Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհին և նրա խորհրդավոր գլխարկը

Մեծ Բրիտանիայի թագուհին և նրա խորհրդավոր գլխարկը
23.06.2017 | 12:00

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II ավանդույթի համաձայն՝ ելույթ է ունենում նոր խորհրդարանի առաջին նիստում՝ հրապարակելով առաջիկա երկու տարում կառավարության օրենսդրական ծրագրերը: Այդ ելույթը նրա համար պատրաստում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Համայնքների պալատում բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցության նախընտրական ծրագրերը: Այս անգամ խորհրդարանում նման կուսակցություն չկա: Պահպանողականների կուսակցությունը Թերեզա Մեյի գլխավորությամբ գլխավոր հարցերում՝ վստահություն կառավարությանը, բյուջե և օրենսդրական ծրագրի հավանություն, ակնկալում է հյուսիսիռլանդական դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությունը: Երկու կուսակցությունների բանակցությունները դեռ չեն ավարտվել, որ Թերեզա Մեյին ու նրա ծրագրերը պահում է անորոշության մեջ: Առաջարկված 27 օրինագծերից ութը վերաբերում են բրեկզիտին և նրա հետևանքներին արդյունաբերության առանցքային ոլորտներում:

Եվրոպական նորմերը Բրիտանիայի ազգային օրենսդրության մեջ փոխարկելուց բացի առաջարկվում են միջոցառումներ առևտրի, միգրացիայի, ձկնորսութան, միջուկային անվտանգության, գյուղատնտեսության և պատժամիջոցային քաղաքականության մեջ: Ապագա օրենքների ցանկը նկատելիորեն կրճատվել է, որովհետև արտահերթ ընտրություններում Տորիները կորցրին խորհրդարանական մեծամասնությունը: Մասնավորապես՝ հանվել են հարուստ թոշակառուների համար ձմեռային ջեռուցման լրավճարները բեկանելու և կենսաթոշակների ամենամյա ինդեքսացիայից կառավարական երաշխիքները վերանայելու առաջարկները: Փոխարենն արվել են նոր առաջարկներ՝ ներառյալ էներգատուրքերի վերին շեմի մասհանում և սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումը: Բրեկզիտին չվերաբերող օրինագծերից են՝ HS2 արագընթաց երկաթուղագծի շինարարության, անհատական տեղեկատվության պաշտպանվածության, «մոռացության իրավունքի», զինված ուժերի մասին օրենքների նախագծերը:


Խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումը և թագուհու մուտքը տպավորիչ արարողություն է, որ կատարվում է XVI դարից: Թագուհին կառքով մեկնում է Բուքինգհեմյան պալատից և հանդիսավոր մուտք է գործում Լորդերի պալատ, որտեղ ընթերցում է կառավարության նախապատրաստած ելույթը: Թագուհին Վեստմինստեր եկավ արքայազն Չառլզի ուղեկցությամբ, ոչ թե ամուսնու՝ Էդինբուրգի հերցոգի, որովհետև հերցոգ Ֆիլիպը հիվանդանոցում էր: Նա ժամանեց ոչ թե ոսկեզօծ կառքով, այլ ավտոմեքենայով: Չեղավ և շքախմբով մուտք Լորդերի պալատ, Ելիզավետա II-ն արքայական հանդերձանքով չէր, այլ առօրյա հագուստով: Նրա թագը խորհրդարան բերվեց առանձին: 1974-ից սա առաջին կրճատված արարողությունն էր, որի որոշումն ընդունվեց երկու պատճառով՝ ընտրություններն արտահերթ էին և արարողության փորձերը համընկնում էին դրոշի դուրս բերման արարողության փորձերի հետ, որ անցյալ շաբաթ էին:
Ծրագրվում էր, որ արարողությունը խորհրդարանում պետք է դառնա Թերեզա Մեյի քաղաքական թագադրումը, սակայն թագուհու խոսքը հաստատեց, որ վարչապետի աստղային ժամն անցյալում մնաց: Վիթխարի փոփոխությունների վարչապետի հավակնոտ ծրագրերը ձախողվեցին, երբ նրա կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը: Յուրաքանչյուրն էլ գիտակցում է այն բարդությունները, որոնց բախվել է կառավարությունը:

Բրեկզիտի ութ օրենքները՝ մաքսային սահմանների մասին, գյուղատնտեսության, ձկնորսության, միգրացիայի և այլն, նվազագույնը պահանջում են այն համակարգերի վերաձևավորում, որ տասնամյակներով գործել են: Յուրաքանչյուր օրինագիծ պահանջում է ծայրահեղ ճշգրտություն, երբ կառավարությունը չունի մեծամասնություն, իսկ լեյբորիստական կուսակցությունը վճռական է տրամադրված արգելակել քաղաքական նախաձեռնությունները՝ գտնելով, որ դա կօգնի իրեն իշխանության վերադառնալ: Նրանք առաջարկում էին թագուհու ելույթի իրենց տարբերակը՝ պնդելով, որ Տորիների ծրագիրը «թույլ և երերուն» կառավարություն է երևան բերում:
ВВС


Հ.Գ. Թագուհու ելույթի և կառավարության ծրագրի վրա չկենտրոնանալով՝ Մեծ Բրիտանիայի սոցիալական ցանցերում բուռն քննարկում հարուցեց թագուհու գլխարկը: Արդեն Թվիթերում ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ գրվում էին մեկնաբանություններ նրա կապույտ և դեղին ծաղիկներով գլխարկի մասին, որ զարմանալի նման էր ԵՄ աստղերով դրոշին: Երեկոյան արդեն 80 հազար թվիթ կար այդ թեմայով: Թագուհու գլխարկն աննկատ չմնաց և Եվրոպայում: Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների ալյանսի նախագահ Գի Վերհոֆստադտը իր Թվիրթերում գրեց. «Ակնհայտ է, որ Եվրամիությունը Բրիտանիայում դեռ ինչ-որ մեկին ոգեշնչում է»։ Բրիտանացիները վստահ են, որ թագուհու հանդերձները շատ ուշադիր են ընտրվում՝ հաշվի առնելով տեսքը և խորհրդանշանները: Եվ դա չի կարող պարզ պատահականություն լինել: Թագուհին շատ խորամիտ է, ի վերջո նա կարող է նաև ասել, որ իր կապույտ գլխարկի ոսկեգույն աստղերը խորհրդանշում են իր թագը, իսկ կապույտը Տորիների կուսակցության գույնն է:

Դիտվել է՝ 4106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ