Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկու անհեթեթություն և մեկ կոալիցիա

Երկու անհեթեթություն և մեկ կոալիցիա
05.05.2017 | 12:36

Մայիսի 4-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ավանդական ճեպազրույցում պատասխանել է հարցերի՝ ինչպես միշտ: Ոչ մի սենսացիա: ՀՀԿ-ն, մեղմ ասած, սպասումները չի արդարացրել, եթե, իհարկե, սպասումներ կային՝ ոչ ԱԺ նախագահի հարց են քննարկել, ոչ փոխնախագահների, ոչ էլ հանձնաժողովների նախագահների: ՀՀԿ նախագահը այդպիսին է՝ նա գիտի և սիրում է պաուզան ձգել մինչև վերջին զանգը: Իսկ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը աշխատանքները կսկսի մայիսի 18-ին, ուրեմն մինչ այդ պատգամավորների կեսին պաշտոններ կտա, կեսին դեսպան կուղարկի միայն մամուլը: Միակ հավաստի տեղեկությունը, որ ԱԺ հանձնաժողովների քանակը կկրճատվի. «Ես տրամաբանական եմ համարում, որ կկրճատվի, 131 պատգամավորի թիվը կրճատվել է, այսօր մենք ունենք 105 պատգամավոր։ Չեմ բացառում, որ 6-րդ գումարման ԱԺ-ում կաշխատի ոչ թե 12, այլ մի քանի հանձնաժողով ավելի քիչ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա չի մանրամասնել՝ ո՞ր հանձնաժողովները այլևս չեն լինի։ Ամենայն հավանականությամբ՝ մեկը լինելու է եվրաինտեգրման հանձնաժողովը, որ քաղաքական անհեռատես քայլ է դառնալու մի պետությունում, որը ցանկանում է ամրապնդել Եվրամիության հետ կապերը և պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել նոյեմբերին: Հետո ինչ, որ հանձնաժողովը 5-րդ գումարման ԱԺ-ում համարյա նիստեր չի արել, դա չի նշանակում, որ անելիքներ չկան՝ նշանակում է, որ նախագահը իր անելիքը չի տեսել: ՀՀԿ խոսնակի երեկվա ճեպազրույցում առանձնանում է հետաքրքիր փաստ՝ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ հարկադրած է եղել «անհեթեթություն ու սուտ» որակել իր գնահատմանը ներկայացված լուրերին:


«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մամուլում եղած լուրերը, թե ՀՀ նախագահն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին ստանձնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»՝ ասել է նա՝ անդրադառնալով նախկին վարչապետի նոր պաշտոնի լուրերին, որից նա, դարձյալ ըստ լուրերի, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ անհայտ է, թե 2018-ին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Լուրն իսկապես անհեթեթ է՝ նախ նման առաջարկ չէր լինի մի մարդու, որ ՀՀԿ անդամ չէ, երկրորդ՝ եթե առաջարկ լիներ, չէր մերժվի՝ ով-ով՝ Հովիկ Աբրահամյանը լավ գիտի իշխանական լծակի կախարդական փայտիկ լինելը, իսկ կախարդական փայտիկից նա չէր հրաժարվի նույնիսկ մեկ ժամով, ուր մնաց մեկ տարով պայմանավորելով: Վերադարձը վերադարձ է: Երկրորդ «անհեթեթությունը» ՀՀԿ խոսնակը գտել է ԿԸՀ-ԲՀԿ սկանդալում: «Սա հարց է, որը ՀՀԿ-ականներին չի վերաբերում, սա պետք է հանգուցալուծվի իրենց մեջ, ՀՀԿ-ն այստեղ անելիք չունի և բոլոր այն հրապարակումները, որ այստեղ փորձում են ՀՀԿ-ի ձեռքը տեսնել, կատարյալ անհեթեթություն են»՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նա, իհարկե, չի ասել, որ ԿԸՀ նախագահը երբևէ առանց համաձայնեցումի օրենք չէր կատարի, ինչպես նաև չէր խախտի: Բայց դա մանրուք է՝ քաղաքական կրկեսում մանդատներն ի՞նչ են, մարդիկ են անհետանում ու հայտնվում՝ ասես ոչ մի տեղ չեն գնացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ՀՀԿ խոսնակը ասել է նաև, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2022-ի համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։ Կարող էր, չէ՞, ասել, որ դա էլ անհեթեթ է, երբ ՀՀԿ-ն բավարար ձայներ ունի միայնակ կառավարություն կազմելու համար, բայց չի ասել՝ Էդուարդ Շարմազանովը կոփված կուսակցական է՝ իրարից տարբերելու քաղաքական, կուսակցական, իրական «անհեթեթությունը»:

Դիտվել է՝ 1834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ