Մարտի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսեց բրեկզիտը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական գործընթացը, որի կարգը սահմանված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով: Մինչև անցած տարվա հունիսին բրիտանական հանրաքվեն թերևս մի քանի համալսարանական պրոֆեսորներ ու պաշտոնյաներ գիտեին 50-րդ հոդվածի մասին և քչերն էին կարծում, որ այդ հոդվածը երբևէ կգործի: Լորդ Ջոն Քերը՝ բրիտանացի նախկին դիվանագետ և հիմա բոլորին հայտնի այդ հոդվածը մշակողերից մեկը, իր խոսքով՝ վստահ էր, որ 50-րդ հոդվածը կգործի, եթե միայն ԵՄ երկրներից մեկում բռնապետություն ձևավորվի:
Ռուսաստանի ներկայացուցիչները գործնականում ոչ մի մեկնաբանություն չեն տվել բրեկզիտին, բայց արևմտյան բոլոր վերլուծաբանները համարում են, որ Կրեմլն այդ գաղափարին աջակցում է, որովհետև խարխլում է ԵՄ միասնականությունը: 2011-ից Ռուսաստանը աստիճանաբար զարգացնում է այլընտրանքային տնտեսական միությունը՝ ԵԱՏՄ-ն, որի նպատակն է ռեինտեգրել նախկին ԽՍՀՄ երկրները Ռուսաստան կենտրոնով: ԵԱՏՄ-ի նախագիծը, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ռուսաստանը, սկսեց գործել 2015-ի հունվարից:
ԵԱՏՄ-ի կառույցները գործնականում կրկնօրինակում են ԵՄ-ն: ԵԱՏՄ-ի գործունեությունն ուղղված է տնտեսական ինտեգրման խորացմանը նորմատիվ դրույթների համաձայնեցման և կապիտալի, ապրանքների ու աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհով: Ինչպես ԵՄ-ն, ի տարբերություն հետխորհրդային տարածքի ինտեգրման նախորդ փորձերի, ԵԱՏՄ-ն ստեղծում է վերազգային վարչական ու իրավաբանական ինստիտուտներ, որ, նվազագույնը տեսականորեն, կարող են խառնվել անդամ երկրների ներքին գործերին մի շարք ոլորտներում: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի կանոնները ուղղակի կրկնօրինակված են ԵՄ-ից, կարո՞ղ է բրեկզիտ լինել Եվրասիայում: Տեսականորեն՝ այո: Ինչպես և ԵՄ-ի դեպքում, իր 50-րդ հոդվածով, ԵԱՏՄ ցանկացած անդամ կարող է հայտարարել կառույցից դուրս գալու մասին 118-րդ հոդվածով, որ եզրափակում է 2014-ի մայիսին Աստանայում ստորագրված համաձայնագիրը ԵԱՏՄ-ի ստեղծման մասին:
Այդ հոդվածում 134 բառ է և չորս պարբերություն, որ շատ ավելի քիչ է Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածից:
ԵՄ-ի կազմից դուրս գալ ցանկացող երկրին 50-րդ հոդվածը բանակցությունների երկու տարի է տալիս: Շատ մեկնաբաններ կարծում են, որ այդ ժամկետը կարող է չբավարարել բոլոր նորմատիվ ու իրավական խնդիրների կարգավորմանը: Դա մեծացնում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը՝ առանց անցումային շրջանում նոր պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու: ԵԱՏՄ պայմանագիրը միությունից դուրս գալ ցանկացող երկրին ավելի քիչ ժամանակ է տալիս բանակցությունների համար՝ ընդամենը 12 ամիս: Ի տարբերություն ԵՄ-ի, չի նախատեսվում այդ ժամկետը երկարացնելու հնարավորություն: Բայց դեռ մի կողմ դնենք պայմանագրերը: Գործնականում սցենարը, որ ԵԱՏՄ որևէ երկիր կվճռի հեռանալ, ավելի բարդ է պատկերացնել, քան բրեկզիտը: Չնայած ձևային նմանությանը, ԵԱՏՄ-ն հիմնարար տարբերություններ ունի ԵՄ-ից: ԵԱՏՄ-ի գլխավոր նպատակը տարածաշրջանում ռուսական ազդեցությունը պաշտոնապես ամրապնդելն է: Միությունից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի իբրև ուղղակի մարտահրավեր ռուսական շահերին, որին Կրեմլը կպատասխանի դիվանագիտական, տնտեսական ու նույնիսկ ռազմական ճնշումով: Չպետք է մոռանալ, որ հենց ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու, այլ ոչ թե ԵԱՏՄ մտնելու ՈՒկրաինաի փորձը 2014-ին հանգեցրեց քաղաքական ճգնաժամի ու ռազմական կոնֆլիկտի այդ երկրում: Հաշվի առնելով բարձր գինը, որ ՈՒկրաինան վճարեց ԵԱՏՄ մտնելուց հրաժարվելու դիմաց, հազիվ թե որևէ այլ երկիր նույնիսկ մտածի այդ միությունից դուրս գալու մասին: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ նախագիծը պարբերաբար իր անդամների միջև լարված շրջաններ է ունենալու, որ հարցականի տակ կդնի այդ միության ամբողջականությունը: Մասամբ այն պատճառով, որ ԵԱՏՄ-ի ստեղծման տնտեսական նախադրյալները համեմատաբար թույլ են: Այո, ԵԱՏՄ-ն կոնկրետ տնտեսական առավելություններ է բերում իր առավել թույլ ու աղքատ անդամներին: Մասնավորապես՝ միությունն առավել ամուր կանոններ է սահմանում միգրանտների համար: Սակայն միության բոլոր անդամները առևտրական խոր կապեր են ունեցել Մոսկվայի հետ մինչև ԵԱՏՄ մտնելը: Միջնաժամկետ հեռանկարում ռուսական տնտեսության աճի հեռակարը բավականաչափ հոռետեսական է, իսկ ՈՒկրաինայի կոնֆլիկտը սկսվելուց հետո Ռուսաստանը դարձավ համաշխարհային տնտեսությանը նվազ ինտեգրված: Հայաստանի ու Բելառուսի համար, օրինակ, առևտրի աճի ռեալ շանսերը ԵՄ-ի հետ կապերի ընդլայնման մեջ են: Ղրղզստանի ու Ղազախստանի տնտեսության ապագան որոշում է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Չինաստանը:
Այդ երկրների մեծ մասի համար գերակայություն է համաշխարհային շուկայի հետ կապերի մեծացումը: Այդ պատճառով ապագայում, լիովին հնարավոր է, որ ավելի ու ավելի շատ են խանգարելու ԵԱՏՄ-ի անդամության հետ կապված սահմանափակումները: ԵԱՏՄ-ում ուժերի ակնհայտ անհավասարակշռությունը նույնպես կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Փոքր երկրների համար ԵԱՏՄ անդամությունը գրավիչ է նախ և առաջ առևտրի զեղչային պայմաններով և Ռուսաստանի ֆինանսավորումով:
ԵԱՏՄ-ն ոչ այնքան տնտեսական նախագիծ է, որքան յուրատեսակ հարթակ, որի շրջանակներում ռեսուրսների վերաբաշխման բանակցություններ են վարվում: Այդ պատճառով ԵԱՏՄ-ի ամբողջականության և նպատակահարմարության մասին հրապարակային կասկածներ հայտնելը, որ պարբերաբար անում է Բելառուսի ղեկավարությունը, դառնում է ընդամենը զեղչային պայմաններ ստանալու մարտավարություն: Դա ակնհայտ ցուցադրվեց 2017-ի մարտին, երբ ՌԴ վարչապետը Բելառուսի վարչապետին ԵԱՏՄ-ի նախարարական հանդիպման ժամանակ ասաց. «Այստեղ ձեզ ոչ ոք չի պահում»՝ միաժամանակ զգուշացնելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի բնական գազի համար եվրոպական գներով վճարելուն: Այդ «մեղմ պարտադրանքի» խնդիրն է, որ միության մյուս երկրները կփորձեն հավասարակշռել սպառնալիքը՝ դիվերսիֆիկացնելով իրենց տնտեսական ու քաղաքական կապերը, որպեսզի հասնեն Ռուսաստանի հետ առավել շահավետ գործարքի:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական հետևանքները, դժվար է պատկերացնել սցենար, որով որևէ երկիր պաշտոնապես կհայտարարի ԵԱՏՄ-ից իր դուրս գալու մտադրության մասին, ինչպես արեց Մեծ Բրիտանիան՝ վճռելով հեռանալ ԵՄ-ից: Առավել հավանական է տարբերակը, որ ԵԱՏՄ մեկ կամ մի քանի երկիր գործնականում դուրս կմնան միությունից՝ անտեսելով կամ հրաժարվելով կատարել ԵԱՏՄ կանոնները: Այդպիսի սցենարը կհանգեցնի լրջագույն անորոշության իրավաբանական առումով և նորմատիվ օրենքների մեջ, որ ավելի կբարդացնի բիզնեսի համար հստակ ու պարզ կանոնների զարգացումը: Բրեկզիտի գլխավոր դրդապատճառները էմիգրացիայի բարձր մակարդակն էր և «վերահսկողությունը վերադարձնելը»՝ եվրոպական էլիտայից: ԵԱՏՄ-ն այդպիսի զգացումներից պաշտպանված չէ: Ի վերջո, Եվրասիայում շատ են ոչ մեկին հաշվետու չեղող կառավարությունները: ԵԱՏՄ-ն ստեղծել են էլիտաները և ազգայնական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչները անդամ երկրներում լիովին կարող են նախագիծը ներկայացնել ռուսական իմպերիալիզմի գործիք: Բայց միջնաժամկետ հեռանկարով ամենաանկանխտեսելի գործոնը մնում է միգանտների խնդիրը: Հաշվի առնելով Ռուսաստանի ժողովրդագրական հեռանկարները, նրան առաջիկա տասնամյակներին անհրաժեշտ է միգրանտների նշանակալից ներհոսք, եթե ցանկանում է խուսափել աշխատունակ բնակչության թվի կրճատումից: Այդ միգրատների մեծ մասը գալիս է ԵԱՏՄ երկրներից, բացի Կենտրոնական Ասիայից ու Կովկասից միգրանտների ներհոսքը կարող է աճող լարվածության պատճառ դառնալ հասարակության մեջ: Այդ դեպքում ամենամեծ սպառնալիքը ԵԱՏՄ-ին կգա Ռուսաստանից:
Ալեքս ՆԱՅՍ, Economist
Հ.Գ. Մի քանի օր առաջ Զբիգնև Բժեզինսկին ասել էր, որ հազիվ թե 10-20 տարի հետո ԵԱՏՄ լինի: Կարող եք համարել քարոզչական կանխատեսում, բայց փաստը մնում է փաստ, որ դեռ անցյալ դարում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընդհանուր տնտեսական միություն ստեղծելու առաջարկը սկսեց իրականություն դառնալ, երբ վերջնականապես վատացան ՌԴ-ԵՄ հարաբերություները: Իսկ մինչ այդ թե Ռուսաստանը, թե հետխորհրդային երկրները (նրանց թվում էլ՝ Հայաստանը) բանակցում էին եվրաասոցացման համար: Մայր ցամաքից մայր ցամաք միասնական տնտեսական տարածքի նախագիծը ՌԴ նախագահի համար իր քարտեզից ջնջեց Եվրոպան ու կենտրոնացավ Ասիայի վրա: ԵԱՏՄ-ի գոյության քաղաքական ու տնտեսական նպատակայնությունը արդիականությունը կկորցնի, երբ վերականգնվեն ՌԴ-ի և ԵՄ-ի փոխհարաբերությունները: Դատելով ՈՒկրաինայի ճգնաժամից, ԵՄ և ԱՄՆ՝ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պարբերաբար երկարաձգելուց՝ այդ հեռանկարը ռեալ կարող է դառնալ ժամանակի մեջ, երբ Արևմուտքում իշխանության գան այսօրվա իշխանությանը հակադիր տեսակետներ ունեցող ուժերը: Ռեալ են նաև տնտեսական դրդապատճառներով ԵԱՏՄ սահմանափակումները անտեսելու և միջազգային առևտուրը զարգացնելու միտումները, առավել ևս Ռուսաստանի տնտեսության թուլացման պարագայում: Այսօր ստացվում է, որ ԵԱՏՄ-ում մնալու գլխավոր գործոնը գազի գինն է՝ Մոսկվան գնային զեղչերով է պահում գործընկերներին, բայց մի օր կարող է քաղաքական «բարեգործությունից» հրաժարվել՝ տնտեսական պատճառներով: Բոլոր դեպքերում՝ ԵԱՏՄ-ն այն կառույցը չդարձավ, որ տնտեսական զարգացում ապահովի, իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման ու տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը առավել ու առավել շահավետ է դառնալու ԵԱՏՄ անդամների համար: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ գնում է հակառակ ուղղությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ