Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, որտեղ ամփոփվում էր 2016-ի սոցիալ-տնտեսական տարին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Նրա բարձրաձայնած դրույթները լույս են սփռում Բաքվի վերաբերմունքի վրա Ադդրբեջանի ու Հայաստանի նախագահների Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 2016-ին հանդիպումներից հետո: Այդ հանդիպումները շփման գծում ապրիլյան արյունալի կռիվներից հետո էին, որ դադարեցվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդական ջանքերով: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ ջանքեր գործադրվեցին ձեռք բերված համաձայնությունների իրավական ամրապնդման համար, որ անհրաժեշտ էին համարում կոնֆլիկտի գոտում վերահսկողության միջոցների և միջազգային դիտորդների տեղակայումը: Հաճախացած մարտական բախումները կոնֆլիկտի գոտում, որոնց պատճառով Բաքուն ու Երևանը, սովորաբար, մեղադրում են միմյանց իրավիճակը սրելու մեջ, առավել արդիական է դառնում համաձայնությունների իրականացումը: Առավել ևս, որ ՄԽ համանախագահ երկրները բացահայտ հայտարարում են, որ հենց այդ մեխանիզմը կարող է ռեալ նախադրյալներ ստեղծել անցնելու, այսպես կոչված, ավելի լայն բանակցությունների:
Անցյալ տարի, նախ օգոստոսին, ապա դեկտեմբերին խոսվում էր երկու նախագահների ևս մեկ հանդիպման հնարավորության մասին: Չստացվեց: Նախ և առաջ այն պատճառով, որ Բաքուն, թեպետ մասնակցեց, բայց չստորագրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սակայն ադրբեջանական դիվանագիտությունը քանիցս հրապարակավ հղումներ է արել այդ փաստաթղթերին, և ակնհայտորեն, հետո էլ հղումներ է անելու: Դա հերթական մեթոդոլոգիական տապալումն է: Կարելի է՝ ինչքան ասես մեղադրել Երևանին «կոնֆլիկտի գոտում դիվերսիաների կազմակերպման փորձերի, սահմանին իրավիճակն անկայունացնելու մեջ», բայց ո՞վ կհավատա, եթե հայկական կողմը միշտ բացահայտ հայտարարել է, որ համաձայն է շփման գծում վերահսկողության մեխանիզմների ու դիտորդների տեղակայմանը, իսկ ադրբեջանականը միշտ դեմ է եղել, այդպիսով՝ փակագծից դուրս բերելով հարցը, թե ով է առաջինը հարձակվել, որ մտածել է տալիս հրադադարի ռեժիմի խախտման որոշակի շահագրգռվածության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գործընթացների տապալման մասին: Ինչո՞ւ: Իմ կարծիքով՝ որովհետև 2016-ի երկրորդ կեսից շատ երկրների քաղաքական գործիչների բառապաշարում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ հնչում է «սառեցված» որակումը: Վերջերս այդպես բնորոշեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Washington Ideas համաժողովում: Քերին ասում էր, որ ներկայումս կարգավորման հնարավորություններ չեն դիտարկվում, որովհետև երկու ղեկավարները պատրաստ չեն: Հասկանալի է, որ «սառեցված կոնֆլիկտը» հայտնվում է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության հրատապ օրակարգից դուրս՝ ուշադրություն է դարձվում մնացորդային սկզբունքով, իսկ եթե վերադառնում են խնդրին, միայն իբրև հավելում որևէ զուգահեռ աշխարհաքաղաքական հարցի: «Սառեցված կոնֆլիկտների» կարգավորման հեռանկարները դիտարկելիս պետք է հաշվի առնել, առաջին հերթին, ոչ այնքան միջազգային իրավունքի տեսական սկզբունքները, որքան ռեալ քաղաքականության պահանջները: Ադրբեջանի համար դա անընդունելի է: Ապրիլյան պատերազմից հետո կարգավորման գործընթացում դիվանագիտական ջանքերը ակտիվացան, սակայն հետո գործնականում ամեն ինչ վերադարձավ ստատուս քվոյին: Միջազգային իրավունքի տերմինաբանությամբ՝ «սառեցված կոնֆլիկտը» խաղաղություն չէ, բայց հրադադար է, այսինքն՝ վերադարձ 1994-ի իրավիճակին: Այդ ընթացքը Բաքվին, որ սկսել է սրել իրավիճակը, ձեռք չի տալիս:
Մի կողմից՝ տեսանելի է կոնֆլիկտի կարգավորման ձևաչափի փոփոխման ձգտումը՝ զինված դիմակայության չվերսկսման իրավական հիմքերի: Մյուս կողմից, որ ասում էր կառավարության նիստում Ալիևը, Ադրբեջանը «ցանկացած պահի կարող է հարցը ռազմական ճանապարհով լուծել»: Իրոք, Բաքուն մեծացնում է բանակի սպառազինման ծախսերը: Անխուսափելի հարց է ծագում՝ ինչի՞ վրա է աշխատելու «ապասառեցումը»՝ իրեն պարտված համարող կողմի ռազմաքաղաքական ռևանշի՞ կամ խոսքը տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մասին է՝ անխուսափելիորեն արտաքին ուժերի ներգրավումով կոնֆլիկտում և ուժերի հավասարակշռության հետագա փլուզումով ոչ միայն Անդրկովկասում, այլև Մեծ Մերձավոր Արևելքո՞ւմ: Կամ Ալիևը զգացել է ապրիլյան պատերազմի «հաղթանակի» (Բաքվի վարկածով) ռեսուրսի փոշիացումը, այդ պատճառով հայտարարությունները ավելի շատ պայմանավորված են Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը վաղուց է գործիք դարձել ինչպես կոնֆլիկտի կողմերի ձեռքին, այնպես էլ արտաքին խաղացողների: Հայաստանը, ոչ առանց տատանումների, խաղը դրեց Ռուսաստանի վրա, և ինչպես պարզվում է, գրագետ կանխատեսեց ու ծրագրեց իր արտաքին քաղաքականությունը: Բաքուն, շեշտադրելով, այսպես կոչված, «բազմավեկտորությունը», փաստացի գնաց «հեռու Ռուսաստանից» ճանապարհով՝ տարատեսակ մարտավարական միջազգային ալյանսների մեջ մտնելով: Բայց արդյունքում, ինչպես արձանագրում է ԱՄՆ-ի National Interest հանդեսը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ծագման պահից ԱՄՆ-ի ոչ մի վարչակարգ չի ձեռնարկել որևէ այնպիսի քայլ, որ կարգավորի կոնֆլիկտը ադրբեջանական սցենարով, թեպետ նախագահներ Բուշ կրտսերը, Քլինթոնն ու Օբաման լիովին խաղարկում էին ադրբեջանական «խաղաքարտը»՝ մեկ գրավելով Բաքվին ռուսական գազից Եվրոպայի էներգետիկ կախվածութան նվազման հեռանկարային մասնակցության մեջ (ինչի՞ փոխարեն), մեկ կառուցելով «եվրաինտեգրման» մշուշոտ հորիզոններ, մեկ Ադրբեջանին շնորհելով թիկունքի պլացդարմի կարգավիճակ, որ «ապահովում է գործողությոններն Աֆղանստանում ու հետախուզական գործողություններն Իրանի դեմ»:
Ստացվում էր, որ ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգը դառնում է Ադրբեջանի ներքաղաքական օրակարգ, իսկ երբ Բաքուն անսանձություն էր դրսևորում, Արևմուտքն առաջին պլան էր բերում «մարդու իրավունքների պարբերական խախտումները, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունները»: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համար դա նշանակում էր, որ «ավտորիտար վարչակարգը» չի կարող ընդլայնել ազդեցության գոտին «նույնիսկ ի հաշիվ երբեմնի իր սահմաններում եղած տարածքի հայկական բնակչությամբ»: Ժամանակին այդ բանաձևը բացատրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հայտարարելով, որ Վաշինգտոնը կառուցում է «սերտ հարաբերություններ միայն ժողովրդավարական երկրների հետ»:
Նա ասում էր. «Ես փորձում եմ ելնել ադրբեջանական կառավարության տրամաբանությունից և հասկանալ նրանց դիրքորոշումը: Նրանք հաստատում են, որ հարկադրված են այդպիսի քայլեր ձեռնարկել հանուն երկրի կայունության: Ասում են, որ Ադրբեջանը շատ վտանգավոր տարածաշրջանում է գտնվոմ: Այդպես է: Բայց մեր դիրքորոշումն ուրիշ է, մենք գտնում ենք, որ որքան ավելի բաց է քաղաքացիական հասարակությունը, այնքան հաստատուն է կայունությունը: Դա բխում է և բուն հասարակության, և երկրի կառավարության շահերից: Բայց երբեմն կառավարությունը ձեռնարկում է անհասկանալի ու պետք չեկող քայլեր, մասնավորապես՝ տանջում է քաղաքացիներին: Մենք միշտ խոսել ենք ու խոսելու ենք Ադրբեջանի կառավարության հետ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին»: Մորնինգսթարի կարծիքով՝ որոշակի պայմաններում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա ճնշումը կարող է սադրել իրադարձություններ, որոնք նույնանում են ուկրաինականի հետ: Դրանից հետևում է, որ ԱՄՆ-ի ու նրա գործընկերների համար նոր հնարավորությոններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ ի հայտ կգան միայն Ադրբեջանի ժողովրդավարացման դեպքում, բայց ոչ ավելի վաղ: Չթաքցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի դաշնակցի, նկատմամբ էլ ցանկության դեպքում կարելի էր ժողովրդավարության սկզբունքների պահպանության հարց դնել: Սակայն Մոսկվան երբեք Երևանին այդ թեմայով «դասախոսություններ» չի կարդացել: Փոխարենը Ալիևի վարչակարգը հայտնվել է «էներգակիրները առանձին, Լեռնային Ղարաբաղն՝ առանձին» հայեցակարգի շրջանակներում: Համանման գործընթացներում է հիմա, ի դեպ, Բաքվի ռազմավարական գործընկեր Թուրքիան:
Արդյունքում ՈՒկրաինայի իրադարձությունները նախագահ Ալիևին մղեցին ակտիվ դիվանագիտական մանևրներ սկսել Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ, բայց դա միայն մարտավարական քայլեր են: Հիմա Բաքվի փորձագետները փորձում են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետները տեղայնացնել Ադրբեջանի վրա, այն հաշվարկով, որ «առաջիկա չորս տարիներին ԱՄՆ-ը նվազ հետաքրքրություն է ցուցաբերելու մարդու իրավունքներին այդ երկրում»: Սակայն Ադրբեջանը տանուլ է տալիս Հայաստանին, որ ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ ու միաժամանակ Վաշինգտոնի հետ առևտրական ու ներդրումային համաձայնագրեր է ստորագրում, ստեղծում է առևտրի ու ներդրումների երկկողմանի խորհուրդ, կանոնավոր մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Համարե՞լ, որ Երևանը Մոսկվայի նկատմամբ երկակի ստանդարտներով քաղաքականություն է վարում: Ոչ, որովհետև գրագետ է կառուցում «բազմավեկտորությունը», որ թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն տարածաշրջանում, որի առկայությամբ Բաքվի ցանկացած ռազմական դեմարշ կարող է որակվել իբրև ագրեսիա, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Անկեղծ ասած՝ Հայաստանի բախտը բերում է, որ Ադրբեջանում իշխանությունը մոնոպոլացրել են քաղաքական գործիչները, որ ի վիճակի չեն ճկուն դիվանագիտության, չգիտեն իրենց ազգային շահերը պաշտպանել: Թեպետ, եթե Բաքուն դեռ Լեռնային Ղարաբաղի հայերին համարում է իր քաղաքացիները, վաղուց ժամանակն է ուղղակի բանակցել Ստեփանակերտի հետ: Հրաժարվել տեղեկատվական պատերազմից, հակառակը, կազմակերպել ադրբեջանցի լրագրողների այցը Ստեփանակերտ, այլ ոչ թե մեծացնել ամոթալի «սև ցուցակը» նրանց, որ «անօրինական» մեկնում են Լեռնային Ղարաբաղ: Կազմալուծել ազգային պատմաբանների շտաբը, որ «գիտական» կարիերա են ստեղծում «նոր պատմություն» գրելով՝ առանց հայերի ու նույնիսկ ռուսների: Ստիպել «տեղաշարժվել» Վաշինգտոնին ու Մոսկվային՝ նախաձեռնելով Իսրայելի ու Եգիպտոսի միջև Քեմպ-Դևիդի համաձայնագրի նման համաձայնություն: Ադրբեջանական դիվանագիտությունը պետք է աշխատի, ոչ թե հայտարարի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է «պարտք» Բաքվին:
Ձեռնարկել քայլեր, նույնիսկ միակողմանի, որ ցույց տա պայմանավորվելու իր ցանկությունը: Պետք է վերջապես գիտակցել փաստը, որ հենց բոլշևիկները, առաջին հերթին ադրբեջանցի, նպաստեցին Ադրբեջանի ստեղծմանը նախկին խորհրդային սահմաններում: Եվ հենց նույն բոլշևիկները ամեն ինչ արեցին, որ Լեռնային Ղարաբաղը հեռանա Բաքվից: Նոր Ադրբեջանը պետք է կառուցել այլ սկզբունքներով: Իսկ առայժմ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Շտեֆան Շենակը և Սեզար Ֆլորին Պրեդան Բաքու են ժամանել «վերահսկիչ առաքելությամբ»: Պետական գործիչների ու քաղաքական գործիչների հետ հանդիպումներից հետո նրանք պիտի գնահատեն Ադրբեջանի առաջընթացը ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման մասով ու նախապատրաստեն զեկույց: Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ կգրեն նրանք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Դատելով Միլանում սկսված կոռուպցիոն գործով դատավարությունից՝ Ադրբեջանի բախտը ԵԽ-ում միշտ չի բերում, մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կարող են գրել՝ ինչ տեսել են, բայց դա չէ կարևորը: Կարևորը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հաղթահարման հարցում փոփոխությունն է՝ կարգավորման սկզբունքների նոր առաջարկի տեսքով: Բոլորը բոլորին քննադատում են, իսկ ո՞վ է առաջարկում, թե ինչ կարող է լինել մադրիդյան, կազանյան սկզբունքների ու սուբստանտիվ բանակցությունների փոխարեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ