Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրը կատարյալ գոլային հրավառությամբ ավարտվեց լա լիգայում. «Աթլետիկոն», «Ռեալը», «Սևիլիան», «Վիլյառեալն» ու «Բարսելոնը» միասնական ուժերով խփեցին քսանինը գնդակ: Դրամատիկ զարգացումների պակաս չկար և պրեմիեր լիգայում: Մասնավորապես, «Մանչեստր Սիթին» ապշեցրեց երկու տասնմեկմետրանոցի չիրացումով: Պակաս զարմանալի չէր և «Բավարիան» իր երկրորդ անընդմեջ ոչ-ոքիով, իսկ թե ինչ կամ ինչեր եղան (իսկ գուցե և չեղան) «Լիվերպուլ»-Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում, բնականաբար, չենք կարող ասել, քանզի հանդիպումը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Լոկ հավելենք, որ այս առճակատումը համարվում էր տուրի թիվ մեկ դիմակայությունը ոչ միայն Անգլիայի, այլև ողջ Եվրոպայի մակարդակով:
ԳԵՐՄԱՆԻԱ
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ «Բավարիայի» երկրպագուներին բաժին հասավ վերջին երկու տուրի երկրորդ խոշոր հիասթափությունը: «Քյոլնի» հետ ոչ-ոքիից հետո բավարացիները դարձյալ մեկ միավորից ավելի չվաստակեցին, և դա այն դեպքում, երբ երկրորդ խաղակեսի միջնամասից մրցակիցը հանդես էր գալիս տասը հոգով: Մարզասերի հիասթափությունն ավելի խորացրեց այն, որ թվային գերազանցության պայմաններում մյունխենցիները տանտերերին հանդիպման հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տվեցին՝ 2:2:
Երկրի գործող չեմպիոնի հետ ոչ-ոքիից հետո «Քյոլնի» ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան (2:1) «Ինգոլշտադտի» հետ պայքարում ու տասնհինգ միավորով ամրապնդվեցին երկրորդ հորիզոնականում (ընդամենը երկուսով է պակաս մյունխենցիների ունեցածից): Նույնքան միավոր է գրանցված նաև «Լայպցիգի» անվան դիմաց, որն արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել ընթացիկ մրցաշրջանում խոր տեղատվություն ապրող «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Հավանականությունը մեծ է, որ գերմանական «գայլերի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը մոտ ժամանակներս հեռացվի պաշտոնից: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», խաղավերջում մեկական կարմիր քարտի փոխանակմամբ սեփական հարկի տակ 1:1 է խաղացել Բեռլինի «Հերտայի» հետ ու տասներեք միավորով հինգերորդ հորիզոնականում է՝ մեկ միավորով հետ մնալով նույն «Հերտայից»: Ի ամփոփումն նշենք, որ յուրաքանչյուր տուր նոր փոփոխություն է մտցնում բունդեսլիգայի առաջատար եռյակում՝ ոմանց համար մրցաշրջանը դարձնելով առավել հետաքրքրական, ոմանց համար էլ՝ առավել նյարդային:
ԻՍՊԱՆԻԱ
Ի տարբերություն բունդեսլիգայի, լա լիգայում առաջատար եռյակն էլ, քառյակն էլ, հնգյակն էլ անփոփոխ են՝ գոլային հրավառություններով: Հյուրընկալվելիս «Սևիլիան» 3:2 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ, նույն արտագնայում խոշոր հաշվով հաղթանակ տոնեց վերջին չորս խաղը ոչ-ոքիներով ավարտած «Ռեալը» (մրցակիցն է եղել «Բետիսը»՝ 6:1), իսկ տնային հանդիպումներ ունեցած «Բարսելոնը», «Աթլետիկոն» ու «Վիլյառեալը» հաղթել են «Դեպորտիվոյին» (4:0), «Գրանադային» (7:1), «Սելտային (5:0): Ահա այսպիսի գոլային անհագություն: Նշենք, որ տևական ընդմիջումից հետո խաղադաշտ է վերադարձել Մեսին ու աչքի ընկել դարպասի գրավումով: Ի դեպ, գոլի հեղինակ է դարձել նաև վերջին շրջանում մրցակցի դարպաս տանող ճանապարհը մոռացած Ռոնալդուն: Ինչ վերաբերում է «Աթլետիկոյի» խոշոր հաշվով հաղթանակին, այստեղ ծանրակշիռ մասնակցություն է ունեցել Կարասկոն՝ դառնալով երեք գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:
Լա լիգայի առաջին երկու հորիզոնականում մադրիդյան ակումբներն են տասնութական միավորով (լրացուցիչ գործակիցներով առաջինն «Աթլետիկոն» է): «Սևիլիան» ունի տասնյոթ, «Բարսելոնը»՝ տասնվեց միավոր: Նշենք, որ կատալոնցիների ունեցածի չափ է և «Վիլյառեալի» վաստակածը:
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում «ծեր սինյորայի» առնչությամբ հայտնի բանաձևումը՝ «Կա «Յուվենտուս», կան մնացածներ», շարունակում է մնալ ուժի մեջ: Երկրի գործող չեմպիոնի մրցակիցը հյուր եկած «ՈՒդինեզեն» էր՝ 2:1: Նշենք, որ կամային այս հաղթանակից հետո թուրինցիների վաստակած միավորները դարձան քսանմեկ: Նեապոլ մեկնած իտալական «գայլերը» բնավ էլ հաշվի չեն առել «Նապոլիի» ամբիցիաներն ու տուն են դարձել 3:1 հաշվով հաղթած, ինչը հանրագումարում հռոմեացիներին տասնվեց միավորով տեղ է ապահովել աղյուսակի երկրորդ հորիզոնականում (նշենք, որ սա նեապոլցիների երկրորդ անընդմեջ սայթաքումն էր, ինչն էլ նրանց դուրս թողեց առաջին եռյակից): «Ռոմայի» օրինակով տասնվեց միավոր ունի և Վերոնայում տեղի «Կիևոյին» նույնպիսի հաշվով պարտության մատնած «Միլանը»: Միլանցիները երրորդ հորիզոնականում են:
ԱՆԳԼԻԱ
Հայտնի հույնն ասում էր. «Տվեք ինձ հենման կետ, ու ես շուռ կտամ աշխարհը»: Խոսքը բնականաբար, Արքիմեդի մասի է:
Աշխարհը չէ, բայց «Էվերտոնի» հետ տնային խաղում տասնմեկմետրանոցների տեսքով գոնե խաղի հաշիվը «շուռ տալու» հարյուրտոկոսանոց երկու հնարավորություն ընձեռվեց Գվարդիոլայի սաներին, ու ոչ մեկի մեղքը չէ, որ «Մանչեստր Սիթին» այդ դիմակայությունում կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել՝ 1:1 (այսպես ասենք՝ ոչ թե վրիպել են Կևին դե Բրյունեն ու Սերխիո Ագուերոն, այլ պարզապես փայլուն է խաղացել Մարտեն Ստեկելենբուրգը): Ի դեպ, այդ մեկ միավորն էլ չէր լինի, եթե Գվարդիոլայի ազգակից Նոլիտոն չհավասարեցներ հանդիպման հաշիվը:
Առաջատարի այս վրիպումից առավելագույնս օգտվեց «Արսենալը»՝ սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասնելով «Սուոնսիի» նկատմամբ բավական նյարդային խաղում (Վենգերի սաները վերջին քսան րոպեն անցկացրել են տասը հոգով) ու տասնինը միավորով հավասարվելով «քաղաքաբնակներին»:
Արտագնայում «Վեստ Բրոմվիչին» հաղթելու դեպքում պրեմիեր լիգայի առաջատարը կդառնար «Տոտենհեմը», սակայն Մոուրիսիո Պոչետինոյի սաները բավարարվեցին ոչ-ոքիով՝ 1:1: Տասնութ միավորով նրանք երրորդ հորիզոնականում են:
«Լեստերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) «Չելսին» տասնվեց միավորով հավասարվեց «Լիվերպուլին», սակայն վերջինս նույնքան միավոր է վաստակել յոթ տուրից: Յուրգեն Կլոպի սաներն ակտիվում ունեցած տուրի խաղն անցկացրել են երեկ ուշ երեկոյան: Մրցակիցը «Մանչեստր Յունայթեդն» էր: Հավելենք՝ մինչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է պահեստայինների նստարանին պահել Հենրիխ Մխիթարյանին, մեր ֆուտբոլիստի անվամբ մարզաշապիկներն Անգլիայում շարունակում են մնալ ամենաշատ վաճառվողները: Նկատի ունենալով Մխիթարյան-Մոուրինյո առերևույթ այնքան էլ ոչ տեսանելի հակասությունը՝ ասում եմ՝ գուցե խնդիրը լուծվի մի մարզաշապիկ էլ վերջինի՞ս նվիրելով: Չէ, հիշեցման կարգով չեմ ասում: Ոչ էլ նրա համար, որ տղա է, թող ունենա: Թե չէ, Վարուժան Սուքիասյանը չունեցավ, գործից հանեցին:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է հաղթական մրցելույթների շարանով զարմացնել «Նիցցան», որը պինդ բռնել է առաջին տեղն ու չի էլ պատրաստվում ոչ մեկին զիջելու: Հերթական հաղթական երեք միավորը ձեռք է բերվել «Լիոնի» հետ պայքարում՝ 2:0:
Տուրում տարած հաղթանակը երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին» տեղ է ապահովել երկրորդ հորիզոնականում (2։1 հաշվով առավելության է հասել «Նանսիի» նկատմամբ), իսկ ահա արտագնայում «Թուլուզից» կրելով բավական անսպասելի պարտություն (1։3)՝ «Մոնակոն» նահանջել է երրորդ հորիզոնական:
«Նիցցան» ունի քսաներեք, ՊՍԺ-ն ու «Մոնակոն»՝ տասնիննական միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ