Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի տարելիցը գուցե պատահաբար, բայց համընկավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության հետ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ՈՒկրաինա հանձնաժողովի նիստում: Նա դատապարտեց Մոսկվային՝ «շարունակվող մարտական գործողությունների» և ՈՒկրաինայի «օկուպացիայի» համար: Փորձագետները նկատում են, որ Ռուսաստանի մասին Թիլերսոնի խոսքն առավել կոշտ էր, քան մինչ այդ հնչեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա աշխատակազմը: Հաստատվել է, որ պետքարտուղարը մտադիր էր հանձաժողովի նիստը բաց թողնել «Ռուսաստան այցի պատճառով»: Բայց եղավ՝ ինչ եղավ: ԱՄՆ դիվանագետի տեսակետի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն իր «տարակուսանքն արտահայտեց»:
Յոահիմ Բիտերլիխը, որ 1990-ականների վերջին Գերմանիայի մշտական ներկայացուցիչն էր ՆԱՏՕ-ում (նրան մեջբերել է Deutsche Welle-ն), Թիլերսոնի հայտարարությունը բացատրում է այն փաստով, որ Թրամփի աշխատակազմի կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր համար «կարմիր գիծ» է համարում ՈՒկրաինան ու Կովկասը: Գերմանացի հայտնի քաղաքական գործիչը դրանով հաստատում է REGNUM-ի և եվրոպացի փորձագետների տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմը որակել են Սիրիայում ու ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների շղթայի օղակներ: Le Figaro-ում այդ մասին գրում էր լրագրող ու միջազգային հարցերով փորձագետ Ժան-Կլոդ Գային: Նա հիշում է, որ երբ բռնկվեց ուկրաինական ճգնաժամը, ձեռնարկվեցին կարգավորման դիվանագիտական հրատապ ջանքեր՝ զգուշանալով, որ «սպառնալիքի տակ է դրվում Եվրոպայի անվտանգությունը», Ադրբեջանը կշտամբեց միջազգային հանրությանը: Բաքուն տրտնջում էր, որ աշխարհը «չի հատկացրել ու չի հատկացնում այդքան մեծ ուշադրություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդրին»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այն ժամանակ հայտարարեց. «Եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգավորված լիներ, ՈՒկրաինան, գուցե, հիմա չբախվեր այս կոնֆլիկտին, այստեղ նույն սցենարն է՝ տարածքային ամբողջականության նույն խախտումը, նույն արդյունքը՝ օկուպացիա, անջատողականություն: Նրանք, կարծես, միմանց հայելային արտացոլումն են»: Բայց շուտով,- գրում է Գային,- ՈՒկրաինան «դադարեց արևմտյան կառավարությունների գերակայություն լինել»: Բաքուն դա զգաց, Կիևը որոշեց սրել իրավիճակը հարավ- արևելյան շրջաններում, Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմ սկսվեց: Այսպես սկսվեց երկու ճգնաժամերի՝ ուկրաինականի ու Լեռնային Ղարաբաղի, «բախումը»՝ Արևմուտքի ակտիվ մասնակցության կամ ներգրավման հաշվարկով: Հիմա նորից դիտարկվում է իրավիճակի սրում ՈՒկրաինայի արևելյան շրջաններում:
Թիլերսոնը Բրյուսելում ասում է, որ «ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը ՈՒկրաինային մնում է անխախտ», որ Ռուսաստանը իբր թե չի կատարում ՈՒկրաինայի արևելքում պատերազմի կարգավորման իր պարտավորությունները Մինսկի համաձայնագրի շրջանակներում, որտեղ նրա խոսքով՝ «Ռուսաստանից ղեկավարվող անջատողական ուժերը» կռվում են ուկրաինական բանակի հետ, որ «դա վարկաբեկում է Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականը՝ ամբողջական, ազատ ու խաղաղ»: Սակայն նա չի ասում, որ Վաշինգտոնը նորմանդական խմբի անդամ չէ, որի լիազորությունների շրջանակում է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: Բայց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում ԱՄՆ-ը իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործում է Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ համատեղ, հայկական կողմին չի անվանում «անջատողական» և Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կապում «Եվրոպայի ընդհանուր տեսլականի հետ»:
Դա ակամա մտածել է տալիս, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԱՄՆ-ը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին հետխորհրդային տարածքի միասնական շղթայի մեջ մտնել: Ֆրանսիական Le Journal International-ը, արձանագրելով, որ «Հարավային Կովկասի ամբողջ քաղաքական ու տնտեսական էլիտայի հայացքները ուղղված էին Հիլարի Քլինթոնին», որ կառուցում էր ՈՒկրաինա-Հարավային Կովկաս-Սիրիա սխեման, որտեղ «ծրագրվում էր վերջ դնել Բաշար Ասադին աջակցությանը», բախվում է անակնկալների: Հարավային Կովկասում Վաշինգտոնն աշխատում է Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում, որտեղ «կապված են» Հայաստանն ու Ադրբեջանը: Կա նաև Վրաստանը, որ ցանկանում է պահպանել գերակա հարաբերությունները Վաշինգտոնի հետ ու մտնել ՆԱՏՕ: Բայց Թրամփի աշխատակազմը ալյանսը համարում է «հնացած», որ Վրաստանի քաղաքական ղեկավարության համար դառնում է անորոշության գործոն: Մերձավոր Արևելքում, ինչպես հայտարարում է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը, «ԱՄՆ-ը պետք է հաշտվի Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարման իրականության հետ» և դրա փոխարեն «կենտրոնանա ԻՊ-ի ջախջախման վրա»: 2016-ի ապրիլյան պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ինչպես 2008-ի Ռուսաստանի ու Վրաստանի կովկասյան պատերազմը պատմական ենթատեքստում ավելի նման են տարածաշրջանում 1918-1920-ականներին տեղի ունեցողին, երբ չկան փոփոխություններ այս կամ այն կոնֆլիկտի լուծման տրամաբանության մեջ: Այն ժամանակ կոնֆլիկտի մոդերատորի դերում, որպես կանոն, արտաքին ուժերն էին հանդես գալիս: 1918-ին Օսմանյան կայսրությունը գերմանաթուրքական դաշինքի պարտությունից հետո հանձնվեց Անտանտի տերությունների ողորմածությանը, որ դարձան դրության տերը Անդրկովկասում: Տարածաշրջան մտան Գերմանիայի ու Անգլիայի զորքերը, իսկ 1920-ի առաջին կեսին հայտնվեցին բոլշևիկները, որ ալյանսի մեջ մտան Թուրքիայում Մուստաֆա Քեմալի հետ, որի շնորհիվ սովետականացվեց Ադրբեջանը: Բաքվի վրա հենվելով ու Լոնդոնի հետ գաղտնի համաձայնությամբ բոլշևիկները հետո սովետականացրին Հայաստանն ու Վրաստանը:
Իրավիճակը կվերարտադրվի՞ այս անգամ: Այսօր Ռուսաստանի միակ դաշնակիցը Անդրկովկասում Երևանն է, որի հետ ձևավորվում է պաշտպանության ու անվտանգության միասնական տարածք: Անկարան, որ ալյանսի մեջ է Մոսկվայի հետ, թուրք փորձագետներից մեկի խոսքով՝ «կորցրել է նախկին ինստիտուցիոնալ հիշողությունը՝ գործելով հույզերով»: Նախագահ Թրամփը դեռ չի ձևավորել «Անդրկովկասյան դոսիե», որը կախված է նաև նրանից, թե ՆԱՏՕ-ի ներսում կհայտնվի՞ «եվրոպական հիմք», և ո՞վ կխաղա գլխավոր դերը: Այդ պատճառով էլ Անդրկովկասում «կարմիր գիծը» ոչ մեկը դեռ չի գծել: Այդ պատճառով էլ՝ ինչպե՞ս իրավիճակը տարածաշրջանում կզարգանա ապագայում, ավելի ճիշտ՝ արտաքին ո՞ր կենտրոնները ակտիվ դեր կունենան, մնում է միայն կռահել: Ակնհայտ է միայն, որ դա կածանցվի նրանից, թե ինչպիսին կլինի նոր Մերձավոր Արևելքը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Իսկապես դարասկիզբը, կարծես, կրկնվում է՝ հուսանք, որ այս անգամ չեն կրկնվի նաև դարասկզբի սխալները՝ մեր ու «արտաքին ուժային կենտրոնների»: Համենայն դեպս՝ Ստանիսլավ Տարասովը գրեթե ակամա արձանագրում է, որ ԱՄՆ-ը «հայկական կողմին չի անվանում «անջատողական» և Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կապում «Եվրոպայի ընդհանուր տեսլականի հետ», իսկ դա հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տեսակետների մեջ միասնական չեն, նվազագույնը՝ երկուսը համաձայն չեն երրորդի հետ: ՈՒ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն երեկ արեց հասցեական հայտարարություն. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ ստում է, թե իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս՝ ձևացնելով, թե իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Նույն մոտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքվի այդ կեղծիքը ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողվելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը և կրկին տապալվեց։ Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցայտուն ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է։ Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքների` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի»։
ՈՒ գուցե այս անգամ «կարմիր գծերը» չանցնեն խրամատներով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ