Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձ է եղել բանանի ներկրման խոչընդոտներին, ինչը բավականին վրդովեցրել է կառավարության ղեկավարին։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ես ամեն բան իմանամ, էդ ո՜ւր կհասնի: Դուք ուզում եք բանան ներկրողին ես իմանամ, մեկ ուրիշը՝ շաքար ներկրողին, ես սաղին իմանա՞մ: Ինձ համար կարևոր է, որ եթե ինչ-որ մեկը խոչընդոտել է ներկրմանը, էլ չկրկնվի: Այս պահին կա՞, չկա: ՈՒնե՞ք օրինակ, բերեք ասեք, բայց ինձ միլիցիա մի սարքեք»,- հայտարարել է վարչապետը։
Իհարկե, Կարեն Կարապետյանի վրդովմունքը տեղին է, բայց միայն մի դեպքում։ Եթե Հայաստանում այդ ապրանքներ ներկրողները լինեին մի քանիսը, ազատ մրցակցային դաշտ լիներ, ապա վարչապետը կարող էր և չիմանալ, թե ովքեր են ներկրողները։ Սակայն իրականում կա մենաշնորհ(որքան էլ արհեստականորեն մեկ-երկու «խաղացողի» շուկա ներմուծեն՝ հասարակության աչքին «թոզ փչելու» համար), և ներմուծողները հաշված մարդիկ են, այսինքն` այն օլիգարխները, որոնց հետ, ինչպես ասուլիսում վստահեցրել է Կարապետյանը, իրեն հանգիստ ու ապահով է զգում։ Մի՞թե վարչապետը չգիտի, թե ովքեր են տնտեսութունը «մենաշնորհել»։ Կամ Հայաստանն այնքան փոքր է, որ անգամ շարքային քաղաքացին գիտի, թե այս կամ այն ապրանքը Հայաստան ով է ներկրում, ով է այս կամ այն բիզնեսի գլխին կանգնած։ Հավատալո՞ւ բան է, որ Հայաստանի որևէ վարչապետ այդ մասին կարող է չիմանալ։
Այլ հարց է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում օլիգարխների հետ իր «հանգիստ, ապահով» միջավայրը «պղտորել» ու վրդովմունքով հարցը շրջանցում է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ