ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սպայական համազգեստի պատիվը՝ Ձեզ ապավեն

Սպայական համազգեստի պատիվը՝ Ձեզ ապավեն
28.10.2016 | 00:28

Լրագրողական այս հետաքննությունը, որն ընթացել է մոտ 5 տարի, այս հրապարակումով ավարտվում է, թեև մեր ընթերցողները համոզված են, որ գործը պետք է հասցնել իր տրամաբանական հանգուցալուծմանը՝ խաղաղ երեկոներ, գիշերներ և լուսաբացներ պարգևելով հանրությանը:

Եվ այսպես. «Իրատեսի» թիվ 61 համարում նամակ-ուղերձ ենք հղել վարչապետ պարոն Կարապետյանին: Ահա նամակ-ուղերձի տեքստը.


«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին


Դիմում


Ընդունված կարգով նախ՝ շնորհավորում եմ Ձեր վարչապետությունը, մաղթում եմ անձնական-ընտանեկան, այնուհետև ծառայողական երջանկություն: Եվ ամենակարևորը, մաղթում եմ, որ ՀՀ կառավարական տունը Ձեր ղեկավարման տարիներին անեծքի դաշտից փոխադրվի օրհնանքի դաշտ: Ամե՛ն:
Երբ Դուք անվրդով քնած եք և հանկարծ ռումբի պայթյունի դղրդյունից վեր եք թռչում կեսգիշերին և տեսնում եք, որ դղրդյունը (Տերը կարոտ պահի) ռմբահարման արդյունք չէ, այլ պարզապես հրավառություն, վստահ եմ, բարի խոսքով չեք հիշում և՛ հրավառիչներին, և՛ նրանց սատարողներին: Իսկ երբ ամանորյան տոների ընթացքում Ձեր տոնական տրամադրությունը խաթարվում է մանուկ և պատանի հրոսակների պայթուցիկային զվարճանքից, չեմ կարծում, թե մեղմ ժպտում եք և մաղթում նրանց արևշատություն»:


Նամակ-ուղերձի վերջում ավելացրել էի, որ վարչապետին ուղղված նամակ-ուղերձս անհասկանալի պատճառներով ուղղվում է Երևանի Մաշտոցի ոստիկանություն: Նաև հավելել եմ, որ Մաշտոցի ոստիկանության հետաքննիչի հետ համապատասխան արձանագրություն կազմեցինք առ այն, որ ես այս խնդիրը ոստիկանության հետ չեմ կապում և խնդրում եմ, որ նման հարցերով հարգարժան ոստիկանությունը ինձ չանհանգստացնի: Հոդվածը տպագրվել է «Իրատեսի» հոկտեմբերի 4-6-ի համարում: Նամակ-ուղերձս փոստով ուղարկեցի ՀՀ վարչապետին, որպեսզի ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների վարչությունը (պետ՝ Ա. Ղազարյան) այն վերստին չուղարկի Մաշտոցի ոստիկանություն: Այս նամակը Ա. Ղազարյանը այս անգամ ուղղորդում է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունը (պետ՝ գնդապետ Ա. Կիրակոսյան) ահա Ձեզ ներկայացվող նամակն է ինձ հղում:

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ՀԵՂԻՆԱԿԻՑ
Ինքնին հրավառությունը գեղեցիկ բան է, տոնական է և ժամանցի ու զվարճանքի ուրույն տեսակ: Խնդիրը հրավառության (նաև պայթուցիկների) առաջացրած դժոխային աղմուկն է, անկախ այն բանից, դրանք արձակվում են սահմանվա՞ծ ժամերին, թե՞ դրանից հետո:

ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԻՐԱՏԵՍԻՑ»
Ահա «Ճապոնացիների համոզմամբ՝ մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով» հոդվածի նախաբանը և մեկ պարբերություն նշյալ հոդվածից. «Ըստ միջազգային չափանիշների՝ հանգիստ շնչառության դեպքում առաջանում է 10 դեցիբել աղմուկ, շշուկի դեպքում՝ 17 դեցիբել, թերթ թերթելը առաջացնում է 20 դբ աղմուկ, տան աղմուկը 40 դբ է, ծովափինը՝ 40 դբ: Միջին բարձրության խոսակցությունն առաջացնում է 50 դբ աղմուկ, բարձրը՝ 70: Աշխատող փոշեծծիչը 80 դբ աղմուկ է առաջացնում, մետրոյի գնացքը՝ 80, ռոք խմբի համերգը՝ 100, ամպրոպի ճայթյունը՝ 110, ռեակտիվ շարժիչը՝ 110, զենքի կրակոցը՝ 120: Եթե աղմուկը գերազանցում է 140 դեցիբելը, մարդը կոնտուզիա է ստանում, 160-ի դեպքում՝ մեռնում»: «Պայթուցիկների, տեղին-անտեղի հրավառությունների ձայնից երեխաները քնած տեղից վեր են թռչում, վախից նյարդային դասի տարբեր հիվանդություններ ձեռք բերում»: Սա ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի եզրակացությունն է: Նյութը տպագրվել է «Իրատեսի» 419-րդ համարում, 18.01.-21.01.2013 թ. (հեղինակ՝ Արմինե Սարգսյան):

ՆԱՄԱԿ ԳՆԴԱՊԵՏԻՆ
Վերոնշյալ անհողդողդ նամակագրությունը վկայում է, որ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Կիրակոսյանը խնդիրը (գուցե սեփական կամքից էլ անկախ) փակուղի է խցկում, ընդ որում, բավականին անբռնազբոս ձևով, ծաղրելով տողերիս հեղինակին, երբ դրա առիթը, կարծես, երբևէ չեմ տվել: Այս պահին կամենում եմ մի քանի սրտաբաց խոսք ուղղել հարգարժան գնդապետին: Նախ հարցնել՝ հայոց բարձրաստիճան պարոն ոստիկան, ես՝ որպես այս խնդիրը լուսաբանող և նրա շրջանակում հանրային դատապաշտպանի դերն ստանձնած մեկը, Ձեր հանդեպ երբևէ եղե՞լ եմ անհարգալից: Կարծես թե՝ ոչ: Նմանապես հարգանք եմ տածել առհասարակ հանրապետության ոստիկանության նկատմամբ, որը բարդ և հակասական պայմաններում փորձում է ծառայել օրինապահությանը: Առավել ևս, համոզված եմ, որ ոստիկանական ներկա համակարգում «երանոսյանակերպերը» պատահականություն են: Այսպիսով, բարոյագեղագիտական նախաբանն ավարտելով, անցնենք առաջ:

Հասարակական կարգի պահպանման մեջ Դուք զարմանալի ձևով չեք ներառում հրավառության հասցրած վնասները, որոնք հաճախ ծանր հետևանքներ են ունենում մարդկանց առողջության վրա, երբեմն էլ՝ աղետալի: Սակայն Ձեր ղեկավարած վարչությունը տարիներ շարունակ ո՛չ հրավառությունների ձայնն է լսում, ո՛չ էլ հասարակության բողոքները, այնինչ վաղուց ժամանակն է, որ պարեկային ծառայություն իրականացնեք բոլոր այն վայրերում, ուր գրեթե ամենօրյա հրավառություններ են իրականացվում: Դրանք, հատկապես մայրաքաղաքում, ամենուր են: Գուցե հենց նյութի հրապարակման պահից սկսեք ծառայել օրինականության պահպանմանը: Այսինքն, կարգի հրավիրեք բոլոր նրանց, որոնց համար հազարավոր բնակիչների անդորրն ու քունը խաթարելը պաթոլոգիական հաճույք է, ուրիշ ոչինչ:

Հարգարժան գնդապետ, քաջատեղյակ եմ և իրազեկում եմ «Իրատեսի» ընթերցողներին, որ հանրային անդորրի հերն անիծող գործողությունների առաջնային թիրախը նաև ոստիկանն է. ո՞ւմ հայտնի չէ, որ ոստիկանական ծառայությունը բարդ ու լարված է օրնիբուն, ոստիկաններին էլ է անհրաժեշտ լիարժեք հանգիստ և խաղաղ քուն: Ձեր ծնողներն ու երեխաներն էլ, ինչ խոսք, ահաբեկվում են հրավառության անտանելի աղմուկից, դուք, սակայն, ապշեցուցիչ համառությամբ շարունակում եք հանդես գալ որպես հասարակական կարգի հետևողական ոտնահարման պահապաններ: Փորձեք, որպես շարքային քաղաքացի, զանգահարել ոստիկանություն և տեղեկացնել, որ N օբյեկտից հրավառություն է կազմակերպվել, ինչը խանգարում է Ձեր քունն ու հանգիստը: Հավատացնում եմ, կփոշմանեք երիցս, քանի որ կհայտնվեք իրավապահների հյուսած բյուրոկրատական սարդոստայնում: Սարդոստայնը, ըստ էության, փաթաթվել է ոստիկանությանն ինչ-որ անհայտ ուժի կողմից: Ի պատասխան Ձեր ահազանգի, կհրավիրվեք ոստիկանության մոտակա բաժին, բացատրություն կտաք առ այն, որ այսինչ օրը և այսինչ ժամին այնինչ օբյեկտից շուրջ 3 րոպես հրավառել են երկինքն ու երկիրը: Ձեզ քաղաքավարությամբ կլսեն, այդ ամենը կարձանագրեն, Դուք կստորագրեք արձանագրության տակ, կվերադառնաք, իսկ երեկոյան և կեսգիշերին ստիպված «կզմայլվեք» նույն դժոխային պատկերներով: ՈՒրիշ ոչինչ: Այսպիսով, գուցե Ձեր գլխավորած վարչությունը վերջապես հանդես գա օրենսդրական նախաձեռնությա՞մբ, որն արմատապես կփոխի իրավիճակը:

Գիտե՞ք ինչն է զավեշտալի. եթե քաղաքացին ահազանգի ոստիկանություն և տեղեկացնի, որ շենքի բակում ծեծկռտուք է կամ հարևանի բնակարանի վերանորոգումը խանգարում է իր հանգիստը, ոստիկանությունը, իր լիազորությունների սահմաններում, կկանխի ապօրինությունները: Հրավառության և պայթուցիկագրոհի դեպքում ոստիկանությունն անզոր է: Եթե մեկը փորձի սեփական պատշգամբում շինարարական ինչ-որ աշխատանք կատարել կամ տանիքի ծածկը փոխել, րոպեներ անց ոստիկանը կհայտնվի և կպահանջի «օրինազանցից» ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Այսինքն՝ լրատուների ծառայությունը բավականին հստակ է աշխատում: Գուցե հատուկ լրատվական ծառայությո՞ւն ստեղծեք, որը կտեղեկացնի, թե որ պանդոկում կամ որ բակում են «թաթալաբազները» զվարճանում:


Այսպիսով, հայ հանրության մեծամասնության անունից առաջարկում եմ Ձեզ համակարգային հեղաշրջում իրականացնել այս գործընթացում, այլ ոչ թե, դարձյալ ակամա, պատսպարվել վարչական իրավախախտումների մասին օրենքի ծալքերում:
Ձեզ ապավեն են հանրային պահանջը, հայ ոստիկանի` օրենքով սահմանված լիազորությունները և, վերջապես, սպայական համազգեստի պատիվը:
Նաև խնդրում եմ, որ ապավինեք հոկտեմբերի 18-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստի ոգուն (հուսանք, որ այն «պատմական» կլինի): Նիստում ուղերձ հղվեց հայությանն ու հայկական պետականությանը: ՈՒշադիր եղեք հատկապես այս պարբերության նկատմամբ. «Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը»:
Հարգարժան պարոն գնդապետ, հրավառության ձեռքը կրակն ընկած հայ ժողովուրդը, նաև Դուք, նաև ես մի՞թե գերագույն արժեք չենք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Նշյալ խնդիրն ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Հուսանք՝ այն կհնչի խորհրդարանական ամբիոնից:

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ