Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այլևս դանդաղ շտապելու ժամանակ չկա»

«Այլևս դանդաղ շտապելու ժամանակ չկա»
26.04.2016 | 09:20

«Իրատեսի» զրուցակիցը քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:

-Ձեր գնահատականով՝ ապրիլյան քառօրյա պատերազմն ի՞նչ քաղաքական ու ռազմական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար:
-Քառօրյա պատերազմը բերեց թե արտաքին քաղաքական փոփոխություններ, թե ներքին, որ գուցե այդքան տեսանելի չեն դեռ: Արտաքին քաղաքականության մեջ հիբրիդային պատերազմը տեղափոխվել է ակտիվ դիվանագիտական փուլ՝ նոր իրողությունների պայմաններում:
-Որո՞նք են նոր իրողությունները: Ստատուս քվո՞ն է փոխվել:
-Ստատուս քվոյի փոփոխություն իրականում չի եղել, տարածքային փոքր տեղաշարժերը դժվար է անվանել էական նշանակություն ունեցող՝ 1994-ի զինադադարից հետո: Այս կարևոր թեզը փաստացի հաստատեց նաև Երևան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. նա նշեց, որ 1994-ի և 1995-ի հրադադարի հայտնի համաձայնագիրը, որ ստորագրել է նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչը, ոչ միայն ուժի մեջ է, այլև անժամկետ է: Այնուհանդերձ ստեղծվել է նոր քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ հեռանկարների առումով: Ադրբեջանը, հասկանալով, որ դեֆակտո ստատուս քվոն սկսում է դեյուրե ընկալվել, երկու-երեք տարի փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է ռազմական ճանապարհով ցանկացած պահի փոխել ստասուս քվոն, որը հաստատուն մեծություն չէ, ինչպես թվում է Հայաստանին, Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային հանրությանը: Սովորական էր դարձել, որ միշտ էլ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ կամ հետո շփման գծում Ադրբեջանը սրում էր իրավիճակը, որ ցույց տար՝ հարցն ամենևին լուծված չէ: Այս անգամ, երբ Ալիևը ԱՄՆ մեկնեց, նրան տրվեցին որոշակի մեսիջներ՝ հասկացրին, ու ինքն էլ հասկացավ ¥այդ թվում՝ Հավայի նահանգի՝ ԼՂՀ-ի ճանաչումով¤, որ ստատուս քվոյի հետ գերտերությունները չեն կարող հաշվի չնստել: Կարծում եմ՝ դա, Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական սուր գերխնդիրներով հանդերձ՝ նրան դրդեց քայլեր ձեռնարկել: Առավել ևս, որ նախորդել էին ԱՄՆ-ՌԴ հանդիպումները՝ Քերի-Լավրով, Քերի-Պուտին:
-Չի՞ ստացվում հակահայկական դավադրություն, որը հաստատում է համանախագահների պահվածքը քառօրյա պատերազմում ու հաջորդող օրերին՝ եղել է ինչ-որ համաձայնություն կողմերի միջև, որ Ադրբեջանը հարձակվում է՝ փորձելով փոխել ստեղծված փակուղային իրավիճակը, որից հետո բանակցությունները շարունակվում են՝ նոր պայմաններով: Այդպե՞ս է:
-Կարծում եմ՝ ավելի լայն պետք է հարցը դիտարկել, կա ոչ այնքան հակահայկական դավադրություն, որքան ռուս-ամերիկյան գլոբալ համաձայնություն տարբեր կոնֆլիկտների շուրջ: Պատմական այս փուլում, կարծում եմ, ԱՄՆ-ը համաձայնել է հետխորհրդային տարածքի առնվազն մի որոշ հատվածը «հանձնել» Ռուսաստանին, ինչին Մոսկվան մի քանի տարի ձգտում էր, որի սուր արտահայտությունը եղավ ՈՒկրաինայում, դրանից առաջ՝ Վրաստանում:
-Ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը «հանձնի» հետխորհրդային տարածքը, չունի՞ իր շահերը:
-Իհարկե ունի, բայց աշխարհաքաղաքական և ԱՄՆ-ի նախընտրական տրամադրություններից ելնելով՝ պատմական այս ժամանակաշրջանում կան առավել կարևոր տարածաշրջաններ, որտեղ այդ շահերն ավելի ծանրակշիռ են:
-Խիստ կասկածում եմ:
-Կասկածելու ի՞նչ կա, այսօր փաստ է, որ Ղրիմի հարցը «մոռացված է», Դոնբասի հարցի լուծում է դառնում, կարծես, սառեցված կոնֆլիկտի տարբերակը ¥ինչպես Մերձդնեստրը¤, Աբխազիայի ու Օսիայի մասին ոչ ոք չի հիշում՝ Վրաստանից բացի: Թեպետ նույնիսկ Դոնբասում կարծես թե Ռուսաստանը որոշ զիջումների է գնում, եթե հաշվի առնենք լուրերը, որ Դոնբաս կարող են մտցվել ԵԱՀԿ մանդատն ունեցող ոստիկանական ուժեր:
-«Մոռանալու» նշա՞ն է ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետխորհրդային տարածքներում:
-ԱՄՆ-ը վերջին ժամանակներս ՌԴ-ի նկատմամբ հետաքրքիր մարտավարություն է ընտրել՝ սեպարատ համաձայնության են գալիս Մոսկվայի հետ՝ գործընթացներին մասնակցելու վերաբերյալ ու սպասում են, որ Ռուսաստանը կձախողվի, ասենք, կխրվի Սիրիայի «ճահճում»: Երբ Ռուսաստանը զգաց, որ խրվում է, դուրս եկավ Սիրիայից:
-Մոսկվան իրո՞ք դուրս եկավ Սիրիայից՝ հանձնե՞ց Բաշար Ասադին:
-Ոչ, Ռուսաստանը պաշտոնապես մտավ Սիրիա ու պաշտոնապես էլ դուրս եկավ՝ օգնելով Ասադի զորքերին ազատագրել որոշ ռազմավարական տարածքներ ու Պալմիրան, այսինքն՝ պաշտոնապես ցույց տվեց, որ դուրս է գալիս պատերազմական ակտիվ փուլից հաղթական դրոշներով, թեկուզ, իհարկե, նշանակալից չափով զինուժ Սիրիայում թողնելով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի ռիսկերն իրոք շատ բարձր են: Ռուսական թերթերի հրապարակած կազանյան սկզբունքները, որ 2011-ին Դմիտրի Մեդվեդևն էր առաջարկել, նման են մադրիդյան կամ մադրիդյան խորացված սկզբունքներին: Տարիների մեջ պարզ էր դարձել, որ գործընթացը առաջ չի շարժվելու: Եթե նախկինում էլ Ադրբեջանը չէր համարվում Ռուսաստանի ֆորպոստը Հարավային Կովկասում, այս ծրագիրը Ռուսաստանի համար լուրջ պրոբլեմներ կստեղծի Հայաստանում՝ հարուցելով հակառուսական տրամադրությունների աճ: Առավել ևս՝ քառօրյա պատերազմից հետո:
-Այդ հեռանկարը իմանալով՝ Մոսկվան ինչո՞ւ է իր լրատվամիջոցներով, տարաստիճան պաշտոնյաների ձեռքով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ձևավորում՝ վստա՞հ է, որ տնտեսական լծակներով կփակի քաղաքական դժգոհությունը:
-Ռուսաստանը, կարծում եմ, մի քանի ծրագիր ունի: Պլան Ա, պլան Բ, պլան Գ, որ լյուֆտերի հնարավորություն է տալիս: Մոսկվան շատ լավ հասկանում է, որ բարդ գործընթաց է, որ բանակցային հնարավորություններ գրեթե չկան՝ կողմերը հակադիր տեսակետներ ունեն: Հայաստանը կարմիր գիծ է համարում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ադրբեջանը լսել չի ուզում հանրաքվեի մասին՝ միջազգային չափանիշներով: Լավագույն դեպքում պատկերացնում է, որ փախստականներին ու նրանց մեծացած ընտանիքներին կվերադարձնի ու կփոխի բնակչության համամասնությունը: Կազանի տարբերակի հիմնական տարբերությունը, այնուամենայնիվ, կարծում եմ խաղաղապահ ուժերի տեղակայումն է: Եթե Մոսկվային հաջողվում է կողմերին բանակցային սեղան վերադարձնել, իր մասնաբաժինը խաղաղապահների տեղակայումն է: Կարծում եմ, որ Ռուսաստանն ունի իր լյուֆտերը բոլոր տարբերակների համար, այդ թվում, որ կողմերը համաձայնության չեն գա ոչ մի հարցում:
-Չե՞ք կարծում, որ խաղաղապահներից բացի՝ Մոսկվան լուծում է տարածաշրջանում նավթային ու գազային ծրագրերի փակման հարցը՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի տարածքով, որ ավելի կենսական խնդիր է՝ Եվրոպայում «Գազպրոմին» մրցակից չունենալու համար:
-Չեմ բացառում, գուցե շատ ավելի կարևոր է գործընթացը կառավարելը, քան լուծում ունենալը: Եթե քսաներկու տարվա հրադադարի պայմաններում համաձայնության գալ չի հաջողվել, այսքան զոհերից հետո, այսքան սուր իրավիճակում ինչպե՞ս կարող է վստահության ու համաձայնության գործընթաց լինել մի փաստաթղթի շուրջ, որը որևէ նոր սկզբունքային մոտեցում և կետ չունի: ՌԴ-ի համար հիմա ավելի շատ կարևոր է գործընթացը՝ Մոսկվան փորձում է իր դերը մեծացնել մի տարածաշրջանում, որը հաղորդակցուղիների տեսակետից շատ կարևոր է ու հեռանկարային է դարձել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկելուց հետո: Ոչ միայն Իրանի պարագայում, այլև Ադրբեջանի: Ամեն դեպքում, վերսկսելով պատերազմը և գլոբալ առումով նպատակին չհասնելով՝ Բաքուն որպես գեոտնտեսական և ռեգիոնալ տնտեսական գործընկեր, կարծում եմ, դարձավ ավելի խոցելի, բարդ է պատկերացնել, թե ով կհամաձայնի լուրջ աշխարհատնտեսական նախագծեր սկսել մի վայրում, որտեղ անընդհատ կրակում են: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցն էլ խոշոր հաշվով վկայեց, որ դադար է վերցվում «հեռու գցված» բանակցությունները ինչ-որ ժամանակից վերսկսելու համար, բայց սեղանին մնում են Կազանյան սկզբունքները, որոնց հայաստանյան իշխանությունները պաշտոնապես դեմ չեն:
-Այս իրավիճակում՝ ի՞նչ ներքին փոփոխություններ պիտի լինեն:
-Հիմա շատ է խոսվում, որ պատերազմն անսպասելի էր: Ես կարծում եմ՝ ռազմավարական առումով Հայաստանի իշխանության համար շատ անսպասելի չէր կարող լինել: Հիշեցնեմ փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը իր կուսակտիվում, շատերն ասացին, որ նախընտրական ելույթ էր՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այն ժամանակ էլ, հիմա էլ՝ ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը, որպես ի պաշտոնե ամենատեղեկացվածը և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում ի պաշտոնե ակամայից խաղացող՝ տեսնում էր նման զարգացումներ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների տիրույթում: Հետագա քայլերը հավանաբար միտված էին պետական անարդյունավետ կառավարման համակարգն արդյունավետ և նշմարվող մարտահրավերներին ինչ-որ չափով համարժեք դարձնելուն: Այլապես անհավանական է, որ Սերժ Սարգսյանը մի օր արթնանար ու որոշեր տարիներով ձևավորված իր թիմը փոփոխել կամ թարմացնել: Իմ տպավորությամբ` դա ավելի շատ իշխանության ու գուցե որոշ չափով պետության ինքնապահպանման բնազդն էր: Այլ մոտիվացիաները ավելի շատ քաղաքական ռոմանտիզմի ժանրից են:
-Պետական համակարգը դարձա՞վ արդյունավետ, ինչո՞ւ արդյունքները չկան:
-Սերժ Սարգսյանը միշտ դանդաղ է շտապում, քառօրյա պատերազմը վկայեց, որ գործող պետական համակարգը քիչ արդյունավետ է: Պատերազմը կարճ էր, բայց պայթեցրեց շատ միֆեր: Մեզ համար շատ ցավոտ թեմաներով: Կարծում եմ՝ ռազմավարական առումով Սերժ Սարգսյանը պատկերացնում էր, որ նման զարգացումներ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական գլխավոր կենտրոնների կողմից, ինչպես երևում է մարտավարական անակնկալ էր կոնկրետ ժամկետը: Գոնե հիմա այսքան ծանր գնով եղած բացահայտումները պետք է ծառայեցնել պետությանը: Առայժմ իշխանությունները փորձում են արտաքին քաղաքականության մեջ դադար վերցնել, փոխել որոշ ուղղությունների մարտավարությունները, ինչ-որ տեղ կոշտացնել դիրքորոշումները և այլն: Ինչ էլ առաջարկվի, պատասխանվելու է, որ այս մթնոլորտում այսպիսի «գործընկերոջ» հետ հնարավոր չէ հարաբերվել, որ արդեն ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, և առավել քան թափանցիկ ակնարկել է Սերժ Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պաշտոնական նախերգանքում: Եթե հիմա գնում ես բանակցելու, ստացվում է՝ խաղաղություն տարածքների դիմաց:
-ՈՒժի տեսակետից մեզ հետ խոսել փորձում է Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
-Որպես գործիք Ադրբեջանը՝ հիմնականում: Կարծում եմ, Ռուսաստանին այժմ պետք չեն տարածաշրջանում մեծ փոփոխություններ:
-Բայց տարածքներ հանձնելը ձեռնտու է՝ միանգամից լուծում է խաղաղապահների տեղակայման հարցը, փակում է գազի այլընտրանքային տարբերակն ու ՆԱՏՕ-ի ճանապարհը:
-Այո, բայց միանշանակ լուրջ կորուստներ է ունենում Հայաստանում նախ և առաջ ժողովրդի վստահության կորստի առումով, որի ակնհայտ միտումները զգացվեցին պատերազմական օրերին և հետո: Կարծում եմ՝ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, որ հարցը չլուծվի, տարածաշրջանը մնա նույն անկայուն վիճակում, որտեղ լուրջ աշխարհաքաղաքական նախագծեր հնարավոր չեն, իսկ ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների և մերձակա տարածաշրջանների վրա պահպանվում է և ինչ-ինչ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների պայմաններում անգամ աճում:
-Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանին համոզելու, ինչի՞ դիմաց:
-Ռուսաստանը Ադրբեջանին համոզելու խնդիր չունի: Ադրբեջանն ասում է՝ եթե դու չլինես, ես հարցերը կլուծեմ: Ռուսաստանը պատասխանում է՝ միակ ձևն ինձ հետ պայմանավորվելն է: Հայաստանն ասում է՝ Ռուսաստան, եթե դու ինձ չկանգնեցնես, ես հարցերը կլուծեմ, Ռուսաստանը նույնը պատասխանում է Հայաստանին: Երկու դեպքում էլ խաղարկում է միջնորդի իր դերը:
-Ի՞նչ է ասում Իրանը, որ ունի սեփական քաղաքական ու տնտեսական շահեր:
-Իրանը բավականին զգույշ է խաղում և, կարծում եմ, թողնելու է, որ Ռուսաստանն այստեղ իր խաղը խաղա՝ բոլորն էլ հույս ունեն, որ Մոսկվան ոչնչի չի հասնելու հարցը լուծելու առումով: Թեհրանը ժամանակ առ ժամանակ միջնորդական առաքելության պատրաստակամություն է հայտնել: 1992-ին ուղղակի միջնորդ է եղել հակամարտող կողմերի միջև և հենց այդ օրերին մերոնք ազատագրեցին Շուշին: Բայց այսօր Մինսկի խումբը մնում է հարցի լուծման միակ ձևաչափը: Իրանի դիրքորոշումը վաղուց հայտնի է՝ Թեհրանը դեմ է, որ տարածաշրջանից դուրս երկրները շփման գծում խաղաղապահներ տեղակայեն, ոչ ավելին: Կարծում եմ, շատ դեպքերում Թեհրանի թվացյալ չեզոքությունը օգտակար է եղել Հայաստանին:
-Ռեա՞լ եք համարում այս իրավիճակում ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից:
-ԼՂՀ ճանաչումը, կարծում եմ, վերջին քայլն է և փաստացի նշանակում է դուրս գալ հրադադարից հետո առկա բանակցային գործընթացից: Այս դեպքում երկու տարբերակ կա. մեկը՝ ԼՂՀ ճանաչումն է, մյուսը՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանին միանալու որոշումը կատարելը: Դա վերջին փամփուշտն է, որով Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից ու դեյուրե մտնում հակամարտության մեջ, որ նոր իրավիճակ է ստեղծում: Կարծում եմ՝ առայժմ դա զուտ բանակցային ռեսուրս է, ավելի ռեալ ռեսուրս է, իմ կարծիքով, նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր է կնքելու ԼՂՀ-ի հետ: Շատ է խոսվում, որ Ղարաբաղում 80-ականների զենքն էր պատերազմում, բոլորս էլ հասկանում ենք, որ ուրիշ զենք էլ կա, բայց այնտեղ չէր, որովհետև իրավական հիմք չկար: Իմ կարծիքով՝ դա բավականին հետաքրքիր փաստարկ է, որ անդուր է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի համար: Այդ դեպքում նրանք արդեն հարկադրված են իրենց տեսակետն արտահայտել:
-Ինչքա՞ն պիտի բոլորին դուր գալու մասին մտածենք: Ձեզ չի՞ թվում, որ Բելառուսն ու Ղազախստանը դանդաղ, բայց հաստատուն քանդում են ԵԱՏՄ-ն, և այդ պատմությունը մեղմորեն ավարտվելու է մի քանի տարում:
-Բազմիցս եմ ասել, որ թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՏՄ-ն Հայաստանին հետաքրքրում են ձևական առումով: Առաջին հերթին մեզ հետաքրքրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, կլինե՞ն ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, չե՞ն լինի, մեզ համար կարևոր են մեր ռազմավարական պայմանագրերն ու հարաբերությունները Ռուսաստանի հետ:
-Արժե՞ր Արևմուտքի հետ հարաբերությունները իջեցնել այս մակարդակին հանուն ԵԱՏՄ-ի, եթե թիրախը Ռուսաստանն է:
-Ես չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը պատրանքներ է ունեցել կամ ունի՝ Բելառուսի ու Ղազախստանի, Ղրղզստանի առումով: ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական մակարդակը առանց նրանց էլ կար ու կլիներ: ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի ճակատագիրը պետք է հետաքրքրի Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին՝ իր նախագիծն է, իր աշխարհաքաղաքական այլընտրանքը ի պատասխան աշխարհաքաղաքական այլ կենտրոնների: Ես մնում եմ այն կարծիքին, որ, ցավոք, մեզ լուրջ այլընտրանք չներկայացվեց, և մենք ի վիճակի չէինք Ռուսաստանին դիմակայել՝ ռեալ այլընտրանքի բացակայության պայմաններում: Առնվազն անվտանգության տեսակետից այսօր էլ մեզ որևէ այլ տեղից գործուն այլընտրանք չի ներկայացվում: Այլ հարց է, որ այսօր կա մեծ հիասթափություն թե ԵԱՏՄ-ի և թե տրված անվտանգության երաշխիքներից: Բայց ամենավտանգավորը մնում է այն, որ, ցավոք, մենք շարունակում ենք աշխարհաքաղաքական պորտաբույծի գաղափարախոսությամբ հարաբերվել աշխարհի հետ միշտ մտածում ենք՝ մեզ ի՞նչ են տալու, ոչ թե համատեղ ինչի՞ կհասնենք:
-Չե՞նք հասնում նրան, որ Հայաստանում իշխանափոխություն է պետք:
-Հասարակության արագ մոբիլիզացիան և կոնսոլիդացիան իշխանությունների համար չորսօրյա պատերազմի առաջին փուլում շատ լավ էր, բայց հիմա այդ նույն մոբիլիզացված հասարակությունը սկսել է անհարմար և տհաճ հարցեր տալ, և իշխանությունը արագ հասկացավ, որ խնդիրներ բարձրացնող հասարակությունը սկսելու է իր համար առաջնորդներ որոնել: Նույնիսկ ամայացած ու գնված ընդդիմադիր դաշտում կարող են հայտնվել իշխանության համար վտանգավոր անհատներ:
-ՈՒ՝ ի՞նչ:
-Ներքին հեղափոխական փոփոխություններ են պետք, որոնք կամ արդյունավետ ու այսօրվա իրավիճակին ադեկվատ կդարձնեն կառավարման համակարգը, կամ կփլուզեն, այլևս դանդաղ շտապելու ժամանակ չկա:

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ