննայում չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն անցած տարի հուլիսին Իրանի միջուկային համաձայնագրի կատարման զեկույցով հաստատեց, որ Թեհրանի գործողությունները թույլ են տալիս չեղարկել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորեց իր ժողովրդին: «Ես երախտագիտություն եմ հայտնում Աստծուն օրհնության համար, և խոնարհվում եմ իրանցի ժողովրդի մեծության և համբերատարության առաջ: Շնորհավորում եմ այդ փառավոր հաղթանակը»,- գրեց նա Twitter- ում: Կառավարման զուտ արևելյան ոճ՝ նախագահը շնորհակալություն է հայտնում ժողովրդին՝ իր ձեռքբերումների համար, որովհետև թիկունքում ունեցել է պետություն ու ժողովուրդ, որ կարողացել է արդյունքի հասնել: Երբ 2013-ի հունիսի 15-ին նա հաղթեց նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների կեսից ավելին՝ 18 613 329 քվե, ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի երեք տարի հետո: Իսկ ինքը գիտեր: Ո՞վ է Հասան Ռոհանին, ինչո՞ւ նրան հաջողվեց 1978-ի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո երկրորդ անգամ շրջել պատմության անիվը դեպի զարգացում: Ծնվել է 1948-ի նոյեմբերի 12-ին Իրանի հյուսիսում՝ Սորխ քաղաքում: Հոգևոր կրթություն է ստացել շիաների սուրբ քաղաք Կումայում, 1969-ին ուսանել է Թեհրանի համալսարանում, 1972-ին դատական իրավունքի բակալավրի կոչում է ստացել: 1995-ին Գլազգոյի Կալեդոնի համալսարանում մագիստրոսական թեզ է պաշտպանել՝ «Իսլամական օրենսդիր իշխանությունը Իրանի փորձի օրինակով»: 1999-ին Կալեդոնի համալսարանում ստացել է պետական իրավունքի ոլորտում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան, տիրապետում է ռուսերենին, արաբերենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին: Իսլամական հեղափոխական շարժման մեջ է 15 տարեկանից, շրջել է երկրով ու քարոզել Հոմեյնիի գաղափարները, քանիցս բանտարկվել է հակակառավարական գործունեության համար, հարկադրված է եղել Հոմեյնիից հետո հեռանալ Փարիզ: 1978-ին, երբ Իրանում սկսվում է իսլամական հեղափոխությունը, և Հոմեյնին վերադառնում է Թեհրան, Ռոհանին հետևում է նրան: 1980-ից 20 տարի եղել է խորհրդարանի պատգամավոր՝ փոխնախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ: 1999-ից եղել է փորձագետների խորհրդի անդամ, 1991-ից՝ նպատակահարմարության խորհրդի, 1989-ից՝ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի, 1992-ից՝ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն: Իբրև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ՝ վարել է միջուկային ծրագրով բանակցությունները եվրոպական պետությունների հետ: Հասան Ռոհանիի նախագահության օրոք Իրանում իսկապես շրջադարձ տեղի ունեցավ, եթե հիշենք, որ նա հաջորդեց Մահմուդ Ահմադինեժադին, որ նախագահական երկու ժամկետում հանգամանալից ու հիմնովին փչացրել էր ոչ միայն Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել հարաբերությունները, այլև պատճառ էր դարձել պատժամիջոցների, որ երկիրը տնտեսական աղետի էին հասցրել: Մահմուդ Ահմադինեժադը կասեցրեց իր նախորդների՝ Խաթամիի ու Ռաֆսանջանիի ազատական բարեփոխումները: Փոխարենը սկսեց էներգետիկ բարեփոխումներ և զարգացրեց միջուկային ծրագիրը՝ խնդիր դնելով երկիրը միջուկային տերություն դարձնել:
Իրանի պետական կառավարման համակարգում նախագահը միաժամանակ կառավարության ղեկավարն է, բայց պետության առաջին դեմքը չէ: Իրանի հոգևոր առաջնորդն է ԻԻՀ ղեկավարը: Այս առանձնահատկությունը իսլամական պետության քաղաքականությունը հասկանալու համար հատկապես կարևոր է: Հասան Ռոհանին չէր կարող հասնել ոչ նախագահության, ոչ նախագահության ընթացքի հաջողություններին, եթե Իրանում իրավիճակ փոխված չլիներ՝ տնտեսությունը թելադրեց նոր քաղաքականություն:

Հասան Ռոհանին նախագահության երրորդ տարում արդեն համարյա վերացրել է Մահմուդ Ահմադինեժադի տասնամյակի ավերածությունների գլխավոր հետքերը՝ առանց կորուստների պետականության համար և վայելելով հասարակական աջակցություն: Սա ֆենոմեն է, որ հնարավոր է միայն Իրանի պես պետական կառավարման համակարգում: Իհարկե, նրա համար շահեկան պայմաններ ստեղծեց նաև տարածաշրջանային քաոսը՝ բոլոր դեպքերում արտաքին սպառնալիքը ներքին համախմբում է բերում: Իրանն այլևս ի զորու է տարածաշրջանում առաջատար պետություն դառնալ և աշխարհաքաղաքական քարտեզ փոխել: Պատժամիջոցների վերացումից հետո ԱՄՆ-ը Թեհրանին կվճարի 1,7 մլրդ դոլարի պարտքը, կապասառեցվեն նաև եվրոպական բանկերի հաշվեհամարները, ՄԱԿ-ը ևս հանում է պատժամիջոցները: Հիմա Թեհրանի գլխավոր թշնամին ոչ ԱՄՆ-ն է, ոչ նույնիսկ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, այլ նավթի ցածր գները: Իրանը մտադիր է վերականգնել նավթի արտահանման նախապատժամիջոցային ծավալները, բայց այսօր այդ մակարդակը չի բերի ակնկալված եկամուտները, որ պետք են արտադրության նորացման համար: Հասան Ռոհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն ազատ է շղթաներից, որոնցով պատել էին միջազգային պատժամիջոցները, զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների ներդրումներ դրսից։ Իրանին միաժամանակ և ներդրումներ են պետք, և ենթակառույցներ, և հուսալի դաշնակիցներ, և ռազմական ծախսեր, երբ շուրջբոլորը հայտարարված ու չհայտարարված պատերազմ է, երբ սուննիական պետությունների մեծ մասը խզել է Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումը անվանեց «Իրանի պատմության ոսկե էջ» և տնտեսության զարգացման «շրջադարձային կետ»: Բայց նույն այդ շրջադարձի համար տարածաշրջանին նախ և առաջ խաղաղություն է պետք: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում հայտարարեց, որ աշխարհն ավելի անվտանգ դարձավ Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրով: «Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնությունը թղթի վրա հավակնոտ խոստումներից վերածվեց իրական գործողությունների»,- ասաց Ջոն Քերին ու նորից հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Մերձավոր Արևելքում ու ամբողջ աշխարհում ավելի անվտանգ իրավիճակում հայտնվեցին: Ընդհանրապես, սա շրջադարձ էր որքան Թեհրանի, նույնքան Վաշինգտոնի համար: Հաշվի առնելով Մահմուդ Ահմադինեժադի վարած քաղաքականությունն ու բազում հայտարարությունները ԱՄՆ-ի դեմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ-ին Թեհրանը դեռ երկար պիտի ապացուցի, որ քաղաքականություն չի փոխելու՝ հերթական նախագահի փոփոխությամբ: Պատահական չեն ոչ հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսի դիմադրությունը համաձայնագրին, ոչ ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուի նախազգուշացումը, որ ԱՄՆ-ը կարող է ապագայում ևս Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, ոչ նոր պատժամիջոցները: ԱՄՆ-ին չի համոզում Իրանի արտաքին քաղաքականությունը Սիրիայի հարցում, և Վաշինգտոնը կցանկանար, որ Թեհրանը հրաժարվեր Մերձավոր Արևելքում «ծայրահեղական խմբավորումներին աջակցելուց»: Իրանը չի համոզում և Թել Ավիվին: Ահմադինեժադը հոլոքոստը ժխտելուց բացի, հայտարարում էր, որ Իսրայել պետության տեղը Եվրոպայում է՝ Ավստրիայի կամ Գերմանիայի տարածքում, բայց ոչ այնտեղ, որտեղ կա՝ Պաղեստինի հաշվին: Հայաստան գալով էլ՝ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարվեց Ծիծեռնակաբերդ գնալ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիմա էլ համարում է, որ Բարաք Օբաման գործեց իր մեծագույն սխալը՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրով: Իրականում ԱՄՆ նախագահը արեց քայլ, որով ապահովեց իր տեղը ԱՄՆ պատմության մեջ՝ իբրև իր ժառանգած կոնֆլիկտները հանգուցալուծող նախագահ: Կուբայից հետո՝ Իրանի հետ: ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը փոխվեց Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք. դա վկայում են ոչ միայն Բենիամին Նեթանյահուն, այլև Սաուդյան Արաբիան, Թուրքիան և, իհարկե, Իրանը: Նահանգներն արեցին ակնկալվող, այնուամենայնիվ՝ անակնկալ քայլեր: Խաղը շարունակվում է, 2016-ը չի ավարտի մերձավորարևելյան պասիանսի նոր դասավորությունը: Ի՞նչ քաղաքականություն կվարի ԱՄՆ հաջորդ նախագահը՝ դեմոկրատ, թե հանրապետական, դժվար է ասել: Որպես կանոն՝ ԱՄՆ նախագահները, անկախ կուսակցական պատկանելությունից, վարում են տասնամյակներով մշակված քաղաքականությունը, որը համարժեք է պետական շահերին՝ ինչ նախընտրական հայտարարություններ անեն ու ինչ խոստումներ տան: Հազիվ թե 2017-ը հետ դարձնի արդեն գլորած ու ակոս թողած շրջադարձների անիվը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իրանի նոր հնարավորությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար: Նվազագույնը՝ Իրան-Հայաստան երկաթուղու, գազատարի հարցում, որ նաև կմեծացնի Հայաստանի անվտանգությունը: Կամ՝ առավելագույնը: Նայած Հայաստանը ինչպես է ընկալում ու պաշտպանում իր սուվերենությունը: Նայած ինչպես է Հայաստանի սուվերենությունն ընկալում Ռուսաստանը: Բելառուսի նախագահի դեպի Արևմուտք Կրեմլի համար «ուխտադրուժ» շրջադարձից հետո գուցե Մոսկվայում սկսեն հասկանալ՝ ռեալ քաղաքականության մեջ ինչ է նշանակում ԳՈՐԾԸՆԿԵՐ ու ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԽՍՀՄ-ի փլուզումից առայսօր Մոսկվան համագործակցությունը հասկանում է՝ ես կասեմ, դու կանես: ՈՒ ոչ միայն Հայաստանի հետ: Կրեմլի ակնկալած ենթակայության սինդրոմից հեռանում են բոլոր գործընկերները, նավթագազային քաղաքական լծակը սրընթաց արժեզրկվում է: Ժամանակն է, որ Թեհրանի հետ իր հարաբերություններում Մոսկվան տեսնի ոչ թե մրցակցի, այլ գործընկերոջ, ում հետ համագործակցությունը շատ ավելի շահեկան է: Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը պետական այցեր է սկսում Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Իրան, ծրագրում ունենալով 21-րդ դարի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և ծովային Մետաքսի ճանապարհի ձևավորման համար գործընկերներ գտնելը: Պեկինը տարածաշրջանում որոնում է խաղաղություն և կայունություն, առաջարկում է բարդ հարցերը լուծել քաղաքական խորհրդակցությունների և իրավահավասար երկխոսության միջոցով: Չինաստանը նպատակաուղղված է արաբական երկրների հետ համագործակցությանը էներգակիրների, ենթակառույցների շինարարության, առևտրի պայմանների և ներդրումների հեշտացման, նոր էներգառեսուրսների ոլորտներում: Սի Ցզինպինը Հայաստան չի գա՝ չափազանց փոքր է հայկական շուկան Չինաստանի մասշտաբներով և անհուսալի հեռու Հայաստանը՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ: Իսկ Հասան Ռոհանին կարող է գերակայությունը տալ Հայաստանին՝ Թուրքիայից ու Ադրբեջանից: Ոչ միայն այն պատճառով, որ մեծ ու փոքր եղբայրները սուննի են ու անկայուն-անհավատարիմ, այլև Հայաստանը մոտ է ու հարմար: Ճիշտ է՝ գործող գազատարը Մոսկվայի թեթև ձեռքով վերածվել է խաղալիքի, և նոր գազատար պետք կլինի, բայց քաղաքական որոշումներն են ֆինանսական միջոցներ հայթայթելու հիմքում: Մի տարին բավարար ժամանակ էր՝ համոզվելու, որ ԵԱՏՄ-ն պայծառ հեռանկարներ միայն խոստանում է, իսկ ռեալ տնտեսական օգուտներ չկան ու չեն լինի: Նաև՝ Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ-ում պաշտոնավարման պարագայում: Փաստացի՝ թե Բելառուսը, թե Ղազախստանը, նույնիսկ նորանդամ Ղրղզստանը տնտեսական այլընտրանքներ են որոնում, իսկ Հայաստանը մնում է ՌԴ կառքի հինգերորդ անիվը: Ե՞րբ մենք կունենանք մեր պատմության մեծ շրջադարձն ու ոսկե էջը: Այս հարցի պատասխանից են կախված ոչ միայն հայ-իրանական, այլև հայ-չինական հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, քաղաքական համարժեք դասավորության ու տնտեսական միջազգային ծրագրերում Հայաստանի ներգրավվածության խնդիրը: Այս դուռը փակելը Հայաստանի պարագայում նշանակելու է պատմության անիվի տակ մնալ:

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ