Բարի օր, ամանորի մաղթանքներս նրանց, որ ողջ են մնացել ութ օր բուդ ուտելուց հետո ու պատրաստ են նոր սխրանքների: Կյանքը, իհարկե, զբաղմունքի փնտրտուք է, բայց մի մոռացեք, որ մենք բոլորս լույս աշխարհ ենք եկել մեր առաքելությամբ: Թող որ մեզնից առաջ է կառուցվել Բաբելոնի անավարտ աշտարակը ու բաժանվել են լեզուները, ծաղկել ու անհետացել են Շամիրամի այգիները, Ալեքսանդրիայի փարոսը հիմա էլ կա, Արտեմիսի տաճարը Հեփեսոսում Հերոստրատը չկործանեց, բայց կործանեց ժամանակը՝ ինչպես Զևսի արձանը Օլիմպոսում, Մավսոլի դամբարանը Հալիկառնասում, Հելիոսի արձանը Հռոդոսում, փոխարենը կա Քեոպսի բուրգը Գիզայում: Անտիպատրոս Սիդոնցին յոթ հրաշալիքները փոխանցել է դարերին ու հիմա մենք ենք տերը մարդկության հիշողության:
ՈՒ մենք մեր ընդհանրական հիշողությամբ աշխարհի ութերորդ հրաշալիքն ենք: Մեր առաքելությունը միայն հիշողության պահպանումը չէ, մենք պարտավոր ենք նոր հիշողություններ թողնել, որ անցյալն ու ապագահ շաղկապեն: ՈՒ դա բնավ չի նշանակում, որ մենք պարտավոր ենք նոր աշտարակներ, այգիներ, տաճարներ, բուրգեր, դամբարաններ կառուցել, մենք պարտավոր ենք երջանիկ լինել, ու դա ամենադժվար աշխատանքն է, որ հնարավոր է հնարել, որի դիմաց չեն վճարում, բայց որի համար կյանքով են հատուցում: ՈՒ դա արդեն պատմություն չէ:
2017-ին Միշել Նոստրադամուսը կանխատեսել է ջրհեղեղներ, երաշտ, նամակների հրապարակման պատճառով թագավորական սկանդալ, կայծակահարություն, որից կմահանա «մեծ մարդը», հակամարտություն ֆրանսիական Ռեյմսում ու Լոնդոնում ու «մայրամուտի ճակատամարտ»՝ մեծ ազգի մասնակցությամբ, «Արևմուտքի թուլացում» Արևելքից։ Աշխարհում հանգստություն կտիրի ու խաղաղություն։ Մարդիկ անվտանգ ճամփորդելու են «երկնքում ու երկրի վրա: Իսկ հետո նորից սկսվելու են պատերազմները։ Վերջին կանխատեսման համար պետք չէր Նոստրադամուս լինել: Մենք ապրելու ենք կանխատեսված ու չկանխատեսված աղետների, հրաշքների, պատերազմների ու խաղաղության միջակայքում, ամեն մեկս՝ մեր առաքելությամբ: Ոմանց թվալու է, որ իրենք արժանի են ավելիին, թերագնահատված են ու Աստված մոռացել է իրենց, ոմանք ունենալու են ավելին, քան արժանի են իրենց որակներով, ու չեն հիշելու Աստծուն: Առիթով-անառիթ մեզ հիշեցնելու են չավարտված պատերազմը ու չկնքված խաղաղությունը, արտագաղթն ու գործազրկությունը, կոռուպցիան, որի դեմ բոլորը պայքարում են, իսկ նա հաղթել է Անմահ Կաշչեյին, երկու ամիս պատրաստվելու ենք ընտրությունների, տասն ամիս՝ մարսելու ենք հետընտրական իրավիճակը, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի վտանգավորությունը ու ԵԱՏՄ-ի անիմաստությունը: Մեզ հիշեցնելու են, մենք շարունակելու ենք ապրել: Սա էլ մեր կյանքի ժամանակը, ուրիշը չի լինելու: «Իսկանդերով», թե անցյալ դարի զենքերով՝ պատերազմում հաղթելու է զինվորը, պարգևատրելու կամ պատժելու են հրամանատարին:
Նորից հայտարարելու ենք բարեփոխումների ու բարեփոխիչների ժամանակ, իսկ երազելու ենք հեղափոխություն: Համազգային միասնությունը շփոթելու ենք համազգային դիմադրունակության հետ, ու ամեն առավոտ լուսոյ կարդալու ենք «Գիշերը շփման գծում»: Հարևանները մնալու են նույնը, Հյուսիսն ու Արևմուտքը՝ նույնպես: Սահմաններ լինելու են միշտ՝ փակ, թե բաց: Մեր առաքելությունը աշխարհը փոխելը չէ, մեր առաքելությունը լույսը տեսնելն է ու ավելացնելը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2017-ը, թե 2018-ը կգան ու կգնան, իսկ մենք աշխարհի ութերորդ հրաշալիքը լինելով՝ պարտավոր ենք բազմապատկել երջանկությունը, ու դա ավելին է, քան Հերակլեսի բոլոր սխրանքները: