Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայկական դավոսիկը

Հայկական դավոսիկը
20.06.2017 | 08:35

Նախքան Հայաստանի կուսակցություններին Ստեփանակերտում համաժողովի հրավիրելը ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովին կից փորձում էր ստեղծել փորձագետների ու վերլուծաբանների հարթակ ու պաթոսով հայտարարում էր, որ ձևավորում է «հայկական քաղաքական Դավոս»:

Եթե Ստեփանակերտում հրավիրված համաժողովն էլ այդ շրջագծում էր, քաղաքական Դավոսը ստացվեց դավոսիկ՝ դատելով համաժողովի ընդունած հայտարարությունից: Գուցե իրականում հնչել են շատ կարևոր ու հետաքրքիր ելույթներ, պարզաբանվել են նույնքան կարևոր հարցեր, հայտարարությունը, սակայն, ստացվել է հույժ պաշտոնական-պետական փաստաթուղթ, որի լինել-չլինելուց ոչինչ չի փոխվում: Իսկ պարտավոր էր՝ առավել ևս, որ այս համաժողովի կազմակերպիչը ՀՀԿ-ից բացի՝ Արցախի ԱԺ-ն էր ու այդ օրերին Ստեփանակերտում էր Հայաստանի ԱԺ նախագահը: ՈՒ հենց այդ օրերին շփման գծում հրադադարի խախտման պատճառով հայկական կողմը չորս զինվոր կորցրեց: Չորս զինվոր:


2017-ի հունիսի 16-18-ին Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցները, ասես, սոցիալիստական պարտավորություն էին ստանձնել՝ արձանագրելու ու թվարկելու: Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը: Կարևորելու քաղաքական համակարգերի կատարելագործումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը, քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը, հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում և այլն, և այլն, և այլն, որոշեցին խստիվ դատապարտել Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով և իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունը դնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Իհարկե, նրանք քաղաքական բացառիկ խիզախություն են դրսևորել՝ վերահաստատելով իրենց համոզմունքը, որ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը»: Ընդունեք, որ դեֆակտո ու դեյուրե իրավիճակների համընկնում շատ հազվադեպ է լինում, առավել ևս՝ դրա ընկալում ու բարձրաձայնում: Խիզախության երկրորդ աստիճանն էլ նվաճվել է՝ կուսակցությունները կարևորել են «ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը»: Մնացածը ամեն օր կարող եք կարդալ ԱԳՆ-ի կամ պետական այլ կառույցների հաղորդագրություններում:


Ինչո՞վ բացատրել քաղաքական կուսակցությունների համեստությունը:
Կրկնում եմ՝ այն օրերին, երբ Ադրբեջանը շփման գծում չորս զինվոր էր սպանել: Առավել ևս, երբ հունիսի 19-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում պիտի հանդիպեին Ադրբեջանի նախագահին և հատկապես կարևոր էր այդ հանդիպումից առաջ լսելի դարձնել հայկական կուսակցությունների խոսքը, բայց խոսք չեղավ, եղավ ձայն, որ ընդամենը պատճենեց ԱԳՆ-ին: Իսկ ԵԱՀԿ ՄԽ երեկվա հայտարարությունը տարածաշրջանային այցի արդյունքներով դա հաստատեց՝ նրանք վերադառնում են ելման դրություն, երբ համարժեք չէին իրենց գնահատականներն ու իրականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ի՞նչ: Ի՞նչ պիտի ասեին կուսակցությունները, որ չեն ասել:
1. Արձանագրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդուլ ջանքերը ու շնորհակալություն հայտնելով՝ պիտի պահանջեին հետևողականություն իրենց միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: Եթե կողմերից մեկը հրաժարվում է, ոչ թե պիտի սկսվի դիվանագիտական տեղապտույտ, այլ հնչեն հասցեական հայտարարություններ և ձեռնարկվեն պատժամիջոցներ: Եթե ՀՀ ԱԳՆ-ն դա չի կարող ասել, հայկական կուսակցությունները կարող են:
2. Պիտի նշվեր, որ հակառակ պարագայում՝ պահպանելով պարիտետային սկզբունքը՝ Մինսկի խումբը դառնում է Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերաբար խախտումների խրախուսող:
3. Ի՞նչ եղավ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական դաշինքը: Բանակցային գործընթացին խանգարող հանգամանք դա չի կարող լինել, փոխարենը կարող է դառնալ բանակցային գործընթացի բովանդակային մաս: Քաղաքական կուսակցությունները բոլորը հավատացա՞ծ են, որ դա վերջին փամփուշտն է:
4. Կուսակցությունները, որ պարտավոր չեն ԼՂ հիմնահարցով զբաղվել, բայց իրենց համարում են երկրի քաղաքական կյանքի մաս և արձանագրում են պետականության հարցում կուսակցությունների բացառիկ դերը, ինչո՞ւ ԱԳՆ-ի առաջ խնդիր չեն դնում հրաժարվել պաշտպանական մարտավարությունից արտաքին քաղաքականության մեջ: Ոչ թե Հայաստանը պիտի պատասխանի Բաքվից հնչող տարատեսակ հայտարարություններին՝ հերքելով ու մեղադրելով, այլ Բաքվին պիտի ստիպի բացատրել ու փոխվել: ՈՒ պետք չէ ամեն ինչ կապել պատերազմի հավանականության հետ, պետք չէ ամեն ինչից վախենալ՝ ապրիլի քառօրյան ցույց տվեց, որ Բաքվին պատրվակ կամ պատճառ պետք չէ, եթե ուզում է՝ կրակում է:
5. Գուցե Հայաստանը հենց այս արտաքին քաղաքականությունն է վարում, որովհետև երկրում պահանջարկ չկա և չկա պատասխանատվության ընկալում՝ քաղաքական ուժերը, հասարակությունը ինքնակամ խնդիրը հանձնել են իշխանության տնօրինությանը՝ իրենց վերապահելով պարբերաբար քննադատելու, մեկ-մեկ էլ մեկնաբանելու իրավունք: Այդպես կարող է վարվել տոտալիտար Ադրբեջանը, իսկ Հայաստանում, ասում են, ժողովրդավարություն է:
6. Քաղաքական ուժերին է տրված քաղաքական օրակարգ ձևավորելու իրավունքը, իրականում նրանք այդ իրավունքը հանձնել են ՀՀԿ-ին, որ լինելով իշխանություն, արտահայտում է միայն իշխանական տեսակետը և դուրս են մնում ժողովրդին հետաքրքրող բուն խնդիրները: Այդպես է ստեղծվում մակերեսային պատկերացում Արցախի հարցի ու հարցի լուծման տարբերակների ու հետևանքների մասին:
7. Խորհրդարանական դիվանագիտության դերը ինչո՞ւ է անտեսվում, պատգամավորները կարող են ու պարտավոր են շփումների հարթակ ստեղծել, թե՞ չեն կարող: Պատերազմը հավերժ չէ, ո՞վ պիտի բարձրաձայնի այսօր թշնամի, բայց հարևան երկրների հասարակությունների շփման հնարավորությունների ստեղծման մասին՝ քայլ առ քայլ, խումբ առ խումբ, հանդիպում առ հանդիպում:
Իսկ գուցե չափազանցված են սպասումները Հայաստանի քաղաքական ուժերից ու նրանք չեն էլ համարում, որ ունեն նման պարտավորություններ ու հնարավորություններ: Խորհրդարանում ու խորհրդարանից դուրս: Բայց խնդիրները սկսում են լուծվել, երբ ձևակերպվում են: Եվ կան լուծման նախադրյալներ:

Դիտվել է՝ 4861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ