Գուցե կա ճշմարտության հատիկ Փարիզի խոսքուզրույցում, որ Էմանուել Մակրոնը ուզում է մարմնավորել Շառլ դը Գոլի ոգին՝ գրում է The Wall Street Journal-ը: Ֆրանսիայի նախագահը Վերսալում ընդունեց Ռուսաստանի նախագահին ու հրապարակավ քննադատեց նրան: Հանդիպման ժամանակ նյարդային նոտաներով Մակրոնը քննադատեց ռուսական RT-ն ու Sputink-ը, որ իրենց դրսևորում են իբրև «ազդեցության ու քարոզչության գործակալներ, ընդ որում՝ ստի քարոզչության»: Մակրոնը զգուշացրեց, որ «քիմիական զենքի ցանկացած կիրառում Ռուսաստանի հովանավորությունը վայելող Բաշար Ասադի կողմից» կարմիր գծի հատում է: Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ ռազմական միջոցների դիմելու պատրաստակամությունը՝ Մակրոնի նախազգուշացումը Մոսկվային առավել է մեկուսացնում Սիրիայում մեծ տերությունների շրջապատում: Մակրոնի տեսակետները Ռուսաստանի վերաբերյալ ամբողջ խորքով շարունակում են անհանգստացնել, հատկապես երբ խոսքը ՈՒկրաինայի մասին է:
Մակրոնն ասում է, որ ցանկանում է վերսկսել խաղաղ բանակցությունները, բայց Կրեմլը տարիներով դիվանագիտական գործընթացն օգտագործում է ձեռք բերված տարածքների կոնսոլիդացիայի և առաջ շարժվելու համար, երբ Արևմուտքի ուշադրությունը շեղվում էր: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության «վերբեռնման» առումով Մակրոնի տեսակետները մեծ առաջընթաց են Օբամայի վարչակարգի կարմիր կոճակի հնարքների հետ համեմատած: Հուսանք, որ Մակրոնը հետագայում էլ կպնդի, որ պատժամիջոցների թեթևացումը պայմանավորված է ՈՒկրաինայի օկուպացված տարածքներից ռուսական մարիոնետների դուրսբերումով: Քանի դեռ նա կզբաղվի դրանով, Ֆրանսիան կարող է դիտարկել Կիևը պաշտպանական զենքով զինելու հնարավորությունը, որ մեծացնի ռուսական ագրեսիայի գինը: Շառլ դը Գոլը հավանություն կտար:
The Wall Street Journal
Հ.Գ. Մինչ ԱՄՆ-ում ուզում են Մակրոնի մեջ Շառլ դը Գոլ գտնել, բրիտանական The Guardian-ը գրում է՝ երբ Պետրոս Մեծը 1717-ին Ֆրանսիա ժամանեց, Լյուդովիկոս XV ընդամենը յոթ տարեկան էր: Հանդիպման ժամանակ ցարը գրկեց մանուկ արքային ու բարձրացրեց, որ ամբողջ հոգով համբուրի՝ շոկի մատնելով պալատական արարողակարգի պահապան շքախմբերին: Նրա այցի 300-ամյակը նշանավորող ցուցահանդեսը պաշտոնական առիթ դարձավ 39-ամյա Էմանուել Մակրոնի ու 64-ամյա Վլադիմիր Պուտինի հանդիպման համար Վերսալում, բայց այդքան էնտուզիազմ չկար: Ֆրանսիայի նորընտիր նախագահի համար հանդիպումը ևս մեկ փորձություն էր միջազգային ասպարեզում: Մակրոնը թփթփացրեց Պուտինի ուսին՝ ի տարբերություն Դոնալդ Թրամփի հետ լարված ձեռքսեղմումի, բայց ցույց տվեց, որ թույլ մրցակից չի լինելու: Մակրոնը բարձրացրեց Չեչնիայում գեյերի իրավունքների, Ռուսաստանում ՀԿ-ների վիճակի հարցերը, ԻՊ-ի դեմ պայքարի պատրաստակամություն հայտնեց, բայց կտրականապես դատապարտեց քիմզենքի կիրառումը: Նա նաև հրապարակավ Russia Today-ն ու Sputnik-ն անվանեց «քարոզչության գործակալներ»: Լավ է, որ ճնշման ու խրախուսման ճիշտ համադրումը ներկա ցարին ներկայացվեց պատանեկան կուրաժով:
Իսկ եթե Էմանուել Մակրոնը կուրաժից անցնի գործնականի՝ թե ԱՄՆ-ը, թե Մեծ Բրիտանիան կսկսեն Ֆրանսիայի մեջ մրցակից տեսնել: Գուցե պատահաբար չէր ներկա ցարը Տրիանոնում երկար կանգ առել Նապոլեոնի՝ Ռուսաստանից անփառունակ հեռանալը պատկերող կտավի առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ