Միջազգային օլիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, ռուս մարզիկներին թույլ տվեց մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Սա ռուսական սպորտի համար հաղթանակ էր ծանր գնով, որովհետև այդ մասնակցությունը լիակատար չէ. մարզիկների մի մասը քառամյակի գլխավոր իրադարձությունը բաց է թողնում անցյալում խթանիչներ օգտագործած լինելու պատճառով, մի մասն էլ չի կարող մասնակցել առանձին մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների արգելանքով:
Ահա թե ինչպես է երկրի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն մեկնաբանել ՄՕԿ-ի որոշումը. «Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի նախօրյակին Ռուսաստանի ընտրանու մարզիկների նկատմամբ կիրառվող չափորոշիչներին, դրանք շատ կոշտ են: Սակայն դա որոշակի մարտահրավեր է մեր թիմին: Կարող եմ ասել, որ Ռուսաստանի ընտրանու մարզիկների մեծամասնությունը կհաստատի այդ չափորոշիչները, քանի որ մեր մարզիկների ութսուն տոկոսը եղել է միջազգային թեստավորումում: Նրանք մշտապես մասնակցում են խոշոր մրցաշարերին: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ընտրանու մեծ մասը կարող է համապատասխանել ՄՕԿ-ի ներկայացրած չափորոշիչներին: Մենք ոչ մի անհատ մարզիկ չունենք, ով հայտնվում է խոշոր մրցաշարում ու անհետանում: Ամբողջության մեջ մեր թիմը կազմված է փորձառու մարզիկներից, որոնց վերաբերյալ ամբողջական «Անձնական գործ» կա միջազգային ֆեդերացիաներում: Հուսով եմ՝ ֆեդերացիաների մեծ մասը ռուս մարզիկներին թույլ կտա մասնակցել օլիմպիադային»:
Նկատենք, որ ռուսական իրականությունում այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՄՕԿ-ի որոշումը: Կարծիքներ կան, որ այն պյուռոսյան հաղթանակ է, կարծիքներ կան, որ սողոմոնյան որոշում է, կարծիքներ կան, որ երկիրը չպիտի գնա նմանօրինակ նվաստացման: Մի խոսքով՝ ծայրահեղությունից ծայրահեղություն, բայց որ այնքան դաժան գնով ձեռք բերվածը ռուսները ձեռքից բաց չէին թողնի ու չթողեցին, նորմալ զարգացումների շրջանակում է: Հիմա վիրավորված խաղալու ժամանակ չէ, մանավանդ երբ քթի տակ է ֆուտբոլի աշխարհի 2018 թվի առաջնությունը, որը Ռուսաստանում անցկացնելը չեղարկելու համար պակաս խաղեր չեն տարվում:
Հատկապես այս առումով խորքային շատ հղումներ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ. «Անհեռատես պոլիտիկանները հանգիստ չեն թողնում նաև սպորտը, թեպետ հենց սպորտն է կոչված մերձեցնելու ժողովուրդներին ու հարթելու երկրների միջև գոյություն ունեցող հակասությունները: Ստեղծված իրավիճակը դուրս է եկել ոչ միայն իրավական դաշտի, այլև առողջ բանականության շրջանակներից»:
Ավելացնենք, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հայտնել է, որ երկրի օլիմպիականների վերջնական կազմը հայտնի կլինի հուլիսի 30-31-ին: Սույն անորոշությունը պայմանավորված է նրանով, որ միջազգային ֆեդերացիաները անընդհատ զտում են ռուս մարզիկների անունները: Զորօրինակ, ամենաթարմ լուրը. ծանրորդները կմասնակցեն երեք հոգով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ