ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Եռանկյուն և բազմանկյուններ տարածաշրջանում

Եռանկյուն և բազմանկյուններ տարածաշրջանում
24.01.2016 | 12:34

Իրանը դուրս է գալիս միջազգային քաղաքական ասպարեզ և տնտեսական շուկա՝ պատժամիջոցներից ձերբազատվելով: Ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանի համար միջազգային տնտեսական ծրագրերում ընդգրկվածության և մրցունակության ապահովման համար հարցին «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հունվարի 23-ին կազմակերպված ասուլիսում խնդրեցի պատասխանել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանին, ակումբի անդամներ Աշոտ Թավադյանին և Թաթուլ Մանասերյանին: Նրանք ամփոփում էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին տարին՝ հիմնականում տնտեսական կտրվածքով:
Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն միշտ ավելի նախաձեռնող եղել է Իրանը, այսինքն՝ Իրան-Հայաստան հարաբերություններ են եղել, ոչ թե Հայաստան-Իրան: Դա պայմանավորված էր Արևմուտքի հետ լարված հարաբերություններով և հայկական կողմի երկչոտությամբ: «Իրանի կշիռը տարածաշրջանում մեծանում է և եթե մենք հստակ ազգային օրակարգ ունենանք, շատ արագ կարող ենք նեդաշնակեցնել Հայաստանի և Իրանի շահերը տարբեր բնագավառներում՝ համատեղ ձեռնարկություններ էներգետիկայի ոլորտում, վերամշակող արդյունաբերություն, գիտատար ճյուղեր: Հայաստանն աղքատիկ տեղեկություններ ունի Իրանում կատարվող գիտական բարեփոխումների մասին: Իրանում երրորդ ծրագիրն է իրականացվում, որի մեջ նախապատվությունը տրվում է բարձր տեխնոլոգիաներին, և այստեղ շատ մեծ որմնախորշ կա Հայաստանի համար: Մեր համագործակցությունը ուղղակի պարտադրված է»:
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ինքը երկու տարի աշխատել է Թեհրանում և բազմիցս եղել է Իրանում տարբեր առիթներով: Նա կարծում է, որ իրենց ամբողջ թվացյալ առատությամբ՝ հայ-իրանական հարաբերությունները եղել են կաշկանդված՝ Իրանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության պատճառով: Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կամ դրանց էական մասի վերացման պարագայում և Իրանից, և Ռուսաստանից եղել են ազդանշաններ հայկական բիզնեսին, որ որպես ավելի ընդունելի տարբերակ և ռուսների, և իրանցիների համար դառնան միացնող օղակ Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյան մեջ: Միայն այդ եռանկյունը չի գործելու, լինելու են ուրիշ ձևաչափեր, բայց զարգացման այդ հնարավորություններով հանդերձ՝ կարելի է կանխատեսել, որ հայկական բիզնեսը դրական սպասումներ է ունենալու պատժամիջոցների վերացումից: Պատժամիջոցների մի մասը վերացվեց, բայց մյուս մասի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այդպիսին է պատժամիջոցների տրամաբանությունն աշխարհում՝ շատ հեշտ սահմանվում են, սակայն դժվար են հանվում, և պետք չէ արագ բոբիկանալ, պետք է ուշադրությամբ հետևել իրադարձություններին: Մեր գիտելիքները Իրանի տնտեսության, քաղաքականության վերաբերյալ էական թարմացման կարիք ունեն, դրանով պետք է զբաղվեն մեր տնտեսական և փորձագիտական, լրատվական դաշտերը, եթե ուզում ենք Ռուսաստան-Իրան հնարավոր զարգացումների մեջ դրական դերակատարություն ունենալ:
Աշոտ Թավադյանը հավելեց, որ Հայաստանում կան բանիմաց իրանագետներ և միասնական ուժերով նրանք կարող են ամբողջական պատկեր ստեղծել ու օգտակար լինել ծրագրեր կազմելիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ մինչ այս-մինչ այն Թեհրանում հանդիպեցին Հասան Ռոհանին և Սի Ցզինպինը և որոշեցին զարկ տալ չին-իրանական համագործակցությանը շատ գործնական հողի վրա: Եվ ի՞նչ «անկյուն» է ի վերջո գծագրվելու տարածաշրջանում ու ո՞րն է լինելու Հայաստանի տեղը: Հայաստանը Իրանի միակ հարևանն է, որի նախագահի հետ չի հանդիպել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Գուցե մեղավորը հենց «եռանկյունն» է, որ բարդացնում է երկու կետերը միմյանց միացնող ուղիղ գծի ճանապարհը:

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ