Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երեխաները ոգևորված գալիս են դեպ գրականություն»

«Երեխաները ոգևորված գալիս են դեպ գրականություն»
31.03.2016 | 14:02

20-րդ դարի սկզբներին Թբիլիսում միառժամանակ լույս է տեսել «Հասկեր» հայկական մանկական պատկերազարդ ամսագիրը: Նույն անունով այսուհետ ունենալու ենք ամենամյա մանկապատանեկան գրական մրցույթ, ըստ որի` կազմվելու է դպրոցահասակ տաղանդաշատ երեխաների «Հասկեր» անթոլոգիան: Կազմակերպիչներն են «Կայարան» գրական ակումբը, «Էդիթ պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը:

«Կայարան» գրական ակումբի նախագահ, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալում էին ավելի լուրջ մասնակցություն: Եթե մոտ 40 հազար աշակերտ ունենք, ենթադրվում էր, որ գոնե տասը տոկոսը պետք է մասնակցի: Ներկայացվել է մոտ 200 աշխատանք (պատմվածք, բանաստեղծություն և էսսե): Անթոլոգիայում ընդգրկվել են մոտ 60-ը: «ՈՒրախալին այն է, որ այդ փոքր թվի մեջ կան լուրջ աշխատանքներ, նկատվում է լեզվի լավ իմացություն: Արձակը բազմաժանր է, պոեզիան` հիմնականում հայրենասիրական թեմաներով է՝ Վան, Մասիս, բանակին նվիրված անկեղծ ու լավ գործեր կան: Եթե անգամ այսօրվա երեխայի «մտահոգությունը» Մասիսն է, «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը, ցանկալի է, որ դա արվի տաղանդով և զգացվի հեղինակի անհատականությունը: 21-րդ դարի երեխայի բառապաշարը, մտածողությունը պետք է մի փոքր այլ լինեին: Թող ինձ ներեն ուսուցիչները, երեխաների աշխատանքներից հասկանալի է, որ նրանք պատճենահանում են դասագրքում եղած բանաստեղծներին, մեր ուսուցիչներն էլ, ցավոք, Շիրազից հետո ժամանակակից գրականության հետ չեն շփվել, ճիշտ չեն ուղղորդել, և այսօր իմ թոռների տարիքի երեխաների գործերը ինձ հնաբույր են թվում: Մատուցման տեխնիկան, բառապաշարը համապատասխանում են անցյալ դարի վաթսունականներին: Արձակի դեպքում մեկ այլ խնդիր կա. երեխաները հիմնականում վերապատմում են իրենց տեսած մուլտֆիլմերը, բառի խաղ, ստեղծագործական երևակայությունը քիչ է: Սակայն կան երեխաներ, որ գրող դառնալու լուրջ պոտենցիալ ունեն: Կարևորը՝ պարզ է մի բան՝ ընդհատված չեն լեզվի հղկումն ու գրականության շարունակականությունը: Թեև, իհարկե, մենք բազմաթիվ մրցանակաբաշխություններով որոնում ու գտնում ենք տաղանդներին, բայց հենց փաստում ենք նրանց տաղանդավոր լինելը, հենց մարդը կայանում է որպես գրող, մի կողմ ենք քաշվում` թողնելով նրան բախտի քմահաճույքին, մեր վերաբերմումքը նրանց հանդեպ չի տարբերվում, ասենք, միջակ գրողի կամ գրամոլի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Գուցե պետպատվերով հրատարակում ենք գիրքը, բայց, ըստ էության, այդ 300-500 օրինակը արխիվացնել է, հրատարակել չէ: Բայց երեխաները դեռ այդքանը չգիտեն և ոգևորված գալիս են դեպի գրականություն»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց արձակագիրը, վստահեցնելով նաև, որ եկող տարի մրցույթի մասնակիցների ավելի մեծ թիվ են ակնկալում:


Մրցանակները տրվելու են «Ոսկե հասկ» և «Սերմնահատիկ» անվանակարգերով: Մրցանակները գրքեր են, ամսագրեր: Շնորհակալագրեր, պատվոգրեր են սահմանվել ուսուցիչների, նաև մրցույթին ակտիվ մասնակցություն ունեցած դպրոցների համար: «Մրցույթը կդառնա ամենամյա, որովհետև թե երեխաների, թե ուսուցիչների շրջանում մեծ ոգևորություն կա: Եվ իսկապես կա դրա անհրաժեշտությունը: Սա լեզուն պրոպագանդելու, գիր ու գրականությունը սիրելի դարձնելու մի տարբերակ է: Եթե երեխան իր առաջին հաղթանակը կապում է լեզվի հետ, միշտ խանդավառությամբ է հիշելու դա, միշտ սիրելու է իր լեզուն»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:
«Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի ամփոփումը և ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենան ապրիլի 2-ին` ժամը 1-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ