Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Վերադարձ Թեհրան-Բաղդադ-Դամասկոս «չարիքի առանցքի՞ն»

Վերադարձ Թեհրան-Բաղդադ-Դամասկոս «չարիքի առանցքի՞ն»
02.02.2017 | 12:17

Դոնալդ Թրամփի խիստ վիճելի էմիգրացիոն հրամանագիրը հարուցել է բազում մեղադրանքներ: Ֆրանսիացի լրագրող, Մերձավոր Արևելքի, միջազգային դիվանագիտության ու անվտանգության հարցերով փորձագետ Ադրիան Դեզյուեի կարծիքով՝ իբրև թիրախ Սիրիայի, Իրաքի, Իրանի քաղաքացիներին ընտրելը տարակույսներ է առաջացնում, որովհետև այդ պետությունները անհրաժեշտ են ԻՊ-ի դեմ պայքարում: Le Figaro-ում նա գրում է, որ «Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը» ռեալիթի շոուն սպասելիքներն արդարացնում է: Օվալաձև աշխատասենյակում տեղակայված տեսախցիկները ուղիղ եթեր են հեռարձակում Թրամփի առաջին քայլերը ու նախագահական հրամանագրերի ստորագրումը: Ամբողջ աշխարհն ապրում է Twitter-ում նրա գրառումների ռիթմով:

Որ ընտրված նախագահը նաև անհապաղ իրականացնում է իր հայտարարված ծրագիրը, արդեն չափազանց է նրա դեմոկրատ հակառակորդների համար: Լորանս Պարիզոյի (հասարակաան գործիչ, Ֆրանսիայի ամենահարուստ ու ազդեցիկ կանանցից մեկը) կարծիքով՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել, որովհետև ԱՄՆ-ը կարող է տոտալիտար համակարգ դառնալ: Հայտնի լրագրող Կլոդ Ասկոլովիչը կտրուկ հարց է տալիս՝ մենք ականատես ենք լինում Ադոլֆ Հիտլերի երկրորդ վերելքի՞ն: Սոցիալիստ պատգամավոր Ռիշար Ֆերանը փորձում է հանգստացնել. «Պուտինն ու Թրամփը հազիվ կարողանան Էմանուել Մակրոնին հաղթահարել»: Ամեն անգամ, երբ ժողովուրդը վատ է քվեարկում, կարելի է հույս դնել էլիտաների գիտակցության վրա, որ պատրաստ են ուղղել իրենց վատ հակումները: Կարելի է կարծել՝ ներգաղթի սահմանափակումը ոտնձգություն է մարդու իրավունքների վրա, իսկ սահմանային վերահսկողությունը՝ ժողովրդավարության չարաշահում:
Ռուսաստանի հետ հաշտեցման հայտարարությունը Հիլարի Քլինթոնով հիացած նրա կողմնակիցների աչքերում ստոր դավաճանություն է: Մինչդեռ հենց այդ քայլերն են նախաձեռնել իրենց պաշտոնավարման սկզբում Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման: Հիմա բոլորը պետք է մտածեն, որ Եվրոպան այլևս գտնվում է երկու հրեշների, երկու հետֆաշիստական կլոնների՝ Պուտինի ու Թրամփի շրջափակման մեջ: Կրեմլի տերը Հիլարի Քլինթոնին զրկեց հաղթանակից և հասկանալի է, որ ռուսական Անվտանգության դաշնային ծառայության ու նրա հաքերների դավադրությունն է ամերիկյան խամաճիկի ընտրության հիմքում: Իհարկե, պետք է հարգել ԱՄՆ ժողովրդի օրինական որոշումը՝ ապահովել սեփական տարածքի ինքնիշխանությունը: ԱՄՆ-ը իր ողջ պատմության ընթացքում միշտ կարողացել է սանձել միգրացիոն հոսքերը:

Սակայն նոր նախագահի չափազանց ուղղագիծ, ավելի ճիշտ՝ օպերատիվ մարտավարությունը անհանգստության հիմքեր է տալիս աշխարհի հավասարակշռության համար: Իբրև թիրախ Սիրիայի, Իրաքի, Իրանի քաղաքացիներին ընտրելը տարակույսներ է առաջացնում, որովհետև այդ պետությունները, անկասկած, անհրաժեշտ են ԻՊ-ի ոչնչացման պայքարում: Որ արգելքը չի տարածվում սաուդցիների ու պակիստանցիների վրա, ստիպում է զգուշանալ Չեյնի-Ռամսֆելդի տարիների շիզոֆրենիայի վերադարձից, երբ մի կողմից պատերազմ էր մղվում ջիհադիստական կազմակերպությունների դեմ, մյուս կողմից՝ ողջունվում էր ռազմատնտեսական գործընկերությունը նրանց ֆինանսական հովանավորների հետ: Եթե ներքին քաղաքականության ընտրության հարցը միայն ամերիկացիներին է վերաբերում, միջազգային մակարդակով նրանք չպետք է իրենց կանոնները սահմանեն: Տարբեր երկրների ու փոխադարձ շահերի հավասարակաշռության ընկալում չունենալով՝ Դոնալդ Թրամփը իրավացիորեն կարող է հարուցել գործընկերների անհանգստությունը:
Ադրիան ԴԵԶՅՈՒԵՆ, Le Figaro


Հ.Գ. Առաջին հայացքից՝ Դոնալդ Թրամփը երկար չի մտածում ու արագ է գործում, բայց նրան ընտրել են հենց այդպիսին լինելու համար: Նա իրոք չունի քաղաքական գործչի փորձ, իսկ բիզնես փորձը բավարար չէ միջազգային ասպարեզում թիրախ չդառնալու համար: Երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նրան պաշտոնական այցով հրավիրեց Լոնդոն, մեկ միլիոն բրիտանացիներ գրավոր իրենց բողոքը հայտնեցին, բայց հարյուր հազարն էլ պաշտպանեցին՝ Թրամփին խայտառակ պակասում է իր քաղաքականությունը բացատրելը, նա տանուլ է տվել առաջին պատերազմը, որ հայտարարել է լրատվամիջոցներին և փորձում է հաղթել միայնակ՝ իր Թվիթերի էջով փակելով լրատվական ու քարոզչական վակուումը, իսկ դա քիչ է: Նրա թիմը դեռ տարված է անսպասելի հաղթանակի էյֆորիայով և ներքին ու արտաքին քաղաքականության մեջ հանդես է գալիս հաղթողի դիրքերից, իսկ դա աշխարհը չի ընկալում, որովհետև Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, բայց ոչ համաշխարհային ընտրություններում, որ ոչ ոք չի հայտարարել ու նրան հաղթողի դափնի չի տվել: Ժամանակի մեջ նրանք կսովորեն դիվանագետ լինել ու հաշվի նստել տարբերությունների հետ, որ կա իրենց և աշխարհի ընկալումներում: Առաջին հերթին՝ իրենց ու իրենց հայրենակիցների պատկերացումներում: Իսկ եթե ոչ, արդեն առաջին խորհրդարանական ընտրություններում դեմոկրատները մեծամասնություն կվերցնեն Սենատում ու Կոնգրեսում ու կարգելափակեն նախագահի որոշումները: Դոնալդ Թրամփից առաջ էլ Ամերիկան մեծ էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ