Վաղը Թարգմանչաց տոնն է՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց: Ազգային-եկեղեցական տոն, որ նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ ՈՒմ համար՝ ինչպես, ինձ համար այդ տոնն ավելի կարևոր է, քան տարատեսակ իրադարձությունները, որ այս օրերին խայտում են շուրջբոլորն ու աղաղակում իրենց գոյությունը: Թարգմանչաց տոնը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, որին հաջորդեցին Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին վաղը նշում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Թարգմանչաց շարժումը սկսվել է հայ գրերի գյուտից հետո՝ 405-ին, նպատակ ուներ դուրս գալ հունական ազդեցությունից, բացել հայկական դպրոցներ, թարգմանել հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ազգային դպրություն։ Շարժումը մշակութայինից շատ ուներ պետական շահեր՝ Արշակունիների թուլացած գահին հայալեզու դպրոցն ու գրականությունը՝ հայալեզու եկեղեցու միջոցով, պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։ Ինքներդ դատեք՝ մեզ ի՞նչ է պետք հիմա, տարատեսակ կուսակցությունների միացման-բաժանման պատմությո՞ւն, թե՞ նոր Թարգմանչաց շարժում: Սա՝ նախաբան նրանց համար, ովքեր հոգևոր Հայաստանը զատում են նյութական Հայաստանից: Նաև նրանց, որ Հայաստանը տեսնում են միայն այսօրվա մեջ: Իսկ երկրին հեռանկար է պետք, իդեալ ու տեր:
Այսօրվա պատմությունը զվարճալի է, եթե փորձում ես լուրջ վերաբերվել: Օրինակ՝ ասուլիս է տալիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու ասում է, որ անցած երկու տարիներին տնտեսությունը շոկ է ապրել, 2017-ը պետք է լինի կայունացման տարի, որ 2018-ից հնարավոր լինի մտածել զարգացման մասին: Ո՞վ է ստում: Երկու տարի լսում էինք, որ տնտեսությունն աճ է արձանագրում: Հովիկ Աբրահամյանը գնաց, ու պարզվում է, որ ապրածը շո՞կ էր: Եթե նոր միայն ասում են՝ ինչ է եղել, ե՞րբ են ասելու՝ ի՞նչ է լինում: Կգա նոր վարչապետ, նոր ֆիննախարար ու կասի՝ կայունացման տարվա հայտարարությունը փորձ է եղել, բլեֆ, շոկի մեջ էինք: Հովիկ Աբրահամյանը չի առարկում, որ աճն ու շոկը պետք չէ շփոթել: ՈՒրեմն՝ ի՞նքն է ստել: Գոնե կրկներ. «Չնայած ներքին սպառման կրճատմանը, ՀՀ վերջին մեկուկես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»: Չի կրկնում: Երկու դեպքում էլ ոչ միայն ինքը, այլև իր կառավարության անդամները պարտավոր են պատասխան տալ: Չսպասեք: Նրանց և ձկների միջև, որ համարվում են բնության մեջ միակ լռող էակները (իրականում չեն լռում), տարբերություն չկա: Ազատ նավարկում են ու մտածում նորից ափ դուրս գալու տարբերակների մասին: Մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի՝ «ավետեց» Վարդան Արամյանը: Այսինքն՝ անկախության 26-րդ տարում պետությունը դարձել է «Սերգո ջան», որ, հիշեցնեմ, ովքեր մոռացել են, վատ էր ապրում ու պիտի պարտքով հարցերը լուծեր: Թեպետ Սերգեյ Երիցյանը երբեք «վատ» չի ապրել: Սա նույնպես պարադոքս է՝ պետության վիճակը շոկային է, քաղաքացու որոշ տեսակներինը՝ ոչ: Միայն այս տարի պետությունը 1 միլիարդ դոլար վարկ է վերցրել: Ֆիննախարարը բացատրում է. «700 միլիոն կրճատումը տրանսֆերտների եղել է 2014-2015-ին։ Մենք 2016-ին ևս ունենալու ենք 140 միլիոնի, դա գնահատական է, կրճատում։ Մոտավորապես 10-տոկոսանոց անկում է նկատվում տրանսֆերտների, որի հիմնական պատճառը ևս ՌԴ տնտեսությունն է, որ այս տարի մենք կունենանք լրացուցիչ ևս 1,2 տոկոս անկում ՌԴ տնտեսության համար»։
Վարդան Արամյանը, որ եղել է ֆինանսների փոխնախարար, պատասխանատու չէ՞, որ տարիներ շարունակ տրանսֆերտներն են եղել պետություն պահելու միջոց: Ի՞նչ է փոխվել, որ հիմա Վարդան Արամյանին, իմա՝ նոր կառավարությանը, պետք է հավատալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը այդ շրջագծում հոկտեմբերի 4-ին ընդունում է ՌԴ ու ԱՄՆ-ի դեսպաններին ու երկուսին էլ ասում է նույնը, երևի նաև լսում նույնը: Մի տարբերությամբ՝ ՌԴ տնտեսության ներկա վիճակում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության խորացման խոսակցությունը դիվանագիտություն է, ԱՄՆ-ի հետ՝ ռեալ տնտեսական հեռանկար, ինչին խանգարում է դիվանագիտությունը:
Ներդրումային համաժողովը կազմակերպվում է Նյու Յորքում, ոչ թե, ասենք, Սամարայում, Վորոնեժում կամ Սանկտ Պետերբուրգում: ՈՒ դա ավելի խոսուն փաստ է, քան այն, որ նախորդ վարչապետները կիթառ էին նվագում՝ տնտեսությունը անկում էր ապրում, իսկ Կարեն Կարապետյանը՝ հարվածային գործիքներ, ու տնտեսությունը վերելք է ապրելու: Դրայվոտ:
Նկատեցի՞ք, որ նշանակվեցին պաշտպանության ու ԱԳ նախարարներ: Օդում կախված մնաց Սեյրան Օհանյանի ճակատագիրը: Ի՞նչ է անում բարձրաստիճան պաշտոնյան, եթե մնում է անգործ: Ընդդիմադիր է դառնում: Անհեթեթ պատասխան է, եթե այդ պաշտոնյան ունեցել է գաղափարներ և համոզմունքներ (դրանք մի օրում չեն կարող փոխվել) ու ազնիվ իր գործն է արել: Գրում են, որ ԼՂՀ ու ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, գործակցելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հետ ու նոր կուսակցություն է ստեղծելու՝ «Շրջադարձ», անգամ նախագահելու է:
Ռուսներն էլ, իբր, ֆինանսավորում են: Ռուսները հիմա այնքան փող չունեն, որ կասկածելի ձեռնարկներում ներդրում անեն՝ արդյունք չստանալու հեռանկարով: Հարց՝ ինչպե՞ս է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը համատեղում ընդդիմադիր հայացքներն ու աշխատանքը: Ինչպե՞ս են նրան պահում այդ պաշտոնում: Թե՞ իրենք են հանձնարարել՝ կուսակցություն ստեղծել՝ ՀՀԿ-ի արբանյակ, որ գործի ընդդիմադիրի անվան տակ ու պայքարի «Համախմբումի» դեմ: Բայց դա շրջադարձ չէ, այլ դարձ ի շրջանս:
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «պայծառ ապագան» ՀՀԿ-ի համար դժվարանում է: Նրանք առաջինը բախվեցին Ընտրական օրենսգրքի «անկատարության» հետ, որ միանշանակ հաղթանակ չի բերում ու շատ անսպասելի մաթեմատիկա ունի: Արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը պիտի պատասխան տան: Սա Հովիկ Աբրահամյանի ոսկե ժամն է նաև՝ տեսնո՞ւմ եք՝ ինչ է լինում, երբ նա գործի մեջ չէ: Իսկ գուցե և գործի մեջ է, բայց գործի անունը ՀՀԿ չէ: Որքան էլ վիճարկվեն Վարդան Օսկանյանի կուսակցության ստացած տոկոսները, ընդունեք, որ ընդամենը հայտարարված ու այլևս ոչնչով իր ներկայությունը չզգացրած կուսակցության ձայն ստանալը բացատրվում է միայն Ռոբերտ Քոչարյանի պահպանված վարչական ռեսուրսով, կապերով ու ֆինանսներով: Փաստորեն, կան մարդիկ, որ նրան են տեսնում հաջորդ իշխանություն ու ձայն են տալիս նրա մունետիկ «Համախմբումին»: Իսկական շրջադարձը դա է, ոչ թե այն, որ նախագահականում է «շրջվում»:
Նկատեցի՞ք, որ ալիքն անցավ ոչ միայն ՀՀԿ-ի վրայով, այլև սրբեց ՀՅԴ-ին, թեպետ, որպես փորձառու ու հայրենասեր ուժ, նրանք դժգոհ են միայն իրենցից ու իրենց ունեցած իշխանությունից: ՏԻՄ ընտրությունները գլխացավանք դարձան ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ՀՎԿ-ի համար: Չնախատեսված արագ եկավ ճշմարտության պահն Արթուր Բաղդասարյանի քաղաքական ուժի համար՝ զրկելով մանևրից: Կա կոնկրետ իրավիճակ Վանաձորում՝ միանում են ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին, երրորդ քաղաքը չի ունենում ՀՀԿ-ական քաղաքապետ, բայց ՀՀԿ-ի հետ խորհրդարանական ընտրությունների գործարքի ճանապարհն են փակում: Չեն միանում, ուրեմն համագործակցում են իշխանության հետ: «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է՝ «Ձիուն ուժով ջրվեժ չես տանի»՝ ինչպես սիրում է Արթուր Բաղդասարյանն ասել, թեպետ հասկանալի չէ՝ ձին ջրվեժի հետ ի՞նչ գործ ունի, գուցե ոչ թե ջրվեժ, այլ ջրհո՞ր, բայց դա ուրիշ պատմություն է: ՀՎԿ-ի պայմանները ԼՀԿ-ին ոչ թե համագործակցության տարբերակ են, այլ օրինակ՝ ինչպես ձախողել համագործակցությունը ու գործակցին մեղադրել՝ ես ի՞նչ անեմ, դու ինձ դիմեցիր, դու ինձ մերժեցիր: Թե ինչո՞ւ պիտի ԼՀԿ-ն Վանաձորում քաղաքապետ ունենալու համար ընդուներ համապետական ընտրություններում դաշինք կազմելու՝ գործնականում լուծարվելու առաջարկը, թողնենք իրենց մեկնաբանությանը: Առավել տրամաբանության դեմ է, որ տասը ձայն ստացածը հինգ ձայն ունեցողին է թողնում քաղաքապետ դառնալու իրավունքը: Մինչ նրանք կպարզեին «ինչու»-ները, կյանքը ամեն ինչ իր տեղը գցեց՝ ՀՎԿ-ի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը շարունակեց «Ծեծն իբրև քաղաքական կատեգորիա» ավանդույթը: Իրոք, ինչո՞ւ պիտի աչքի ընկնի միայն Էջմիածինը՝ մեկ, քրեաօլիգարխիկ ընտրությունները երբեմն ավարտվում են քրեական գործերով, եթե օլիգարխները տեղական մասշտաբի են՝ երկու, ամեն Փելեշյան չէ Փելեշյան՝ երեք:
Եթե կաթողիկոսական աթոռանիստում ծեծը եկեղեցի չեն տանում, ՀՎԿ անդամը տարբերություն չի դնում՝ Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու հովվապետ Ռաֆայել Գրիգորյանին Արկադի Փելեշյանը մենա՞կ, թե 10-15 ուղեկիցների հետ ծեծել է եկեղեցում: Ի՞նչ կաներ առողջապահության նոր նախարարը, եթե բոլոր փող բաժանողներն ու վերցնողները ծեծ ուտեին, հիվանդանոցների միջանցքներն ու նկուղները չէին հերիքի:
ՏԻՄ ընտրությունները ֆինանսական ու վարչական ռեսուրսի արդիականությունը վերահաստատեցին, կա՞ր մեկը, որ կասկածում էր: Երևի միայն ՀԱԿ-ն ու ՔՊ-ն, որ որոշեցին վարչության կազմ փոխել: Թեպետ հայտարարում են, որ դա ՏԻՄ-ի ընտրությունների հետ կապ չունի, պարտությունից հետո փոփոխությունն անխուսափելի է հաջողության հասնելու համար: Բայց ելք չէ: Ընտրությունները մնում են աշխատանք՝ իշխանությունը մեկ օրով աշխատանք ու աշխատավարձ է տալիս ժողովրդին՝ աշխատանք, որ չունի մնացած 364 օրերին: Ավելի ռեալիստ չե՞ն այն կուսակցությունները, որ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում՝ չլեգիտիմացնելով ու չխառնվելով ով ում ինչ տվեց, ինչ ստացավ-չստացավին: Սեպտեմբերի 16-ի ու հոկտեմբերի 3-ի ՏԻՄ ընտրությունները վկայեցին՝ ընտրակարգի փոփոխությունները, ՀՀԿ-ից բացի այլ կուսակցությունների ներգրավումը արդյունք չփոխեց, միայն երևան բերեց բոլորեքյան՝ իշխանության, ընդդիմության, ընտրողների քարացած մտածողությունը: Ինձ գուցե առարկեն, որ, ի հետևանս ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց թիվ 1 ընդդիմադիրի տիտղոսից, 1 % ստացած ՀԱԿ-ը հայտարարեց. «Հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների գործընթացը, առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության»:
Այո, իսկ կա՞ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանը վաղը հակառակը չի ասի, նա այնքան «ճկուն» է ու անհաստատ: ՀԱԿ-ն էլ քաղաքագիտական նոր վերլուծությամբ չի տարվի: Խնդիրը հստակ է՝ ԱԺ ընտրություններում ռուսական դաշտում խաղացող իշխանական ու ընդդիմադիր ուժերը մրցակցելու են քաղաքական այն ուժերի հետ, որ Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում ու խորհրդային մոդելով չեն տեսնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. 2017-ն Աքաղաղի տարի է՝ չոր, պեդանտ, կազմակերպված, ինքնավստահ, վճռական, պահպանողական, քննադատ, խանդոտ, պրակտիկ, պատասխանատու, եսասեր, հպարտ, ժուժկալ, պոռոտախոս, իշխանատենչ մարդկանց տարին: Ո՞Ւմ եք տեսնում իշխանություն: Հիշեցնեմ, որ Աքաղաղ նախագահ ունեցել ենք՝ երկրորդը: Թարգմանչած շարժման սուր անհրաժեշտությունը զգացի՞ք: ՈՒ ի՞նչ եք անելու: