Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է փակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը

Ո՞վ է փակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը
07.05.2017 | 11:49

Մի շտապեք պատասխանել՝ Բաքուն: Այդ կարծիքին է Հայաստանի ԱԳ նախարարությունը, բայց այդ պարագայում էլ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարություն չի անում անձամբ ու մեկնաբանություն չի տալիս փաստին կամ իրավիճակին, որ ամիսներ էր ձգվում: Միայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Ադրբեջանը, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը՝ դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը՝ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը:


Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ն գրասենյակներ ուներ և Վրաստանում, և Ադրբեջանում, և Հայաստանում: Վրաստանի ԵԱՀԿ գրասենյակը փակվեց ռուս-վրացական պատերազմից հետո՝ ՌԴ պահանջով: Բայց դա չխանգարեց, այլ գուցե խթանեց, որ վրացիները ասոցացման համաձայնագիր կնքեն ԵՄ-ի հետ: Ադրբեջանն ինքը փակեց իր գրասենյակը՝ չերկարացնելով ԵԱՀԿ գրասենյակի մանդատը: Հայաստանի իշխանությունները ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը առարկություն չունեին, բայց փաստացի համարում էին, որ դա ԵԱՀԿ-ի լուծելիք խնդիրն է և իրենք անելիք չունեն: Ստացվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում գործում են ԵԱՀԿ-ի դեմ: Համենայն դեպս՝ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն որևէ հայտարարություն հարկ չհամարեց անել, թեպետ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը միշտ ռուս է եղել: Գրասենյակի փակումը աշխարհի վերջը չէ և չի նշանակում, որ խզվում են ՀՀ-ԵԱՀԿ կապերը, ցանկության դեպքում ծրագրերը շարունակելու այլ տարբերակներ կարող են գտնվել, բայց կլինի՞ ցանկություն: Ինչո՞ւ հիմա է միայն հարցին անդրադառնում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցել է ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ Ավստրիայի շարունակական ջանքերին Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների խնդիրը հարթելու ուղղությամբ, որ մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարևորություն ունի: Ըստ հայտարարության՝ «ԵԱՀԿ առաքելությունները կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու հարցում: ԵՄ-ն լիովին հանձնառու է և աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երևանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին ներկայացուցչությունն է: ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կարևոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից: Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երևանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձևակերպումներում, և հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը:

Այն, որ դա ևս արդյունք չի տվել, հիասթափեցնող է: Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»: Այսինքն՝ ԵՄ-ն հարցը փակված չի համարում, ինչպես և ԱՄՆ-ը, որ ափսոսանք է հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցավում է, որ ԵԱՀԿ-ն կորցնում է Հարավային Կովկասում գործունեության վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի աջակցություն է հյուրընկալող երկրներին, օգնում է ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ըստ ԱՄՆ առաքելության հայտարարության, ապահովում էր հակամարտությունների կարգավորումն ու նպաստում կառավարության և քաղաքացիական հասարակության երկխոսությանը:

«Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների ջանքերը՝ ուղղված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն»՝ ասվում է ԱՄՆ առաքելության հայտարարությունում: ԱՄՆ-ը կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց երկարաձգել մանդատը, քանի դեռ գրասենյակը չի դադարեցրել ականազերծման մարդասիրական գործունեությունը: Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնվեց, որ Երևանի գրասենյակը չշարունակի այդ գործունեությունը: Չնայած նախագահության՝ ամիսներ տևած ջանքերին, հնարավոր չեղավ բոլոր անդամ երկրների համար գոհացուցիչ լեզու գտնել գրասենյակի մանդատի երկարացման հարցում»:

ԱՄՆ-ը կոչ է անում նախագահությանը և գլխավոր քարտուղարին Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունը պահպանելու նոր ուղիներ փնտրել: Ի՞նչ է սա նշանակում: Սոսկ դիվանագիտական ժե՞ստ, թե՞ գործողության ծրագիր: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանն արձագանքել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա) և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա): Նրանք ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում։ «Ես ափսոսում եմ այն փաստի համար, որ չնայած երկարատև և ծավալուն ջանքերին, մշտական խորհուրդը չկարողացավ համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կարևոր աշխատանքին նպաստելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ դաշտային գրասենյակներին պետք է տրվի ամուր մանդատ և բոլոր ռեսուրսները։ Սակայն, ցավոք ևս մեկ դաշտային գրասենյակ է փակվում»,- ասել է Քրիստին Մուտոնենը։ Քրիստիան Վիգենինը նշել է, որ վերջին տարիներին Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ դաշտային գրասենյակների փակվելուց հետո Երևանի գրասենյակը ուներ և խորհրդանշական, և գործնական նշանակություն:


«Հույս ունեմ, որ նախքան վերջնական փակումը միջանկյալ այդ ժամանակահատվածը կօգտագործվի կոմպրոմիսային լուծում գտնելու հարցում, որպեսզի երկիրը շարունակի շահել դրա աջակցությունից»,- ասել է Վիգենինը։
Վիեննայի համար Հայաստանում դաշտային առաքելության փակումը տարածաշրջանում գործունեության արեալ կորցնել է նշանակում, բայց նրանք առանձնապես մեծ կորուստ, կարծես, չեն զգում: Պատճառը Հայաստանի արտաքին քաղաքականությունն է՝ ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը անցնում է Մոսկվայի Սմոլենսկի հրապարակով, ուրեմն ինչո՞ւ իզուր վատնել ֆինանսները, որ ավելի նպատակային կարող են ծախսել: Բաքուն օգտվեց հանգամանքից: Հայաստանը ԵԱՀԿ-ում չմիացավ ժողովրդավարական ուղի բռնած երկրներին և մշտապես պաշտպանեց ՌԴ շահերը: Հիշեք, նորից պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանի բոցաշունչ ռուսասիրական ելույթները ԵԱՀԿ ԽՎ-ում, որտեղ նա ղեկավարում էր ԱԺ պատվիրակությունը: ՀՀ իշխանությունները միանում էին ՌԴ նախաձեռնություններին, որոնք ուղղված էին ԵԱՀԿ ազդեցության սահմանափակմանը, ուրեմն ինչո՞ւ պիտի ԵԱՀԿ-ն շահագրգռված լիներ օգնել Հայաստանին: Միջազգային կառույցներում վերջին տասնամյակում Հայաստանն ու Ռուսաստանը քվեարկում են մի ձեռքով, իսկ դա չի կարող անհետևանք մնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բնավ զուգադիպություն մի համարեք, որ հենց այս օրերին ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ երկրներում ՌԴ ռազմաբազաների, նշեց, որ Հայաստանում ռուսական բազան պատրաստ է Իսլամական պետության դեմ պայքարին: Միջինասիական ռուսական ռազմաբազաների առնչությամբ հայտարարությունը հասկանալի է, ի՞նչ ունի Հայաստանը ԻՊ-ի հետ: Ինչո՞ւ է ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանը ահաբեկիչների թիրախ դարձնում ու ներքաշում մերձավորարևելյան քաոսի մեջ: Գյումրու ռուսական բազան հայ-ռուսական միացյալ զորախմբի մաս է, և ոչինչ չի նշանակում այդ զորախմբի հայ հրամանատարի հայտարարությունը, որ թե խաղաղ օրերին, թե պատերազմի ժամանակ Հայաստանն է որոշումներ ընդունողը: Անվանական առումով՝ այո, իսկ իրականո՞ւմ: Չի՞ ստացվում, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու կոչված ռազմաբազան հենց վտանգում է այդ անվտանգությունը: Գյումրու ռուսական ռազմաբազան իբր Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանը պաշտպանելու նպատակ ունի, բայց կարող է դառնալ տրոյական ձի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը, նաև Թուրքիան տարբեր հարցերում գործում են փոխկապակցված՝ շահերի համընկնում ունենալով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կապ ունի՞ ԼՂ հիմնահարցի հետ: Առաջին հայացքից՝ ոչ, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբն է հիմնահարցով զբաղվում: Բայց հասնելով Հայաստանի մեկուսացմանը՝ Մոսկվան ու Բաքուն փորձում են լուծել Ղարաբաղի խնդիրը լոկալացնելու հարցը:

Այո, ասուլիսում Սերգեյ Լավրովը կարող է հայտարարել, որ ԼՂ հիմնահարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, բայց փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբում Բաքուն սերտ գործակցում է Մոսկվայի հետ, իսկ Երևանը Փարիզի ու Վաշինգտոնի աջակցությունից չի օգտվում՝ խոսափելով Մոսկվայի զայրույթից ու անայլայլ ընդունում է, որ Մոսկվան զինում ու զինում է Բաքվին և Մինսկի խմբի դեմ քայլեր ձեռնարկում: Ինչքա՞ն ու ինչո՞ւ պիտի Փարիզն ու Վաշինգտոնը պահեն ստատուս քվոն, եթե Հայաստանը լիովին անցել է ՌԴ շահերի պաշտպանության տիրույթ: ՈՒ եթե հարց է ծագում, թե ո՞վ փակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, վստահ մի պատասխանեք Բաքուն:

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ