Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սուտն իբրև քաղաքական զենք

Սուտն իբրև քաղաքական զենք
07.04.2017 | 10:24

Էմանուել Մակրոնի՝ թեկնածուի, որ առավել բարենպաստ պայմաններ ունի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար, ընտրարշավի 30 %-ը ֆինանսավորում է Սաուդյան Արաբիա՞ն: Ճիշտ չէ: Բայց հենց այդ տեղեկատվությունն է փետրվարի վերջին հրապարակվել ֆեյք լրատվական կայքում (LeSoir.info), որի դիզայնը ճշգրիտ կրկնում է լեգենդար LeSoir.be-ին, որպեսզի մոլորեցնի ընթերցողներին և հավաստիություն հաղորդի կեղծ նյութերին: Մակրոնի վերաբերյալ դա ապատեղեկատվութան միակ դեպքը չէ: Վերջին երկու շաբաթներին սոցիալական ցանցերում շրջանառվում էր արաբերեն գրված ենթադրյալ հայտարարության լուսանկարը, որտեղ Ալ Քաիդայի ղեկավարները ասում էին, որ նախընտրում են Մակրոնին մյուս թեկնածուներից: Մի քանի օր առաջ ֆրանսիական հակալիբերալ սայթերից մեկում հաղորդվում էր, որ Մակրոնը մտադիր է Ֆրանսիայի շրջաններից մեկում շարիաթ ներմուծել, օրինականացնել բազմակնությունը և կանանց հետ անվայելուչ պահվածքը:

Բնականաբար, լուրը սուտ էր: Բայց դա էլ վերջը չէ: Թեման համարյա միշտ միգրացիան է և սոցիալական լարվածությունը մուսուլման բնակչության հետ: Անցալ ամիս շրջանառվում էր տեղեկատվություն, որ պետությունը ձեռք է բերում 62 հյուրանոց՝ օգտագործելով Սոցիալական զարգացման եվրոպական բանկի հատկացրած հարյուր միլիոն եվրոն, որ բնակարաններով ապահովի Ֆրանսիա եկած միգրանտներին: Լուրեր կային, որ պետությունը մտադիր է կաթոլիկ երկու տոները փոխարինել մուսուլմանականով ու հրեականով՝ հանուն հավասարության: Բոլորովին վերջերս տարածվեց նորությունը, որ Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է ձայնի իրավունք տալու հնարավորության հարցը ջիհադիստներին, որ ձերբակալված ու կալանավորված են Ֆրանսիայում: Հազարից ավելի պոստեր սոցիալական ցանցերում ստացավ Ֆրանսիայի քարտեզը, որտեղ նշված են ոստիկանության և Հարավային Աֆրիկայից արտագաղթածների բախումների վայրերը: Քարտեզը 2005-ինն էր, մնացածը մաքուր սուտ էր:


Այս և համանման կեղծ այլ նորությունների հրապարակողը ֆրանսիական ԶԼՄ-ներն են, որ մասնակցում են CrossCheck նախագծին, որի նպատակն է փաստական սխալների բացահայտումը դարձնել կեղծ տեղեկություններից բանավեճերը մաքրելու միջոց, որոնք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա: Նախագիծը հաջողված էր, բացահայտումից հետո լուրերը անհետացան: Բայց իր արդյունավետությունից բացի նախագիծն ուներ ևս մեկ արժանիք՝ հավաքելով կեղծ հրապարակումների կատալոգը, ընդգծում էր նրանց ընդհանրությունները: Առաջին՝ Ֆրանսիայի նախագական ընտրարշավի ընթացքում կեղծ նյութերը հիմնականում ձեռնտու են Մարին լը Պենին, որովհետև կեղծարարության անմիջական օբյեկտը Մակրոնն է՝ նրա ընտրարշավի ֆինանսավորման հարցը, ի դեպ, ուշադրությունը շեղեց Լը Պենի ու Ռուսաստանի ֆինանսական հարաբերություններից: Կամ այն պատճառով, որ ամրապնդում են նրա կարգախոսները մուսուլմանական բնակչության նույնականության և հետապնդումների մասին, օգտագործելով կեղծ տեղեկություններ ֆավորտիտության ու արտոնությունների մասին, որ բնակչության այդ խմբին տրվում են: Երկրորդ՝ ֆեյք-նորությունները սնվում են բանավեճերի հուզական լարումով: Այս պահին հույզերը մուսուլմանների ինտեգրումը Եվրոպայում առաջին գիծ են բերում, որ նույնպես նպաստավոր է Մարին լը Պենի համար: Երրորդ՝ այդ նյութերը ոչ միայն ընթերցողին մոլորեցնելու կանխամտածված փորձ են (պատճենելով հավաստի աղբյուրների արտաքին տեսքը), այլև, ամենայն հավանականությամբ, ակունք ունեն վիրտուալ աղբյուրները, որ գրանցված են արտասահմանում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այլ պետություններ ցանկանում են օգտագործել այդ տեխնիկան, որպեսզի կողմնակի ներգործություն ունենան քաղաքական բանավեճերի վրա՝ սեփական շահերը հետապնդելով: Այդ իմաստով գաղտնիք չէ, որ Ռուսաստանը կիսում է Մարին լը Պենի քաղաքական ծրագիրը և ամբողջությամբ աջակցում ԵՄ-ից հեռանալու նրա խոստումին, այդ պատճառով էլ շահագրգռված է նրա թեկնածությունն առաջ մղելով:

Դուք կասեք, որ չկան կեղծ լուրերին Ռուսաստանի առնչության ապացույցներ, որ հայտնվում են Ֆրանսիայի նախագահական ընտրարշավում: Այո, բայց ինչպես նկատել է Էնն Ապելբաումը, համընկնումներն իրենք իրենց մասին խոսում են: Պուտինն ու Լը Պենը ընդհանուր թշնամիներ ու ընդհանուր նպատակներ ունեն (ԵՄ և նրա դիրքերի թուլացումը), Կրեմլը ֆինանսավորում է «Ազգային ճակատի» նախագահի ընտրարշավը և նկարագրվածը լիովին համընկնում է աշխատանքի ռուսական մեթոդների հետ, որոնց նպատակն էր ներգործել ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի վրա (ի շահ Դոնալդ Թրամփի): Եվրոպան լողում է առանց հստակ նշված նպատակակետի, մինչդեռ նրա թշնամիները գիտեն՝ ուր ուղղել իրենց նավը:
Ալեշանդրե Օմեն ԿՐԻՇՏՈՒ, Observador, Պորտուգալիա


Հ.Գ. Համենայն դեպս՝ հետաքրքիր է՝ Պորտուգալիայում ե՞րբ են ընտրություններ լինելու: Լիսաբոնը նույնքան ֆեյք-պահանջարկ կունենա՞, որքան Փարիզը: Իսկ ընդհանրապես եզրակացությունները թողնում եմ ձեզ և ակնկալում եմ ֆեյքային տեխնոլոգների շնորհակալությունը՝ մեթոդական օգնության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ