Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Հենմա՞ն կետ, թե՞ վերջակետ

Հենմա՞ն կետ, թե՞ վերջակետ
10.05.2017 | 09:23

Տոները սքանչելի են իրենց բուն էությամբ՝ օրն առանձնացնում են սովորական օրերից ու նոր բովանդակություն տալիս, նոր իմաստ, նոր պատմություն: Ոչ միշտ: Օրացույցում այնքան տոներ կան, որ գալիս-գնում են, ու ոչ մի տարբերություն: Իսկ մայիսի 9-ը, հետո նաև 8-ը միանգամից տոն դարձան: Մայիսի 9-ը, որովհետև այդ օրն ավարտվել էր 20-րդ դարի ամենաահեղ պատերազմը՝ Երկրորդ համաշխարհայինը, որի զինվոր էին դարձել նրանք, ովքեր առաջինում ողջ էին մնացել ու նրանց զավակները, մայիսի 8-ը, որովհետև 1000 ու ավելի տարիների մեջ այդ օրը հող էինք ազատագրել՝ մայրաքաղաք Շուշի անունով: Ժամանակի մեջ երբեմն ջնջվում են տարեթվերը, իսկ օրերը մնում են: Մնում է զգացողությունը՝ անսահման հպարտության և ուրախության: Թեկուզ, որ հենց այդ օրը պատերազմը չի ավարտվում, բայց խաղաղությունը թվում է այնքան հասանելի: Իսկ խաղաղությունը բացարձակ արժեք է, որ վիճարկում են միայն խելագարները:


Ավերված ու կրակից ծխացող քաղաքի մեջ հետո բացվեց առաջին նկարչական ցուցահանդեսը, ու դա նույնպես խելագարություն էր, խաղաղության ու հաղթանակի խելագարությունը: Կյանքի հաղթանակը, երբ դեռ կրակում են: Եվ, այնուամենայնիվ, մենք հաղթում ենք ճակատամարտերում ու պատերազմներում, իսկ հետո չենք դիմանում խաղաղության փորձությանը: Գուցե նաև հոգեբանական է՝ ուժերի կենտրոնացումից հետո միշտ գալիս է ռելաքսի պահը, երբ չես ուզում ու չես կարողանում մտածել: Փոքր ժողովուրդները, մանավանդ վատ շրջապատում, իրավունք չունեն չմտածել: Իսկ մտածել մենք չենք կարողանում: Մենք մինչև հիմա չենք պատասխանել հարցին՝ դարերով պետականություն չունենա՞լն է պատճառը, որ հայերը պետության իմաստն ու հարգը չգիտեն, թե՞ չգիտեն ու այդ պատճառով էլ դարերով պետականություն չեն ունեցել: 12 մայրաքաղաքներով երկիր, որ շագրենի կաշվի պես փոքրացավ: Մի տարբերությամբ՝ փոքրանում էր, բայց ցանկությունը չէր կատարվում: Մեր ցանկությունը: Որովհետև մենք միասնական ցանկություն ձևակերպել չէինք կարողանում: Մեր ամեն կորսված մայրաքաղաք մի առասպել է ու մի ամբողջ ժողովրդի պատմությանը կհերիքեր, իսկ մենք փակում էինք դռներն ու գնում նորը կառուցելու: Համարյա առանց հետ նայելու: Մեր արքաները եգիպտական փարավոններ չէին, նրանց համար բուրգեր չէին կառուցվում, նրանք դամբարաններում էին հանգչում: Իրենց ժամանակներում՝ արքայավայել, մեր ժամանակներում դամբարաններ չկան, կամ նոր են պեղվում: ՈՒ դա բնորոշ պատմական բնութագիր է՝ ունեցածը չգնահատելու, չարժևորելու, չպահպանելու մեր ազգային կյանքի: Մեր զորավարներին հաղթանակից հետո մենք չենք գնահատել՝ մինչև նոր պատերազմ: Պարզապես հաղթանակը ընկալել ենք իբրև սովորական իրավիճակ՝ ինչքան էլ ծանր ենք հասել, ու հաջորդ օրը գնացել ենք մեր գործին: Մինչև նոր պատերազմ: Գուցե նաև մեզ թույլ չեն տվել հաղթող զգալ: Համենայն դեպս՝ Հայրենական մեծ պատերազմից հետո:

Քսան միլիոն զոհերի կյանքի գնով հաղթանակից հետո վերադարձած ոչ բոլոր զինվորներին էր ամբողջ Խորհրդային Միությունում սպասում խաղաղությունն ու երջանկությունը: Աքսորն ու բռնությունները պատերազմից հետո էլ շարունակվեցին, մարդիկ վախենում էին ուրախանալ: Զինվորները կռվեցին ու հաղթեցին, իսկ քաղաքական գործիչները նրանց հաղթանակը վերածեցին սառը պատերազմի: Գուցե ավելի դաժան ու ավելի երկար, որ մինչև հիմա շարունակվում է՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ: Մեզ թվում էր, որ մեզ համար ամեն ինչ այլ է լինելու, լավ է լինելու, որ աշխարհը հևիհև սպասում էր մեր երջանկությանը ու ամեն ինչ անելու է, որ մենք երջանիկ լինենք: Ոչ ոք էլ չէր սպասում: Բոլորն իրենց խնդիրներն ունեին և ունեն: Իսկ մենք շարունակում ենք սպասել: ՈՒ եթե անկեղծ՝ մենք նույնիսկ մեր օրերի հաղթանակը չկարողացանք գնահատել, հպարտանալ, գլուխներս վեր բարձրացնել՝ հաղթանակի հողը տեսնելուց հետո հաղթանակի երկինքը տեսնել: Երկրաշարժը, շրջափակումը, պատերազմը մեր անկախության ուղեկիցները դարձան:

Ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում՝ գուցե և ճիշտ է, բայց մենք չենք ընկալում: ՈՒժի մեր պատկերացումը տարտղնված ու այլակերպված է, մենք կամ չկարողացանք մեր արժեհամակարգը բանաձևել, կամ չափանիշի չափանիշ չունեինք, որ բուրգը մերը լինի, հաստատուն հիմք ունենա և ուրիշների շահը մեր նպատակը չդառնա: Քաղաքական անկախությունը մեր դեպքում երկրորդ անգամ երկնքից ընկավ մեզ վրա՝ անցյալ դարասկզբին Ռոմանովյան կայսրության փլուզումից հետո առաջին անգամ և անցյալ դարավերջին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրորդ անգամ: Երկու անգամ էլ մեզ միայն մնաց իրողություններն ընդունել իբրև փաստ, որից պետք է հնարավորինս անկորուստ դուրս գալ: Կայսրության ավերակներում դժվար է փլատակների տակ չմնալը: Առավել ևս երբ դու այդ ամենի ականատեսն ես ու մասնակիցը, ամեն ինչ հանգում է կոնկրետ դեպքերի, մարդկանց, նրանց քայլերին ու արարքներին, դժվար է տարածություն պահելն ու գնահատական տալը, թեկուզ քառորդ դար անց: 100 ու ավելի տարի հետո կգան անկողմնակալ ու զգացմունքային կապեր չունեցողներն ու կտան իրենց գնահատականը: Հույս չունենաք, որ նրանց գնահատականը համարժեք կլինի իրականությանը: Քաղաքականությունը միշտ անցյալը հարմարեցնում է իր ներկա խնդիրներին: Գլխավորն ու երկրորդականը խառնվում են, մոռացվում են իրական հերոսներն ու խառնվում է ժամանակագրությունը, դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը: Ժամանակի մեջ հետուառաջը միշտ էլ կարևորվում է արդյունքի տեսակետից, իսկ արդյունքները և հետևանքները նախ սերտ շաղկապված են կամ իրարահաջորդում են, հետո էլ շատ հաճախ նշանակություն ունեն միայն օրվա մեջ, տարիների մեջ կորցնում են արդիականությունը: Մնում են միայն այն նյութական արժեքները, որոնց մեջ ոգի կա:


Քառորդ դարում՝ հաղթական պատերազմից հետո մենք չկարողացանք դիվանագիտական ավարտուն տեսք տալ ռազմի դաշտում մեր հաղթանակին: Եթե Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ լինեին միմյանց դեմ պատերազմող անկախ պետություններ, 1994-ին կկնքվեր ոչ թե զինադադար, այլ խաղաղության համաձայնագիր՝ հաղթող կողմի թելադրած պայմաններով: Իսկ 1994-ին մենք երջանկացանք զինադադարով, որ վերջապես խաղաղություն էր բերում մեր կարծիքով, Արցախի հարցի լուծումը մնաց օդում: Հաստատվում էր ստատուս քվո, դա մենք համարեցինք այդ պահի առավելագույն ձեռքբերում: Իհարկե, հեշտ է հետո գնահատական տալը, միշտ պատճառները, հանգամանքները, բացատրությունները մնում են ստվերում, չոր փաստն է առաջ գալիս: Իսկ փաստը վկայում է, որ հետոյի համար մենք ստացանք սողացող պատերազմ՝ մեր նոր սահմաններին: Դիպուկահարների պատերազմ: Գիշերային պատերազմ: Տեղեկատվական պատերազմ: Դիվանագիտական պատերազմ: Շահերի պատերազմ: Ինչ անուն ուզում եք տվեք՝ մենք հայտնվել ենք հիբրիդային պատերազմի մեջ, որտեղ միայն մենք չենք կռվում, բոլորն ունեն իրենց շահերը ու պաշտպանում են իրենք իրենց՝ մեր հաշվին ու մեր տարածքում: Գործնականում ստացվում է, որ ստատուս քվոն ունի միայն մեկ ելք՝ նորից պատերազմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շահերի հավասարակշռությունը ոչ միշտ է պահպանվում, բայց հենց այդ շահերի անհամապատասխանությունն է մինչև այսօր թույլ տվել, որ ստատուս քվոն մնա: Այլ հարց է, թե այդ ստատուս քվոն իրականում ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության համար: Վատ գին ու լավ գին՝ միաժամանակ: Լավը մեկն է՝ կա Արցախի Հանրապետությունը, վատը բազմադեմ է՝ շրջափակում ու տարածաշրջանային միջազգային տնտեսական ծրագրերից դուրսմղում, բնակչության աղքատացում ու գործազրկություն, քաղաքական անկախության կորուստ, կոռուպցիա, արտագաղթ: Բայց այս ամենը կապել Արցախի խնդրի հետ նշանակում է խառնել պատճառն ու հետևանքները:
Չի կարելի անվերջ ապավինել զինվորին:

Մենք դարձել ենք հայրենասիրության պորտաբույծներ՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, թվարկում ենք, անցնում՝ առանց սկիզբ ու վերջ դնելու, առանց պատճառներ ու հետևանքներ հիշելու, առանց իմաստը հասկանալու: Մենք միշտ իրականությանը նայել ենք նեղլիկ փակոցափեղկից, երբ պետք էր բացել ամբողջ պատուհանը: Քառորդ դարում հայ քաղաքական, ազգային, ազատագրական, հայրենասիրական, փորձագիտական միտքը միայն հետևեց իրադարձություններին ու հատվածական գնահատականներ տվեց, գնահատական, բայց ոչ առաջարկ: Ոչ ծրագիր: Ոչ ելք: Մենք եղանք ու մնացինք պաշտպանվող ժողովուրդ, որ հակահարված է տալիս, երբ իրեն հարվածում են: Մեր քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, ազգային անվտանգության ապահովումն էլ նույն սկզբունքով են կառուցված ու նույն սկզբունքով են գործում՝ պաշտպանվել: Գուցե դա իմաստուն է, բայց՝ վտանգավոր: Մենք պատրաստ ենք քննարկել ուրիշների առաջարկները, համագործակցել նրանց պայմաններով, հարմարվել նրանց պահանջներին, մենք չունեցանք մերի առաջնայնության զգացողությունը: Ցանկացած որոշում ընդունելիս՝ աջ ու ահյակ նայելով, համադրելով, փոխլրացնելով հաջողության չեն հասնում, ընդամենը կարողանում են պահպանվել: Բայց՝ այնքան, որքան թույլ են տալիս:


Իսկ դա չի կարող մեր ճանապարհը լինել: Մեզ խայտառակ պակասում է ազգային խելահեղությունը: Միայն պատերազմի ժամանակ ենք գնում մինչև վերջ, կրակոցները լռում են, մենք վերադառնում ենք համակերպվողի ու հարմարվողի պատյանին: ՈՒ նորից բախվում ենք բոլոր ժամանակների մեջ մեր առաջ ծառացող ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացող հարցին՝ պետականություն չունենք, որովհետև այսպիսի՞ն ենք, թե՞ այսպիսին ենք, որովհետև պետականություն չունենք: Նույնիսկ Հայաստանի երրորդ Հանրապետության քառորդ դարը տոնելուց հետո մենք դեռ այս հարցին չենք պատասխանել, որովհետև այն, ինչ մենք անվանում ենք անկախ պետություն, ցուցափեղկ է՝ դրոշ, օրհներգ, զինանշան, մայրաքաղաք, խորհրդարան, ՄԱԿ, միջազգային կառույցներում պատվիրակություններ ու արտաքին հայտանիշներ՝ ձև, իսկ ցուցափեղկից ներս բովանդակության բացակայությունը չենք ուզում տեսնել: Քաղաքացու ինքնագիտակցության, սիրո ու պատասխանատվության չգոյությունը չենք ուզում տեսնել: Անկախության սերնդի՞ վրա հույս դնել, բայց նրանք մեծացել են խեղաթյուրված արժեքների մթնոլորտում, ու ինչքա՞ն ժամանակ է պետք, որ իրենց արժեքներին հասնեն: Բոլոր ժողովուրդներն են անցել անկախության կայացման փուլերով, սեփական հեծանիվը հնարելով ու հետիոտն՝ նախքան արագընթաց մեքենաներին հասնելը: Բայց դա մխիթարություն չէ, ոչ էլ արդարացում: Կա մի կետ, որտեղից կամ անդունդն ես գլորվում, կամ շրջադարձ ես անում: Պարզապես այդ կետը նյութական ու տեսանելի չէ: Անվանեք հենման կետ կամ վերջակետ: Որը կընտրեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Տոնական չստացվեց: Պիտի գրեի հաղթանակների ու հերոսների մասին՝ պատմական ու հավերժական: Չստացվեց: Գուցե այն պատճառով, որ յուրաքանչյուր տոն ամփոփումի ու հանրագումարի մաս ունի իր մեջ: Գուցե այն պատճառով, որ այս մի տոնը Եռաբլուր է տանում: Գուցե առանց պատճառի: Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է խոտը ճեղքում ասֆալտը ու արևերես դուրս գալիս: Վստահ եղեք՝ վատորակ ասֆալտը չէ պատճառը, ոչ էլ ձյան ու անձրևի բացած ճեղքը, պարզապես եթե խոտին արև է պետք, ոչ մի ասֆալտ նրան չի ստիպի իր ցանկությունից հրաժարվել: Միշտ չէ, որ լավագույն սևահողն է տալիս անհրաժեշտ բերքը: Անապատում ու ավազի վրա էլ կարող է պետություն ծաղկել, եթե տարբերում ես անհրաժեշտությունը հնարավորությունից, անխուսափելիությունը նպատակահարմարությունից: Եթե ոչ թե չարածիդ բացատրություններ ես որոնում, այլ անելու տարբերակներ:

Աշխարհում դու ունես երկու ոտք, երկու ձեռք, մի սիրտ ու մի գլուխ՝ մնացածը հարակից օգնական ու խանգարիչ հանգամանքներ են, գնա ու շուրջբոլորդ մի նայիր: Ճանապարհը հարթում են այդպես: Հաղթանակի քայլերգերը հետո կգրվեն: Կգտնվեն նույնիսկ հաղթության դրոշ պարզողները, բայց նախ պետք է դուռը բացել ու ներս մտնել Անկախության տուն: Բարի գալուստ:

Դիտվել է՝ 1372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ