Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքել է պնդումները, թե Բրիտանիայի կառավարությունը չունի հստակ դիրքորոշում ԵՄ-ից դուրս գալու բանակցություններում: Նա ընդգծել է, որ պահպանվում է ԵՄ-ի հետ փոխշահավետ համաձայնության հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիային թույլ կտա պահպանել ներգաղթի վերահսկողությունը և սերտ տնտեսական կապերը մայրցամաքային Եվրոպայի հետ: Վարչապետը պատասխանել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ սըր Այվան Ռոջերսի քննադատությանը, որ անցյալ շաբաթ պաշտոնանկվեց: Կիրակի օրը Sky հեռուստաալիքով Թերեզա Մեյը հայտարարեց, որ իր կառավարության գերակա խնդիրը երկրի համար առավելագույնս շահեկան համաձայնագրի կնքումն է ԵՄ-ի հետ: Բրեկզիտի բանակցությունները կսկսվեն ապրիլին: Թերեզա Մեյի խոսքով՝ կառավարությունը գիտակցում է իր խնդիրների բարդությունը: Նա հիշեցրել է, որ խոսքն աննախադեպ գործընթացի մասին է: Վարչապետն ընդունել է, որ ԵՄ-ից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան չի կարողանա պահպանել միության անդամության որոշ ցանկալի արտոնություններ:
«Մարդիկ հաճախ ասում են, որ մենք դուրս ենք գալիս ԵՄ-ից, բայց ուզում ենք պահպանել անդամության ինչ-որ տարրեր,- ասել է վարչապետը:- Սակայն մենք դուրս ենք գալիս միությունից և հարցը նոր հարաբերությունների անհրաժեշտ չափորոշիչների որոշարկումն է, երբ մենք չենք լինի ԵՄ կազմում»: «Մենք ի զորու ենք վերահսկողություն սահմանել մեր սահմանների և մեր օրենսդրության վրա»՝ վստահեցրել է վարչապետը:
BBC
Հ.Գ. Թերեզա Մեյը հստակ գիտի՝ ինչ է ուզում ԵՄ-ից, բայց հարց է՝ իսկ Բրյուսելը ուզո՞ւմ է նրա ուզածը տալ. թեպետ մայրցամաքային Եվրոպային ու Մեծ Բրիտանիային միշտ էլ կապել են հաղորդակցության ճանապարհները, տնտեսական շահերն ու ֆինանսական կապերը: Կղզին՝ կղզի, բայց աշխարհագրական դիրքը Մեծ Բրիտանիայի համար ապահովել է Եվրոպան իրեն անքակտելի կապելու հնարավորությունը: Կանցնի մի քանի տասնամյակ և Մեծ Բրիտանիան նոր հանրաքվե կանի՝ ԵՄ-ին միանալու համար, բայց դա կլինի բոլորովին ուրիշ Եվրամիություն՝ քաղաքական, ռազմական, տնտեսական այլ կանոններով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ