Ռուսաստանի ու Իրանի նախագահները ջանում են ամրապնդել իրենց գործընկերությունը, իսկ ԱՄՆ-ը և քրդերը մոտենում են Ռաքքային՝ գրում է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում: Սիրիան կարևոր տեղ ունի Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ծրագրում: Երեքշաբթի նա բանակցում էր Վլադիմիր Պուտինի հետ: Խոսքն առաջին, զուտ երկկողմ հանդիպման մասին է երկու նախագահների, որ ռազմական աջակցություն են ցուցաբերում Բաշար Ասադի վարչակարգին: Թեպետ Իրանում կասկածի ձայներ են հնչում Սիրիայում ռուսական երկարաժամկետ նպատակների ու խնդիրների անկեղծության մասին, բարձրամակարդակ այս հանդիպումը կարող է ապահովել նոր ճանապարհային քարտեզը՝ Դամասկոսի օգտին առաջիկա փուլային գործընկերության համար: Ինչպես ռուսները, շնորհիվ իրենց օդուժի, այնպես էլ իրանցիները, որ հազարավոր աշխարհազորայիններ ու ռազմական խորհրդատուներ են ուղարկում Ասադի համար, կարողացան թուլացնել սիրիացի ապստամբներին: Սակայն երկու դաշակիցների միջև մրցակցություն կա, որ ժամանակի հետ կարող է ուժեղանալ, մասնավորապես Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ՝ իրանցիներն ուզում են նրան պահպանել, կամ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների՝ Իրանը Մոսկվայից ավելի կոշտ մոտեցումներ է պահանջում Անկարայի նկատմամբ:
Թեպետ Ռուսաստանը Սիրիայում նոր մանդատառու է, Իրանը և նրա շիա դաշնակիցներն են իրենց արյան ու կյանքի գնով վճարում սիրիական վարչակարգի ամրապնդման համար: Երբ ժամանակը գա, այդ ծանր բեռը Թեհրանին թույլ կտա ճնշում գործադրել ռազմավարական որոշումների ընդունման վրա: Ի հակադրություն ռուսների, իրանցիները բանակցային գործընթացի կարիքը չունեն, որ հիմա Ժնևում անցկացվում է, նրանք ունեն զուտ ռազմական մոտեցում:
Ժորժ ՄԱԼԲՐՅՈՒՆՈ, Le Figaro
Հ.Գ. Ռուս-իրանական հարաբերություններում աշխարհին հետաքրքրում է ոչ միայն Սիրիան: Անդրե Բալենը, Պիեռ Հոյմանը Handelsblatt-ում գրում են՝
Ռուսաստանն ու Իրանը ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ ամենանշանակալից ռազմական խաղացողներն են սիրիական պատերազմում: Նրանք համագործակցում են ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում: ԱՄՆ-ը և Իսրայելը քննադատաբար են տրամադրված այս առումով: Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ ճռնչալով են առաջ գնում, իսկ ռուս-իրանական հարաբերություններում ամեն ինչ հարթ է՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Մոսկվայում դիմավորեցին ռազմական պատիվներով, դիվանագիտական արվեստ դրսևորելով: Տարուց ավելի է, որ Մոսկվան ու Թեհրանը գործընկերներ են Սիրիայում ռազմական գործողությունների շրջանակներում: Ռուսաստանին ավելի բարդ խնդիր է վիճակվել՝ նա պիտի ընդհանուր հայտարարի բերի Իրանի ու Թուրքիայի՝ Սիրիայում իր մյուս գործընկերոջ ծրագրերը: Մոսկվայում բանակցությունների կենտրոնում պաշտպանական քաղաքականության հարցերն էին: ՌԴ նախագահը բարձր է գնահատում Թեհրանի հետ համագործակցությունը «միջազգային սուր խնդիրների լուծման մեջ»: Ալյանսն ամրապնդելու համար ապագայում բացառիկ դեպքերում Ռուսաստանը կարող է օգտագործել իրանական ռազմաբազաները:
Անցած ամռանը ռուսական օդատիեզերական ուժերը արդեն օդային հարվածներ հասցրել են իրանական տարածքից Սիրիայի նպատակակետերին, սակայն այն ժամանակ համագործակցությունն ավարտվեց Իրանի նախաձեռնությամբ՝ Թեհրանը դժգոհ էր, որ Ռուսաստանը պարծեցել է իրանական ռազմաբազաներն օգտագործելու հնարավորությամբ: Կրեմլում քննարկվել են ոչ միայն ռազմական համագործակցության մանրամասները: Ապագայում կամրապնդվի և տնտեսական համագործակցությունը: ՌԴ նախագահի խոսքով ապրանքաշրջանառությունը 2016-ին մեծացել է 70 %: Քննարկվել են և էներգետիկ, տրանսպորտային ու պաշտպանական արդյունաբերության ապագա նախագծերը: Ռոհանիի Մոսկվա այցին ուշադիր հետևում էին ոչ միայն ԱՄՆ-ում, հետաքրքրված էր և Իսրայելը: Իրանը նրա երդվյալ թշնամին է, և Իսրայելի կառավարությունը Պուտինից ակնկալում է, որ նա կճնշի Իրանի աճող ազդեցությունը Սիրիայում: Սիրիան կարող է Իրանի համար պլատֆորմ դառնալ՝ Իսրայելին հարվածելու նպատակով: Դրա մասին արդեն նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Բացի այդ՝ Իրանն աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահին»: 2015-ից Նեթանյահուն հինգ անգամ եղել է Մոսկվայում, որ նախազգուշացնի Իրանին զինելուց: Ռուսաստանը վերջին վեց տարիներին ամրապնդել է Իրանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցությունը: Ռուսական ռմբակոծիչները բազմիցս օդից աջակցել են իրանական ու սիրիական զորքերին Սիրիայում: Թեհրանը Մոսկվայից ստացել է ՀՕՊ համակարգեր, երբ գործարքը 2010-ին չեղարկվել էր Վաշինգտոնի ու Երուսաղեմի ճնշման տակ:
Իսկ մեզ բնականաբար հետաքրքրում են ռուս-իրանական տնտեսական պայմանավորվածությունները ու քաղաքական համաձայնությունը՝ մեր տարածաշրջանում միջազգային տնտեսական ծրագրերի վերաբերյալ: Ավելի կոնկրետ՝ ճանապարհների ու գազամուղների ճակատագիրը և Իրանի հետ մեր տնտեսական ծրագրերի հարցը: Մոսկվայում հանդիպումն Իրանի նախագահի համար կարևոր նշանակություն ուներ նաև մեկ այլ առումով՝ մայիսին Իրանում նախագահական ընտրություններ են և Հասան Ռոհանին նախագահի թեկնածու է: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սրել են ներքաղաքական իրավիճակը ընտրությունների նախօրեին պահպանողականների ու ազատականների միջև: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեին իր դժգոհությունն է բարձրաձայնել, որ կենսամակարդակի փոփոխություն շարքային իրանցին չի զգում, իսկ դա լուրջ ազդակ է, որ Հասան Ռոհանիին դժվար ընտրություն է սպասում մայիսին և նրան պետք են քաղաքական աջակցություն ու տնտեսական համագործակցության տեսանելի արդյունքներ: Հավելեմ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ ապրիլին պատրաստվում է Թեհրան մեկնել՝ վստահ լինելով ՀՀԿ-ի հաղթանակին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ