ՀՀ ԱԳՆ-ը հաղորդել է, որ ապրիլի 28-ին ՌԴ ԱԳ նախարարի հրավերով՝ Մոսկվայում կկայանա ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպումը, որ նույն ԱԳՆ-ն մի քանի օր առաջ չէր հաստատում, երկու օրից կկայանա: Այս տեղեկատվությունը զուգահեռվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով սուբստանտիվ բանակցությունների՝ նա արդեն մեկնաբանել է ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը: Դժվար է ասել՝ ի՞նչ է հիմա «սուբստանտիվի» տակ պատկերացնում Բաքուն, որ Երևանը համաձայնել է հանդիպման: Իսկ եթե Բաքուն չի փոխել «սուբստանտիվի» իր մեկնաբանությունը, պարզ է, որ հանդիպումը լինելու է հերթական տուրքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական ջանքերին: Համենայն դեպս՝ Էլմար Մամեդյարովը ասել է. «Հույս ունենք, որ Մոսկվայում նախատեսված հանդիպումը կդառնա կառուցողական բանակցությունների սկիզբ, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով: Ժամանակն է խոսքերից անցնել գործողությունների: Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»:
ՈՒշադրություն դարձրեք, որ Մամեդյարովը չի հիշատակել Վիեննայի հանդիպումը և կենտրոնացել է միայն Սանկտ Պետերբուրգի վրա: Անդրադառնալով 2016 թ. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Մամեդյարովն ասել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ են եղել: Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նախատեսում էին ստատուս քվոյի փոխոխություն: ՀՀ ԱԳՆ-ն դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել ու չի անդրադարձել Մամեդյարովի «պարզաբանումներին», որոնք գործնականում հակասում են ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշմանը: Ստացվում է, որ հունվարից եռակողմ հանդիպում պահանջող և Հայաստանին ապակառուցողական դիրքորոշման մեջ մեղադրող Բաքուն Մոսկվայի ձեռքով ստացավ ցանկացածը: Եռակողմ հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց 2017-ի հունվարին Մոսկվա այցից հետո վերադառնալով Բաքու: Այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իրեն հայտնի չէ հանդիպման մասին, Երևանը տեղյակ է միայն Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հանդիպման մասին: Մոսկվան չհաստատեց եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, հայտարարելով, թե դեմ չի լինի կազմակերպել, եթե կողմերը ունենան ցանկություն, բայց չի կարող որևէ մեկին հանդիպում պարտադրել: Ի՞նչ փոխվեց, որ հանդիպումը հիմա վճռված է:
Եռակողմ ձևաչափը Բաքվի համար իդեալական է՝ գործնականում զուգահեռ ձևաչափ է ձևավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որից Ադրբեջանը մշտապես դժգոհ է: Տևական ժամանակ է, որ լուրեր են շրջանառվում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության բանակցությունների մասին, Ռուսաստանն ակնարկում է, որ դա կհեշտացնի նաև ԼՂ հարցի կարգավորումը, բայց բոլորն էլ գիտեն, որ դա դիվանագիտական հեքիաթ է: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների միջև զգալի տարբերություններ կային՝ եթե Վիեննայում քննարկվել են հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների տեղակայման հարցերը, Սանկտ Պետերբուրգում այդ մասին լռել են: Բաքուն բացահայտ ընտրել է հարցի լուծումը ռուսական հովանու ներքո՝ հույս ունենալով ստանալ տարածքներ՝ սոսկ սահմանների անվտանգության դիմաց, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային՝ հենց դա է Բաքվի «սուբստանտիվի» նոր բովանդակությունը, որին Հայաստանն ու Արցախը չեն կարող համաձայնել որևէ դեպքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ նոր դիրքորոշում ունի Ռուսաստանը և ինչպե՞ս են արձագանքելու ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները: ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանում Նալբանդյանի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հանդիպմանը: Պաշտոնական տեղեկատվությունից անհայտ է մնում, թե ի՞նչ են նրանք քննարկել:
Բոլոր դեպքերում՝ Մոսկվայում ապրիլի 28-ի հանդիպմանը հազիվ թե քայլ առաջ կատարվի, եթե ոչ քայլ հետ: Բազմակի մերժումներից հետո Էդվարդ Նալբանդյանը, թերևս, հանդիպման հրավերն ընդունեց՝ ապացուցելու, որ Հայաստանը երբեք բանակցություններից չի խուսափել: Այդքանը: Առաջարկվող պայմաններով զիջումներ լինել չեն կարող: Նալբանդյանը թևքից կարող է հանել Վիեննայի բանակցությունների պայմանավորածությունները՝ շփման գծում վստահության մթնոլորտի ստեղծում, հետաքննող մեխանիզմների տեղակայում, ռազմական դիտորդների քանակի ավելացում, որոնք Բաքուն չի ընդունում: Մամեդյարովը կարող է պատասխանել ուժի սպառնալիքով: Լավրովին կմնա իր պլանը: Կամ՝ այդ պլանի նոր մոդիֆիկացիաները, որից էությունը չի փոխվում: