ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Գրանտով Ղարաբաղ փոխելը խնդիր չէ

Գրանտով Ղարաբաղ փոխելը խնդիր չէ
17.06.2016 | 01:08

Մեր ազգային ու անձնական ձախողումների ու դժբախտությունների մեջ մեղավոր են բոլորը, բայց ոչ մենք: Միշտ պատրաստ ենք բոլորին մեղադրել անարդարության ու կողմնակալության մեջ, պահանջում ենք երկակի ստանդարտներից զերծ մնալ ու առաջնորդվել իրական արժեքներով: Իսկ մեզ նայե՞լ ենք: Մեր արժեքների իսկությունը գործով ստուգե՞լ ենք: Մենք իրա՞վ միշտ ազնիվ ու արդար ենք: Մեր առաջ ու աշխարհի:


Քառօրյա պատերազմը ազգային հերոսության ու ազգային ինքնագիտակցության բռնկումի հետ բազում բացահայտումներ արեց, որ դեռ չենք արձանագրել իրենց ողջ խորքով ու բովանդակությամբ, չենք ընկալել ու չենք արժևորել: Խոսքը ոչ բանակում պաշտոնական դիրքի չարաշահումների, ոչ կոռուպցիայի, ոչ էլ այլ իրողությունների մասին է: Խոսքը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների մասին է՝ լավ հայտնի անհատների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների: Չեմ ուզում ոչ թվարկել անուն առ անուն, ոչ նշել նրանց գործունեության դրդապատճառները: ՈՒզում եմ պարզ հարց ուղղել նրանց՝ ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որևէ իրավապաշտպան կազմակերպություն, որ գործում է Հայաստանում, որևէ կազմակերպության ղեկավար կամ անդամ իր բողոքը չբարձրաձայնեց ի պաշտպանություն դպրոցի բակում սպանված երեխայի, ադրբեջանցիների ձեռքով անդամահատված ծեր ամուսինների, թե՞ սպանված երեխան ու ծերերի կտրված ականջները սովորական են նրանց համար: Ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ պաշտպան չպահանջեց դատապարտել պատերազմ վարելու միջազգային կոնվենցիաները ոտնատակ տված ադրբեջանցի զինվորներին՝ նրանց ձեռքով գլխատված հայ ու եզդի զինվորների համար, սպանված զինվորների դիակապտության համար:

Թե՞ դա էլ ընդունված պրակտիկա է: Բոլորս, այո, սպասում էինք միջազգային հանրության դատապարտումին ու հասցեական հայտարարություններին: Հասցեական հայտարարություն անում են, երբ կա հասցեատեր ընդհանրապես, իսկ մենք մեր հասցեն կորցրել ենք, մենք դարձել ենք սպառող, որ ոչինչ չի արտադրում: Այդպես էլ որևէ իրավապաշտպան հասարակական կազմակերպություն չվտանգեց իր ֆինանսական բարեկեցությունը և անկանխատեսելի արձագանք ունեցող բողոք չուղղեց միջազգային որևէ կառույցի: Նրանք գերադասեցին խելամտորեն սպասել՝ պարզելու իրավիճակն ու հանգամանքները, գնահատականներն ու հետևանքները: Ֆինանսավորման տեսակետից վճռորոշ նշանակություն ունի ժամանակը՝ դրամաշնորհները հատկացվում են մայիս-հունիսին, մինչ այդ չի կարելի չհրահանգված գործողություններով ու քայլերով հարվածի տակ դնել սեփական բարեկեցությունը: Միևնույն է՝ գլուխ ու ականջ կտրելը մարդու իրավունքների վաղեմության ժամկետ չունեցող ոտնահարում է՝ կգա հարմար պահը ու հնարավոր կլինի թե դատապարտել, թե սրեր ճոճել, որ պետությունը այս ու այս չի անում, որ մարդու իրավունքները համատարած ոտնահարվում են ու միայն իրենց հույսին են մնացել:

Պետությունը՝ լավ, վատ, իր գործն այս դեպքում արեց: Միայն եզակի իրավապաշտպաններ քառօրյա պատերազմի ընթացքում գնացին Ղարաբաղ, եղան խրամատներում, փաստեր հավաքեցին՝ միջազգային դատարան իրավական հայց ներկայացնելու հիմքեր ունենալու համար: Եզակի: Իսկ գրանտակերների գորշ զանգվածը հետո կօգտագործի նաև նրանց արածը՝ հանուն իր շահի՝ անձի, կազմակերպության, պլատֆորմի: Ոչ ԵՄ, ոչ ԵԽԽՎ, ոչ ԵԽ, ոչ Եվրախորհրդարան, ոչ ՄԱԿ, ոչ ՄԻԵԴ մեր փառապանծ ՀԿ-ները չդիմեցին ու չգործադրեցին այդ կառույցներում իրենց կապերն ու հեղինակությունը՝ տեղեկատվություն փոխանցելու, հասարակական կարծիք ձևավորելու, պարզապես հասցեական հայտարարություն ստանալու համար: Կրկնում եմ՝ մեկ-երկու բացառություններով: Հիմա, երբ արդեն դրամաշնորհները բաշխված են ու մեկ տարվա կտրվածքով ֆինանսական ապահովությունը հաստատված, նրանք կարող են խոսել, բայց ո՞ւմ է դա արդեն պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Փաստորեն, գրանտով Ղարաբաղ փոխելը խնդիր չէ, մարդու իրավունքները չպաշտպանելը խնդիր չէ, խնդիրը ճիշտ կողմնորոշվելն է՝ փող կտան, եթե բողոքե՞ս, թե՞ չբողոքես: Ո՞վ գիտի եվրոպացիներին ու ամերիկացիներին՝ ոչ արժեք ունեն, ոչ արժանիք, ամեն ինչ քաղաքականություն է, քաղաքականության հիմքում էլ փողն է: Ինչո՞ւ անուններ չեմ տալիս: Անմեղության կանխավարկածը կապ չունի: Դատավորը ես չեմ: Գործով վկա ենք բոլորս:

Դիտվել է՝ 4477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ