2016-ի երկրորդ կեսից ռուս-բելառուսական հարաբերությունները նոր տնտեսական «պատերազմի» տեսք են ընդունում, հակասությունները չհաջողվեց հաղթահարել մինչև նոր տարի: Գլխավոր խոչընդոտը ռուսական արտահանվող նավթի գինն էր, որ կողմերը վիճարկում էին անցած տարի: Բացի այդ՝ բելառուսները բարձրացրել են իրենց տարածքով ԵՄ գնացող ռուսական նավթի տարանցման գինը, ի պատախան ռուսական կողմը որոշել է սահմանափակել բելառուս գործընկերներին նավթի մատակարարումները: Ի հետևանս, Դաշնային պետության երկու անդամները, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները 2017 մտան տնտեսական պատերազմով ու արտաքին քաղաքական վեճով:
Էկոնոմիկան նախ և առա՞ջ
Ռուսաստանի ու Բելառուսի տարաձայնությունները միայն տնտեսությամբ չեն վերջանում: Որքան խոր են տնտեսական հակասությունները, այդքան հաճախ են տարաձայնություններ ծագում քաղաքականության մեջ: Օրինակ, Մինսկը մինչև այսօր, չնայած Մոսկվայի ճնշմանը, չի ստեղծել սահմանապահ միասնական համակարգ: Դա որոշ ռուսաստանցիների, որոնց արգելված է երկրից դուրս գալ, օգտվելով ՌԴ-ի ու Բելառուսի միջև առանց վիզային ռեժիմի երթուդարձից, երկրից թույլ է տալիս հեռանալ «եղբայրական հանրապետությունով»: Գրոդնոյի մոտ այդպես էլ ռազմաբազա չստեղծվեց, որ ցանկանում էր այնտեղ տեսնել Ռուսաստանը: Թեպետ չի բարձրաձայնվում, բայց պարզ է, որ ՌԴ իշխանությունները ի պատասխան դադարեցրին Բելառուսից եկող օտարերկրացիներին ընդունել: Նրանք դա բացատրում են Ռուսաստանի ու Բելառուսի սահմանին միջազգային սահմանակետեր չլինելով, որոնցով կարող են ժամանել արտասահմանցիները՝ չնայած ձևականորեն խոսքը ՌԴ-ի ու Բելառուսի դաշնային պետության մասին է ու երկու երկրների, որ միևնույն Մաքսային միության անդամ են: Այս պատմության ևս մեկ օղակն է Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը հրամանագրով ընդունել ուսումնասիրման իբրև «աշխատանքային նախագիծ» ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը, որ մինչ այդ ստորագրել էին կազմակերպության մյուս անդամ պետությունների ղեկավարները: Նրանց հետ հանդիպումը Բելառուսի նախագահը առանց բացատրության բաց թողեց: Զվարճալի է, բայց դա նրան չի խանգարում ԵԱՏՄ-ի ճգնաժամային հիմնադրամից պահանջել գազի մատակարարման դիմաց Ռուսաստանի պարտքի մարում, որ կուտակվել է 2016-ին:
Ամենասկանդալային օրինակը՝ Բելառուսի երեք քաղաքացիներ, որ համագործակցում էին ռուսական հրատարակությունների հետ, վերջերս ձերբակալվեցին՝ նրանց դեմ քրեական գործ հարուցելով Բելառուսի Քրեական օրենսգրքի 130 հոդվածով՝ «Ռասայական, ազգայնական, կրոնական կամ սոցիալական թշնամանքի կամ տարաձայնությունների հրահրում»: ՌԴ ԱԳՆ-ն այն ժամանակ փորձեց լարումը հանել՝ իր պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով «անթույլատրելի» որակելով Բելառուսի նկատմամբ «недогосударство» և «недонарод» հասկացությունները օգտագործելը: Սակայն գաղտնիք չէ, որ ռուսական քաղաքականության մեջ շատերն են համաիտ ձերբակալված լրագրողների գնահատականներին: Բավական է հիշել 2017-ի հունվարին ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնը թողնող Լեոնիդ Ռեշետնիկովի սկանդալային ելույթը, որ «недогосударство» հասկացությունը բառացի կրկնում էր: Իսկ այդ ինստիտուտը Կրեմլի ենթակայության տակ է: Տնտեսությունը, իհարկե, երկկողմ հարաբերություններում առաջին տեղում է, բայց նախ և առաջ վեճը ռազմաքաղաքական է կամ, ինչպես Ռուսաստանում վերջին տարիներին մոդայիկ է ասել, աշխարհաքաղաքական պրոբլեմները:
Աշխարհաքաղաքական անոմալիա՞
Ռուսաստանի համար Բելառուսը ժամանակակից պայմաններում ակնհայտ աշխարհաքաղաքական անոմալիա է, որի հետ Կրեմլը համագործակցում է ավելի շուտ իներցիայով՝ շարունակելով հարաբերությունները և նախագծերը, որ ստեղծվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հիմնականում իբրև Դաշնային պետություն, որ ի հայտ եկավ բելառուսական նախաձեռնությամբ: Մի կողմից՝ Բելառուսը համարյա թե ՌԴ միակ հավատարիմ դաշնակիցն է, ի հավելումն՝ ֆորպոստը Արևմուտքում: Մյուս կողմից՝ անկախ պետություն մի ժողովրդի, որի գոյությանը ռուսական քաղաքական ղեկավարության որոշ մասը պարզապես չի հավատում: Նրանց կարծիքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն (և նրա նախորդները) հաջողակ արկածախնդիրներ են, որ ԽՍՀՄ-ի փլուզման ալիքի վրա ստեղծել են ձևականորեն անկախ պետություն, որը հիմա պորտաբույծի կյանք է վարում Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայության վրա: Ընդ որում՝ Բելառուսը շարունակում է չճանաչել Պուտինի Ռուսաստանի ոչ մի «նվաճում»՝ ոչ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ոչ Ղրիմի անեքսիան, ոչ էլ առավել ևս ՈՒկրաինայի արևելքի մարիոնետային ԴԺՀ ու ԼԺՀ-ն: Այդ հակասությունները, հաշվի առնելով թեկուզ սահմանափակ անկախությունը Մոսկվայից պահելու ձգտումը, ոչ մի տեղ չեն անհետանալու: Սակայն ՈՒկրաինայի օրինակից երևում է, որ Ռուսաստանը ավելի ու ավելի մեծ դժվարությամբ է հանդուրժում նրանց ինքնուրույնությունը, ում Կրեմլը համարում է իր սատելիտները: Եվ դա թույլ է տալիս կանխատեսել, որ Մոսկվայի ու Մինսկի դիմակայությունը 2017-ին շարունակվելու է՝ հակառակ բազմաթիվ հանգստացնող մեկնաբանությունների, որ Բելառուսն ու Ռուսաստանը կհաշտվեն՝ հենց պայմանավորվեն նավթի ու գազի հարցում:
Իվան ՊՐԵՈԲՐԱԺԵՆՍԿԻ, Deutsche Welle, Գերմանիա
Հ.Գ. Ահա այսպես՝ հարաբերությունների այս աստառի վրա մենք էլ «կարեցինք» Լուկաշենկոյի Սանկտ Պետերբուրգ չգնալը ՀԱՊԿ գագաթնաժողովին, որ ՀՀ ներկայացուցիչը չընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս աստառի վրա Բատկան ջերմ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի հետ, երկրներ, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, խոստումներ է տալիս նրանց, շքանշաններ ստանում: Մենք մեղադրում ենք նրան, իսկ նա որոնում է Ռուսաստանից տնտեսական կախումը նվազեցնելու ճանապարհներ, մնացածը նրան չի հետաքրքրում: Եվ նրան ամեն ինչ ներվում է, որովհետև հավատարմությունը միջպետական հարաբերություններում կեղծ կատեգորիա է, կան շահեր ու սեփական շահը ամեն ինչից վեր է ինքնիշխան պետության համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ