Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես անձամբ կգամ ձեզ մոտ»

«Ես անձամբ կգամ ձեզ մոտ»
16.06.2017 | 08:58

15-րդ անգամ հունիսի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանեց հարցերին՝ 4 ժամում 70 հարցի: Այս անգամ ուղիղ եթերի առանցք դարձան անբարեխիղճ պաշտոնյաները: Մի քանի անգամ ՌԴ նախագահը ստիպված էր բացատրել, որ պետությունը կատարել է իր պարտավորությունները, իրենցը չեն կատարում պաշտոնյաները տեղերում: Իժևսկից իրեն ուղղված հարցին պատասխանելիս նա նույնիսկ ասաց՝ «Ես անձամբ կգամ ձեզ մոտ, տեսնեմ՝ ինչ է կատարվում»: Թեպետ տարածված է տեսակետը, որ ամենամյա ուղիղ եթերներով ՌԴ նախագահը լուծում է երկրի ներսում իմիջի ամրապնդման և արտաքին քաղաքական մեսիջներ ուղարկելու հարցերը, բայց նա պետության միակ ղեկավարն է աշխարհում, որ մի քանի ժամ շարունակ պատասխանում է հարցերի, ու դա, ինչ նպատակով էլ լինի, ինչպես էլ կազմակերպվի, արժանի է հարգանքի: Այս անգամ ևս ՌԴ նախագահը ուղիղ եթերը սկսեց տնտեսական ալիքի վրա՝ ավարտվե՞լ է տնտեսական ճգնաժամը հարցից: Նա կուզեր դրական պատասխանել հարցին, բայց օբյեկտիվ տվյալները վկայում են, որ միայն հաղթահարված է ռեցեսիան, տնտեսությունը աճի մակարդակի է հասել: Պուտինը հատուկ ընդգծեց, որ վերջին տարիներին կենսամակարդակի անկում կա, մեծացել է աղքատությունը: Նա նորից շեշտեց, որ տնտեսության կառուցվածքն է պետք փոխել, բողոքեց աշխատանքի ցածր արտադրողականությունից, որը բարձրացնելու դեպքում կլինեն և նոր աշխատատեղեր, և եկամուտները կմեծանան:


Անդրադարձ եղավ և պատժամիջոցների հարցին: ՌԴ նախագահը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող նոր պատժամիջոցների որևէ հիմք չկա, Արևմուտքը պարզապես փորձում է կասեցնել Ռուսաստանին: Նրա գնահատականով՝ Ղրիմը չլիներ, այլ պատրվակ կհնարվեր պատժամիջոցների համար: «Գլոբուսի որ կետին էլ մատդ դնես՝ ԱՄՆ-ը շահեր ունի»՝ բանաձևեց ՌԴ նախագահը: Արտաքին քաղաքական այլ անդրադարձներ համարյա չեղան: Չորս ժամ տևած հարցուպատասխանի մեջ բացահայտորեն գերակշռում էին կենցաղային խնդիրները՝ մարդկանց եզակի հնարավորություն էր տրվել անձամբ դիմել նախագահին, որ միանշանակ իրենց խնդրի լուծում է նշանակում, բայց բոլոր այդ խնդիրները այնքան փոքր էին՝ նախագահի մակարդակով լուծման համար, որ շատ տխուր եզրակացության են բերում տեղական իշխանությունների աշխատանքի որակի մասին: Դատելով նախագահի պատասխաններից՝ Մոսկվան հատկացնում է ֆինանսները, իսկ տեղում այդ գումարները անհետանում են, և ոչ ոք պատասխանատու չէ թոշակառուին չհատկացված դեղի, հրդեհներից տունը կորցրածներին բնակարանով ապահովելու, հիվանդանոցից զրկված քաղաքի բնակիչներին բուժսպասարկումով, քանդված ու չնորոգվող ճանապարհների, աղբանոցների կողքին կառուցված շենքերի ու բնակիչների առողջության համար: ՈՒ բոլոր հարցերը կարող է լուծել միայն նախագահը: Հարց եղավ և բողոքի ցույցերի մասին:

«Ռուսական իշխանությունները պատրաստ են շփվել բոլորի հետ, ովքեր նպատակ ունեն բարելավել մարդկանց կյանքը, այդ թվում՝ ընդդիմության»,- ասաց Պուտինը: Նրա կարծիքով՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ «դժվարություններն օգտագործում են սեփական քաղաքական փիարի համար»: Նա ընդդիմությանը համեմատեց բնակկոմունալտնտեսությունը ղեկավարող ընկերությունների հետ, որ զբաղվում են դրամական հոսքերի վերաբաշխմամբ: «Պետք է ոչ թե սպեկուլյացիա անել, այլ լուծումներ առաջարկել: Այդպիսի մարդիկ կարող են իշխանության հետ երկխոսել»,-՝ եզրափակեց նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Ո՞Ւմ եք տեսնում Ձեզնից հետո» հարցին ՌԴ նախագահը պատասխանեց. «Ես դեռ աշխատում եմ: Այդ հարցին պիտի պատասխանի Ռուսաստանի ժողովուրդը»: Սա փաստացի նշանակում էր, որ նա ՌԴ նախագահը կլինի մինչև 2024-ը:

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ