Ժամը 19-ի դրությամբ՝ ընտրախախտումները՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, գրանցող սարքի խափանումներ, մատնահետքերի դրոշմման դժվարություններ, բաց քվեարկություններ, նոր տպված անձնագրերով քվեարկություններ, փողաբաժանում, կրկնաքվեարկության փորձեր, լրացուցիչ տեսախցիկներ, որ արձանագրում են քվեարկության պահը, չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերելու հրահանգներ, ընտրատեղամաս քաղաքացիների խմբակային տեղափոխություններ, քվեաթերթիկների հերթականության խախտումներ, անհասկանալի անձանց կուտակումներ, քվեարկության ուղղորդումներ, ընտրողին օգնելու կարգի խախտումներ, կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում, ծրարներում գունավոր թելերի հավելում, անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքի տվյալների անհամաձայնություն, դիտորդների և վստահված անձանց իրավունքների խախտում, քարոզչություն ընտրատեղամասում, այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց… Ցանկը լրիվ չէ:
Փաստացի՝ եվրոպացիների հետ չունեն Հայաստանի բոլոր նախագահները՝ «գյուղատնտեսական աշխատանքների» պատճառով կոպտացած մատնահետքը մեծ դժվարությամբ է դրոշմել Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանի անձնագիրն ու տաս մատնահետքերը սարքը չի «ճանաչել»: Դժվարություններ է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը խնդիրներ չի ունեցել: Դե իսկ Ռոբերտ Քոչարյանն անհայտ բացակայող է, նրա խոսնակն ասել է, որ չի մասնակցի քվեարկությանը՝ Հայաստանում չէ:
Մոսկվայում է՝ «Սիստեմա»-ի նիստին: Դա սոսկ պատրվակ է: Նախ կիրակի օրով՝ ի՞նչ աշխատանք ու նիստ, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկացավ ու չկարողացա՞վ քվեարկել: Կարող էր գնալ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, կարող էր օնլայն քվեարկել: Բայց նա գերադասեց՝ իր մեկ ձայնն էլ ՕՐՕ-ին չտալ, թեև կարող էր գոնե ընտանիքով ապահովել նվազագույնը հինգ ձայն: Բայց ընտրությունների օրը բացակայությունը երկրից երկրորդ նախագահի համար ավանդույթ է՝ նա ձայն չի տալիս ոչ իշխանությանը, ոչ մյուս թեկնածուներին: Կքվեարկեր, եթե վերադառնար քաղաքականություն: Իսկ գուցե պարզապես փողը չեն տվել՝ ասում էր, չէ՞, դեռ մարտի 6-ին, որ «լինելու է քսակների կռիվ» ու «ձայների աճուրդ»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արմեն Ռուստամյանն էլ քվեարկելուց հետո ասաց, որ այսօր սկսվում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը: Հետաքրքիր է՝ իսկ երրորդն ի՞նչ եղավ: