Հաջորդ կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի մի քանի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Եթե մարզերից մի քանիսում ընտրապայքարը, կարծես, հանգիստ է ընթանում, «պայքարողն» էլ հիմնականում մեկ թեկնածու է, այն էլ՝ գործող ղեկավարը, ապա որոշ քաղաքներում բավականին «բուռն» պայքար է սպասվում։
Եվ այսպես, ընտրական թոհուբոհի մեջ են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզերը և Սյունիքի որոշ համայնքներ։ Արագածոտնն ամբողջովին «թաթախված» է ընտրությունների մեջ։ Այստեղ մարզկենտրոնում՝ Աշտարակում, քաղաքապետ են ընտրելու։ Առաջադրվել է 6 թեկնածու՝ Արմեն Անտոնյան, Գևորգ Եդիգարյան, Աշոտ Ղալաչյան, Թովմաս Շահվերդյան, Ռազմիկ Տերտերյան և Արշալույս Մեջլումյան։ Այս մարզի խոշոր քաղաքներից մեկում ևս քաղաքապետ են ընտրելու, բայց առաջադրվել է ընդամենը երկու թեկնածու՝ Գոռ Աբրահամյան, որը գործող քաղաքապետն է, և Էդգար Փարվանյան։
Արմավիրի մարզկենտրոնում՝ Արմավիրում, քաղաքապետի ընտրություն տեղի է ունեցել 2015-ին, իսկ համայնքներում, որտեղ հիմնականում մեկական թեկնածուներ են առաջադրված, սեպտեմբերի 18-ին կլինեն ընդամենը վերընտրություններ։ Սա է հուշում նախորդ տարիների ՏԻՄ ընտրությունների փորձը։ Ի տարբերություն մյուս մարզերի, Արմավիրի քաղաքներից Էջմիածնում նախընտրական արատավոր երևույթներ նկատվեցին դեռևս շաբաթներ առաջ։ Հաշվի առնելով, թե ում «վերահսկողության» գոտում է այս քաղաքը, նման զարգացումները խիստ կանխատեսելի էին։ Գեներալ Մանվել Գրիգորյանը, բնականաբար, վերստին կցանկանա իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին, տեսնել քաղաքապետի պաշտոնում։ Այս «գեներալական» ցանկությունն ի կատար ածելու համար չեն խորշի ու մարդկանց էլ կառևանգեն, կվախեցնեն։ Ինչպես ասում են, Էջմիածնում ընտրությունների մասին խոսելն անիմաստ է, այդուհանդերձ նկատենք, որ, բացի Կարեն Գրիգորյանից, իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Արթուր Թումանյանն ու Արթուր Խաչատրյանը։
Այս մարզի մյուս՝ Մեծամոր քաղաքում ևս քաղաքապետ կընտրեն։ Առաջադրվել են երեք թեկնածուներ, որոնցից մեկը գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն է, մյուս երկուսը՝ Ավետիք Հարությունյանն ու Սամվել Հովհաննիսյանը։
Արարատի մարզկենտրոն Արտաշատում ևս նախորդ տարի քաղաքապետ կարգվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Վարչապետի «տարածքում» բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Մասիս քաղաքում, որտեղ գործող քաղաքապետը «խաղից դուրս» է բերվել (ի դեպ, «Իրատեսն» իր նախորդ համարներում բավականին հանգամանալից ներկայացրել է արդեն նախկին քաղաքապետի «սխրագործությունները». հուրախություն մասիսցիների, նա այլևս քաղաքապետի հավակնություններ չունի)։ Մասիսում առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանը, ով վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը։ Այս մարզի մյուս քաղաքում՝ Վեդիում, ևս մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։
ՈՒշագրավ զարգացումներ կարող են լինել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում (նշենք, որ մարզկենտրոն Իջևանում նախորդ տարի է եղել քաղաքապետի ընտրություն), որտեղ առաջադրվել են յոթ թեկնածուներ՝ Գարիկ և Կարեն Աբազյաններ, Վանուշ և Սերյոժա Ամիրաղյաններ (Վանուշ Ամիրաղյանը գործող քաղաքապետն է), Արթուր Անանյան, Երվանդ Եգանյան, Գարիկ Փիրումյան։
Սյունիքի մարզի որոշ համայնքներում թեժ պայքար չի սպասվում։ Գորիսում առաջադրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը։ Քաջարանում ևս մեկ թեկնածու է՝ քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանը։ Մեղրիում նույնպես մեկ թեկնածու է՝ Մխիթար Զաքարյան։ Մարզպետ Սուրեն Խաչատրյանի «տարածքում» ևս ի սկզբանե ընտրապայքարը խեղդվել է «օրորոցում»։ Մրցակցություն չկա։ Ի՞նչ մրցակցություն, եթե ամեն ինչ որոշվում է ընտրություններից ամիսներ առաջ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ