Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Հայերե՞ն եք երգում, հայկական պարե՞ր եք պարում, դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ դեռ կա՞ք»

«Հայերե՞ն եք երգում, հայկական պարե՞ր եք պարում, դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ դեռ կա՞ք»
04.03.2016 | 11:16

Ապրիլին մեծ էկրան կբարձրանա Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդան» վավերագրական ֆիլմը: «Մեր Ատլանտիդան» ստեղծվել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի, «Ոսկե ծիրան» փառատոնի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հրանտ Դինք» հիմնադրամի և Ֆրանսիայի կինոկենտրոնի աջակցությամբ: Մասնակցել է միջազգային կինոփառատոների, ցուցադրվել Լեհաստանում, Չեխիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Թուրքիայում, Գերմանիայում և այլուր: Տորոնտոյի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների:

«Մեր Ատլանտիդան» Պոլսում 1960-ականներին կառուցված «Քամփ Արմեն» ճամբարի մասին է: Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու պատվելի Հրանտ Գյուզելյանի ղեկավարությամբ ճամբարը օթևան է դարձել Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքների 1500 հայ որբ ու աղքատ երեխաների համար: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այստեղ սովորել են խոսել հայերեն, պահպանել իրենց ինքնությունն ու մշակույթը: Ակտիվորեն մասնակցել են նաև ճամբարի կառուցման աշխատանքներին: Թուրքական իշխանությունները 1981-ին Հրանտ Գյուզելյանին ձերբակալել են` մեղադրելով ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ: 1983-ին խլել են ճամբարը: 2015-ին Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով, երկար պայքարից հետո ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին:
«Քամփ Արմեն» ճամբարի մասին պատմող ֆիլմի նախագիծը 2013-ին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմում արժանացել է առաջին մրցանակի: Նկարահանվել է 2014-ին: Մեկ տարի անց ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին: Մեր՝ «Կարելի՞ է ասել, որ «Մեր Ատլանտիդան» նույնպես նպաստել է խնդրի լուծմանը» հարցին ի պատասխան ֆիլմի ռեժիսոր, համապրոդյուսեր ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ասաց, որ ֆիլմը ներկայացվել է Ստամբուլի 14-րդ անկախ կինոյի միջազգային կինոփառատոնում` արժանանալով հետաքրքիր արձագանքների: Թե որքանո՞վ է նպաստել խնդրի լուծմանը, դժվարանում է ասել: Բայց նկատում է, որ ընդհանուր առմամբ, կինոն մեծ ազդեցություն ունի մարդու գիտակցության վրա ու շատ բան կարող է փոխել սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում:
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է ՆՓԱԿ-ում: «Քանի որ համապրոդյուսեր եմ, ինքս կփորձեմ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենության հետ ընդհանուր հայտարարի գալ ու ապրիլին ցուցադրություն կազմակերպել թեկուզ փոքր դահլիճում»,- ասաց Արթուր Սուքիասյանը:
Կինոթատրոններում ֆիլմը ներկայացնելու կարիք թերևս կա:
Հրանտ Գյուզելյանի, «Քամփ Արմեն» ճամբարի մասին Հայաստանում քչերը գիտեն: ««Մեր Ատլանտիդան» յուրատեսակ ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև ու ցույց է տալիս` ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Ֆիլմում նաև Պոլսի այսօրվա կյանքն է վերհանված: Շատերը չգիտեն՝ ովքեր են պոլսահայերը, ինչ խնդիրներ ունեն, ինչպես են ապրում, ցեղասպանությունից 100 տարի անց հոգեբանական, սոցիալական, մշակութային ինչպիսի պատնեշների են հանդիպում Թուրքիայում: Ֆիլմի նկարահանումից հետո մտածում էի` մարդը կարո՞ղ է երկու հայրենիք ունենալ: Նրանք ապրում են Թուրքիայում, այդ երկրի քաղաքացիներն են, միաժամանակ հետևում են հայաստանյան անցուդարձին, ապրում են ու մտահոգվում հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով: Մինչ նկարահանումը փորձեցի պարզել՝ ունե՞նք նոր շրջանի ֆիլմեր պոլսահայերի մասին, բայց որևէ կինոանդրադարձ չգտա»:
«Մեր Ատլանտիդայի» արտերկրյա շրջագայությունները շարունակվելու են:

Ի՞նչ կարող է ասել այն դրսի հանդիսատեսին: Ինչպե՞ս են ընկալվում օտարերկրացիների շրջանում հայ որբերի կառուցած ճամբարի պատմությունը և պոլսահայերի բարձրացրած խնդիրները: Մեր այս հարցերին ի պատասխան ռեժիսորն ասաց, որ արձագանքները տարբեր են, շատերը գիտեն ցեղասպանության մասին, մի մասի համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ասենք, պետք է անպայման հայը հայի հետ ամուսնանա, ինչո՞ւ է թուրքի հետ ամուսնությունը համարվում սպիտակ եղեռն: Ֆիլմը տալիս է այդ հարցերի պատասխանը, բայց ռեժիսորը չի բացառում, որ եթե անձնական կամ որևէ հեռավոր կապ չունես այս թեմայի հետ, առաջին հայացքից դժվար է հասկանալ բոլոր նրբերանգները: «Հրանտ Գյուզելյանի հուշերում կարևոր մի դրվագ կա. երբ թուրքական իշխանությունները ձերբակալում են Հրանտ Գյուզելյանին, հարցնում են` հայերե՞ն եք երգում, հայկական պարե՞ր եք պարում ճամբարում, դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ դեռ կա՞ք: Այսօր ճամբարը շրջապատված է թուրք մեծահարուստների կալվածքներով ու լքված, խեղճ, ծեր կնոջ տպավորություն է թողնում: Բայց ճամբարի նախկին սաները ամեն տարի ապրիլին հավաքվում են այստեղ, ասես դրանով իրենց հարևաններին ուզում են ասել, որ կանք, չենք մոռացել մեր ճամբարն ու մեր պատմությունը»:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ «Գեդիկփաշայի ավետարանական եկեղեցու», «Հրանտ Դինք» հիմնադրամի և մի քանի այլ ընկերությունների համատեղ գործունեությամբ «Քամփ Արմենը» վերածվելու է միջազգային ճամբարի: Այստեղ ուսանելու են հայ և տարբեր ազգերի երեխաներ: Վերադառնալով «Մեր Ատլանտիդային»՝ ասաց, որ ֆիլմի հերոսները խոսում են ցեղասպանության, ճամբարի ստեղծման պատմության մասին, բայց ֆիլմը նկարահանված է ներկա ժամանակով, ֆիլմը մեր օրերի մասին է:
«Թուրքիայում 60-70 հազար հայություն կա, և 5 ու կես միլիոն կրոնափոխ: Նրանց մեծ մասը վախենում է և չի ընդունում, որ իրենց ծնողները կրոնափոխ հայեր են, մի մասն էլ ուզում է քրիստոնյա դառնալ ու ապրել քրիստոնյայի պես»,- ասում է ֆիլմի հերոսներից Կարապետը: Նման թվեր շահարկել խորհուրդ չի տրվում: Հետաքրքրվեցի` մասնագետների հետ խորհրդակցե՞լ են ֆիլմեր նկարահանելիս` չվնասելու համար Թուրքիայի հայությանը և հենց ֆիլմի հերոսներին:
Արթուր Սուքիասյանն ասաց, որ մինչ նկարահանման աշխատանքներն սկսելը նախապատրաստական փուլ են անցել, հանդիպումներ են ունեցել «Հրանտ Դինք» հիմնադրամի, ֆիլմի հերոսների հետ, փորձելով հասկանալ՝ պատրա՞ստ են նրանք բացեիբաց խոսելու, և Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից հետո ի՞նչ հետևանքներ կարող են լինել. «Բայց մեր հերոսները հասկանում են և՛ վտանգը, և՛ վերոնշյալ հարցերը բարձրացնելու կարևորությունը: Ժամանակները փոխվել են, պոլսահայ համայնքը վերափոխվելու, միավորվելու կարիք ունի: Թուրքիայում են ապրում, բայց ինչքան կարող են լռել, չխոսել շատ ու շատ խնդիրների մասին: Հայկական մշակութային շատ շինություններ բանտարկված են թուրքական կառավարության կողմից: Ճամբարն այդ օրինակներից մեկն էր: Եվ ֆիլմի հերոսը՝ Կարապետը, նկատում է, որ եթե Պոլսում հայերը համախմբվեին, շատ օրենքներ կարող էին փոխել»:
Կինոդիտողին կհետաքրքրի նաև` ինչո՞ւ է ֆիլմը վերնագրված «Մեր Ատլանտիդան»: Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը, եղել են Պոլսի ճամբարի սաներից։ «Մեր Ատլանտիդան» վերցված է Հրանտ Դինքի հոդվածից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Պոլսի հայկական ճամբարին: Ի դեպ, երբ Հրանտ Գյուզելյանին ձերբակալել են, Հրանտ Դինքն է ստանձնել ճամբարի խնամակալությունը, մինչև որ թուրքական իշխանությունները խլել են այն: Ֆիլմում հետաքրքիր դրվագ կա. Հրանտ Գյուզելյանն իր կյանքի վերջում ասում է, որ ճամբարի վերադարձը երազի պես է: Նրա համար դա երազ է մնում: Սա մի տեսակ զուգորդվում է հողերի վերադարձի հետ: Այս դիտարկմանն ի պատասխան ռեժիսորը նկատեց, որ նոր սերունդը հավատաց ճամբարը վերադարձնելու երազին ու կարողացավ իրականացնել այն: Նույնը կարելի է ասել հողերի վերադարձի առումով: Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ ամեն ինչ հնարավոր է:
Հետաքրքրվեցի նաև` ֆիլմի դրվագները, հերոսներից մեկի ճակատագիրը կարո՞ղ են դառնալ գեղարվեստական ֆիլմի սյուժե: «Ես վավերագրական ֆիլմեր եմ նկարահանում: Գուցե տարիներ հետո գնամ Պոլիս ու այս մարդկանց փորձեմ գտնել, նկարահանել` ուրիշ խնդիրներ բարձրացնելով»,- պատասխանեց ռեժիսորը: «Ֆիլմում ակնհայտ է Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ենթատեքստը» դիտարկմանն անդրադառնալով` ասաց, որ չի մտածել դրա մասին, փորձել է որպես ռեժիսոր անկախ ու ազատ լինել` նկարահանել ինչպես զգում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Our Atlantis Official Trailer 2014- Documentary
Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ