Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև բառերի պատերազմ է սկսվել՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մեղադրել է Կրեմլին «կեղտոտ գործերի» մեջ, իսկ ՌԴ դեսպանատունը քննադատել է Մեծ Բրիտանիային հակառուսական հռետորաբանության համար՝ գրում է BBC-ի թղթակից Ջեյմս Լանդեյլը:
ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի խորհրդարանին հաղորդել է՝ ինքը հունվարի 20-ից աշխատանքի անցնող ԱՄՆ նոր վարչակարգին տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի «ոչ բարի մտադրություններ» և ոչ քիչ թշնամական գործողություններ է ձեռնարկում Արևմուտքի նկատմամբ, այդ թվում՝ կիբեռհարձակումներ: Ջոնսոնը հայտարարել է, որ Նյու Յորք ու Վաշինգտոն այցից հետո չի կասկածում, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստի վրա հաքերային հարձակման հետևում հենց Ռուսաստանն է: Ռուսաստանի միջամտության համոզվածության հիմքում ԱՄՆ-ի երեք հատուկ ծառայությունների համատեղ զեկույցն է: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեքշաբթի օրը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստի վրա հաքերային հարձակումների մասին զեկույցը հիմնված է մասնավոր աղբյուրներից ստացված տեղեկությունների, հասանելի տեխնիկական տվյալների և տեղեկատվության վերլուծության վրա: Նրա խոսքով՝ հրապարակված է զեկույցի միայն մեկ մասը, մեծ մասը գաղտնի է՝ հետախուզությունը մտադիր չէ հրապարակել իր տեղեկատվության գաղտնի աղբյուրները:
«Ներգրավվածություն և զգոնություն»
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Համայնքների պալատում ելույթ էր ունենում ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Կոնգրեսի ղեկավարների և Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ: Նա պատգամավորներին ասել է, որ անհեթեթ է Ռուսաստանին ավելի դիվայնացնել և Արևմուտքը պետք է որոնի այն ոլորտները, որտեղ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել Կրեմլի հետ: Ջոնսոնը դա ասել է ԱՄՆ-ի ապագա վարչակարգի ու Կոնգրեսի անդամներին և կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պետք է վարել «ներգրավվածության ու զգոնության» քաղաքականություն: «Կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը բազում վատ արարքներ է գործում՝ բավական է տեսնել կիբեռհարձակումները և ինչ է անում Ռուսաստանը Արևմտյան Բալկաններում: Անկասկած՝ մտադրությունները բարի չեն: Բայց մենք պետք է ընդունենք, որ բազում ոլորտներում կարող ենք համագործակցել և պետք է համագործակցենք»՝ բացատրել է իր դիրքորոշումը Բորիս Ջոնսոնը:
«Վհուկների որս»
ՌԴ դեսպանատունը բրիտանական կառավարությանը մեղադրել է նախագահ Պուտինի դեմ վարվող տեղեկատվական քաղաքականության և «պաշտոնական հակառուսական վհուկների որսի մեջ»: Դիվանագիտության կայքում հրապարակված ծավալուն հայտարարության մեջ ասված է, որ Նորին Մեծության կառավարությունը կասկածվում է ԱՄՆ նոր վարչակարգին Ռուսաստանի դեմ տրամադրելու մեջ:
Հայտարարության մեջ քննադատվում է բրիտանական քաղաքականությունը Սիրիայում ու Եմենում: Դիվանագետների խոսքով՝ միանգամայն անընդունելի է, որ ՄԱԿ-ի ԱԽ մեկ մշտական անդամը բացասական տեղեկատվություն տարածի մյուսի մասին:
ՌԴ դեսպանատան հայտարարությունը
Դատելով մամուլի հաղորդումներից (հատկապես Sunday Times-ի)՝ բրիտանական իշխանությունները ծրագրում են հետևել Օբամայի վարչակարգի օրինակին և սկսել դիմակայության պաշտոնական արշավ, ինչպես իրենք են կարծում, Ռուսաստանի ձեռնարկած համաձայնեցված ջանքերին՝ վնասել Միացյալ Թագավորությանը՝ գրում է իր կայքում Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը: Դա հետևել է ԵՄ սամմիթին և Արևելյան Հալեպից խաղաղ բնակչության հաջող տարհանմանը, որը շնորհիվ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ջանքերի, թույլ է տվել փրկել հազարավոր կյանքեր և տարանջատել իրական սիրիական ընդդիմությանը ահաբեկիչ ջիհադիստներից՝ Սիրիայի հարցով №2328 բանաձևի ընդունումով՝ ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Արևմտյան էլիտաները բոլոր ուժերով փորձում են պահպանել իրենց սեփական աշխարհը: Ցավոք, բրիտանական բոլոր հատուկ ծառայությունները չափազանց հաճուքով են դրան ենթարկվում: Վաղեմի ավանդույթ է նրանց վստահության քվե տալը, մասամբ այն պատճառով, որ Ելիզավետայի ժամանակներից կրթված, ընթերցող հասարակությունը և հայտնի հեղինակները գաղտնի ծառայում էին հետախուզությանը՝ հայտարարում է ՌԴ դեսպանատունը: Դեսպանատունը հրապարակում է ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովի հայտարարությունը, որ ՌԴ պատժամիջոցների խստացման Վաշինգտոնի որոշումը որակում է ամոթալի: «Սպիտակ տունն անվայել վրեժխնդրություն է դրսևորում, ձգտելով հարվածել մեզ, թեպետ հիանալի հասկանում է այդ ջանքերի ապարդյունությունն ու դատապարտվածությունը: Հասկանալի է, որ իրեն մնացած տասնօրյակում Բարաք Օբամայի վարչակարգը կարող է բազում խնդիրներ հարուցել, որ առավելագույնս դժվարացնի իր հաջորդի հետագա աշխատանքը: Այդ վարքագիծը պարզապես ամոթալի է»՝ ասել է Ռյաբկովը:
BBC
Հ.Գ. Եվ ինչո՞ւ են մի բաժակ ջրում փոթորիկ սարքում՝ խիստ կանխատեսելի Բարաք Օբաման հեռանում է, խիստ անկանխատեսելի Դոնալդ Թրամփը մոտենում է Սպիտակ տանը: Կարծես, բոլորը կտրվել են իրական կյանքից ու ստեղծել վիրտուալ աշխարհ, որտեղ նախընտրական արշավը դեռ չի ավարտվել՝ նախագահի ընտրությունից հետո էլ: Իսկ օբյեկտիվ աշխարհում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: The Independent-ը՝ վկայակոչելով հարցումը, որն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, տեղեկացնում է, որ այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: 51 տոկոսը դժգոհ է ընտրված նախագահից: Բայց նա դեռ ոչինչ չի արել իբրև նախագահ: Նրան ավելի հոռետեսորեն են գնահատում արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, այժմ միայն 52 տոկոսն է այդ կարծիքին: 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) համոզված է, որ նա Բարաք Օբամայից լավ նախագահ կլինի: Ինչպիսի նախագահ էլ լինի Դոնալդ Թրամփը՝ ռուս-ամերիկյան օրակարգի հարցերը չեն կարող իրենք իրենց անհետանալ, իսկ այդ հարցերը մեկ տասնյակից ավելի են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ