Երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդեց, որ Ֆիզուլի-Խոջավենդ ուղղությամբ հարված է հասցվել Հայաստանի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «ОСА» համակարգին՝ պատրվակելով, որ իբր հայկական կողմը ցանկացել է ընդլայնել վերահսկողությունը օդային տարածքում 45 կիլոմետր շրջագծով, անմիջապես հարց ծագեց այդ գործողության պատճառների մասին:
Նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները բազմանշանակ հայտարարություններ էին փոխանակել: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, իսկ հետո՞: «Եթե անհրաժեշտ լինի, հնարավոր է և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների հանդիպում»: Նա նաև կարևոր ճշտում էր արել. «Բանակցություններն այլընտրանք չունեն, պետք է շարունակվեն»: Այդ ազդանշանին ինքնատիպ ու բազմանշանակ արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Հետևելով Մոսկվայում (ապրիլի 28-ին) երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպման տրամաբանությանը, ես տպավորություն ունեմ, որ զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն կամ տարածքները խաղաղության դիմաց հնարավոր է: Դա է վերջին 12 տարիների ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունը: Բայց դիվանագիտության մեջ գոյություն չունեն բանակցություններ հանուն բանակցությունների: Արդեն բոլորին պարզ է, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Այսինքն՝ ստեղծվում է տպավորություն, որ ապրիլի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ինչ-որ չբարձրաձայնված համաձայնություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Նալբանդյանն ու Մամեդյարովը զեկուցել են իրենց նախագահներին և Հայաստանի նախարարը հետագա քայլերի հրահանգ է ստացել: Բայց հենց այդ պահին Բաքուն հարված է հասցնում «ОСА» զենիթահրթիռային համակարգին, որը եթե չի տապալի, նկատելիորեն կբարդացնի հետագա դիվանագիտական երկխոսությունը Բաքվի ու Երևանի միջև:
Փաստացի դա կդժվարացնի և Մինսկի խմբի գործունեությունը, որը նախօրեին հայտարարեց. «Մեր աշխատանքն է ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա երկու կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Այդպիսի վստահության հասնել հեշտ չէ: Շատ պատճառներով: Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայտնվեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որ նախատեսում են կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության համակարգերի տեղակայում և միջազգային դիտորդերի ներկայություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կողմերին խստորեն պարտավորեցրին պահպանել 1994-ի հրադադարի համաձանագրի պայմանները, որի տակ Բաքվի, Երևանի, Ստեփանակերտի ստորագրություններն են: Բաքուն հրաժարվեց ստորագրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, իսկ 1994-ի համաձայնագիրը հայտարարեց փաստաթուղթ, որ ունի «ջենթլմենական համաձայնության» կարգավիճակ, որն արդեն կորցրել է «իրավաբանական ուժը»: Դա էր ասում, մասնավորապես, Vesti. Az պորտալին տված հարցազրույցում Բաքվի քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն: Նրա խոսքով՝ «Այդ պայմանագիրը, որը ստորագրվել է Բիշքեկի արձանագրությանը հղումով, վաղուց արդեն չի համապատասխանում Ադրբեջանի շահերին»: Գուցե, բայց դա չի նշանակում, որ Բաքուն իրավունք ունի բանակցային գործընթացի ձևաչափում դուրս գալ իրավական դաշտի սահմաններից: Իսկ եթե գործում է կամ գործելու է այդ ուղղությամբ, միջազգային հանրությունը՝ բացասական հետևանքները չեզոքացնելու համար պետք է օգտագործի համապատասխան իրավական և այլ մեխանիզմներ: Հասկանալի է, որ Ադրբեջանը նյարդայնանում է, որ չի ստանում միջազգային հանրության աջակցությունը, որը չի ընդունում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառների ու բնույթի իրեն առաջարկված վարկածը, որ չեն կատարվում իր կանխատեսումները Ստեփանակերտի պետական իրավազորության վերաբերյալ:
Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մայրաքաղաքը Շուշի տեղափոխել, որտեղ են փոխադրվել մշակույթի նախարարությունը և մի քանի գերատեսչություններ, բացառված չէ, որ շուտով այնտեղ կտեղափոխվի և խորհրդարանը: Ավելին՝ Foreign Policy-ը վերջերս գրեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կդադարեցնի ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, շարունակելով տրամադրել Հայաստանին, թեպետ որոշ չափով կրճատված, և Լեռնային Ղարաբաղին: Խնդիրը չափը չէ, այլ՝ խորհուրդը՝ հրաժարումը Բաքվին ու Երևանին պարիտետային վերաբերմունքից: Վերջապես՝ հենց Վաշինգտոնը սկսեց նախազգուշացնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վերաբերյալ: Բավական է հիշել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոուտսի զեկույցը Կոնգրեսի հանձնաժողովում: Քոուտսը հաստատում էր, որ «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը 2017-ին պահպանվում է», բացատրելով դա նախ և առաջ «շարունակվող տնտեսական խնդիրներով Ադրբեջանում, որ, հավանաբար, կստեղծեն բարդություններ գործող վարչակարգի համար»: Ազգային հետախուզության տնօրենն արձանագրում էր միաժամանակ, որ «ինչ-որ արտաքին ուժերի փորձեր չկան՝ խորացնելու հայ-ադրբեջանական առճակատումը»: ՈՒրեմն՝ ի՞նչ է կատարվում: Գուցե Ադրբեջանի զինվորականները հայկական զենիթահրթիռային համալիրին իրենց հարվածով որոշել են տապալել Ադրբեջանի ԱԳՆ-ի ձգտումը ինչ-որ պայմանավորվածության հասնել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում՝ գտնելով, որ հասել է ուժային սցենարի կիրառման պահը՝ հաշվարկելով, որ ուժերի ռազմական հավասարակշռությունը Բաքվի օգտին է:
Գուցե, ի վերջո՝ 2016-ի ապրիլյան պատերազմն էլ բազում գաղտնիքներ ունի: Գերմանացի քաղաքագետ և Կովկասի հարցերով փորձագետ ՈՒվե Հալբախը զգուշացնում է` «վերջին անգամ էլ Ադրբեջանն ուներ ռազմական առավելություն, բայց, միևնույն է, ակնկալած հաջողություններին չհասավ»: Գլխավորը հիմա Բաքվին ստիպելն է, որ դադարեցնի ռազմական սպառնալիքները և Ստեփանակերտի մասնակցությամբ բանակցային ձևաչափն ընդունի, նախապատրաստի փոխզիջումային լուծումներ, առանց որոնց հնարավոր չէ առաջ շարժվել: Բայց կարո՞ղ է ու կցանկանա՞ Ադրբեջանը նման սցենարն ընդունել: Միջանկյալ լիցքաթափման ժամանակն է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Բաքվի զինվորականները չե՞ն ուզում տարածքների վերադարձ, եթե իրոք «Դա է վերջին 12 տարիների ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունը»՝ ինչպես հայտարարում է Էլմար Մամեդյարովը, թե՞ չեն հավատում իրենց նախարարին: Եթե նրանք գործել են առանց գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնության՝ ինքնագլուխ, ինչո՞ւ չեն պատժվել: Ինչ-որ չի ստացվում մեղքը զինվորականների ռազմատենչության վրա բարդելը: Գուցե պարզապես Մամեդյարովն է փոխում «բանակցային գործընթացի տրամաբանությունը», իսկ զինվորականներին հրամայված է նրան «օգնել»: Հայկական դիվանագիտությունը նորից լռեց՝ միջադեպը մեկնաբանելը թողնելով պաշտպանության նախարարության վրա: Իսկապես կան գաղտնիքներ, որ պտտվում են տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ